Երեկ Արարատի մարզի Զորակ գյուղի ջրատարի մեջ 74-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել: Armlur.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Մանուկ Մալոյանը հայտնեց, որ տղամարդը 5 տարի է, ինչ բնակություն է հաստատել Զորակում:
Տարեց մարդուն, մեր զրուցակցի փոխանցմամբ, խնամում էր նրա քրոջ 22-ամյա թոռը, ով դեպքից հետո անհետացել է: «Այդ տղան մահացածի քրոջ առաջին ամուսնուց ունեցած աղջկա որդին է: Նրան ուղարկել էին, որ տարեց մարդուն խնամեր, տունը նայեր, եթե գնորդ լիներ, զանգեր, տեղեկացներ, որ գան վաճառեն, դռները փակեն գնան»,- շարունակեց Մանուկ Մալոյանը:
Վերջինիս խոսքից տպավորություն ստեղծվեց, որ ջրամբարում հայտնված տղամարդ և նրան խնամող երիտասարդը հարազատների կողմից ամբողջովին անուշադրության էին մատնվել, նրանք ուղարկվել էին այդ գյուղ բնակարանը հսկելու նպատակով:
Զորակի գյուղապետի փոխանցմամբ` այսօր Երևանից գյուղ են ժամանել մահացած տղամարդու քրոջ դուստրն ու փեսան, ովքեր մայրաքաղաքում են բնակություն հաստատել և առևտրով են զբաղվում: Նրանք գնացել են դիահերձարան և հետ շտապել մահացածի տուն:
«Եկել, հարցրել են` ո՞ւմ մոտ է բանալին: Գյուղապետարանի աշխատակիցներից մեկն ասել է, որ իր մոտ է, նրանք էլ բանալին ձեռքից վերցրել են: Հիմա զարմանում ենք` այսքան տարի հետո հանկարծ հայտնվել են, խեղճ մարդուն թողել են միայնակ ու մահվան օրը հանկարծ հայտնվել: Միանշանակ, նրանց նպատակը միայն բնակարանը վաճառելն է, գումարը վերցնելն ու հեռանալը: Իսկ այդ քոթեջները դժվարությամբ են վաճառվում»,- ասաց Մանուկ Մալոյանը: Վերջինիս նաև զարմացրել է այն հանգամանքը, որ մահացածի հետ ապրող երիտասարդը դեպքից անմիջապես հետո անհետացել է. երեկվանից նրան են փնտրում, սակայն հետքի վրա չեն հայտնվել: Գյուղապետի խոսքով` նա այստեղ որևէ այլ ազգական չունի, գյուղին լավ ծանոթ չէ, իսկ, որ ամենակարևորն է, հոգեպես անառողջ է: Այս հանգամանքը մահացած ծերունու հարևաններին ավելի շատ է անհանգստացնում:
«Երբ իմացել է, որ պապը ջրամբարում է հայտնվել, հարևաններին ասել է, որ գնում է շտապ օգնություն կանչելու: Այն գնալն էր, որ գնաց. մինչև հիմա որևէ նորություն այդ տղայից չունենք: Չենք պատկերացնում` ուր կարող էր գնալ»,- ասաց գյուղապետ Մ. Մալոյանը:
Տեղեկացնենք, որ արտաքին զննությամբ 74-ամյա տղամարդու դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: