Կիրակի օրը ողջ հայ ազգը գամված էր հեռուստացույցների առջեւ` անհամբեր սպասելով հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի եւ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի ելույթներին: Երկուսն էլ մեզ մեծ ուրախություն պարգեւեցին: Հռիփսիմեն նվաճեց բրոնզե մեդալ, իսկ Արսենը՝ արծաթե:
Հիշեցնենք, որ պոկում վարժությունում Հռիփսիմեն 128 կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը: Հրում վարժությունում բարձրացրեց 166 կգ եւ երկամարտում հավաքելով 294 կգ՝ գրավեց երրորդ տեղը:
Իսկ հունահռոմեական ըմբշամարտի 74 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Արսեն Ջուլֆալակյանն Էմին Ահմադովին հաղթեց 5:0 հաշվով: Եզրափակիչում էլ Ջուլֆալակյանը 0:1, 0:1 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ռոման Վլասովին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը:
NEWS.am Sport-ի հետ զրույցում Արսենը նշել է, որ ուրախությունը լիարժեք կլիներ, եթե շնորհավորանքները հնչեին ոսկե մեդալ նվաճելու համար. «Տանել չեմ կարողանում, երբ պատվո հարթակին եմ կանգնում, եւ չի հնչում Հայաստանի հիմնը: Մասնավորապես, երբ մեր եռագույնը կախված է լինում: Ավելի դժվար եմ տանում, երբ հնչում է Ռուսաստանի, Թուրքիայի կամ մեկ ուրիշ պետության հիմնը: Մի խոսքով, ոչ մի երկրի հիմնը չեմ սիրում այդ պահին: Սիրում եմ ու ցանկանում եմ լսել միայն Հայաստանի հիմնը: Բայց, չգիտես ինչու, այս վերջին երկու տարիները արծաթների շարք են, ինքս էլ չգիտեմ, թե ինչու է իմ քառամյակն ավելի շատ արծաթային, եւ օլիմպիադան էլ շարունակվեց արծաթով: Հուսամ` ոսկին երկար սպասել չի տա: Գուցե սա է բարին, որ ես դեռ ձգտեմ իմ օլիմպիական ոսկե մեդալին եւ ժամանակից շուտ չավարտեմ սպորտային կարիերաս»:
Հռիփսիմեն էլ է կիսվել իր տպավորություններով՝ ասելով, որ իր ամբողջ կյանքի ընթացքում այսպիսի ուրախություն, այսպիսի ապրումներ չի ունեցել. «Շատ եմ սպասել այս օրվան, մեդալի: 15 տարի մարզվել եմ, բայց այսպիսի հաջողություն չեմ ունեցել: Պարզապես երջանիկ եմ»: Իսկ իր հույզերի մասին նշել է. «Մարմնովս դող էր անցնում: Կարծես ես երազում լինեի: Ինքս ինձ կրկնում էի` արդյոք սա իրականություն է, արդյոք ես օլիմպիական խաղերի մեդալակիր եմ: Այդ բրոնզն ինձ համար ոսկու գին ունի: Նույնիսկ մինչեւ հիմա չեմ հավատում, որ իմ երազանքն իրականացել է: Օլիմպիական պատվո հարթակին հնարավոր չէ զսպել ուրախության արցունքները: Դա աննկարագրելի զգացում է, որն ապրում ես կյանքում երեւի մեկ անգամ: Ես այնքան էի ուրախացել, որ մրցահարթակի հետնամասում, արցունքներս աչքերիս, ուրախությունից գրկել էի մարզչիս եւ պտտեցնում էի նրան»:
Ծանրորդուհին իր հաղթանակը նվիրել է նաեւ հայ ազգին ու իր նշանածին: Հավանաբար նա կամուսնանա այս տարեվերջին, բայց մարզական կարիերան չի ընդհատի. «Ես շարունակելու եմ զբաղվել ծանրամարտով, քանի որ դեռեւս իմ սպորտային կարիերայի գլխավոր նպատակակետին չեմ հասել: Դա օլիմպիական չեմպիոնի կոչումն է, Հայաստանին օլիմպիական ոսկե մեդալ նվիրելը»:
ՄԵՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ