ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ «ОПЕРАЦИЯ Ы»-Ի ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ի՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից 6 օր անց, ԲՀԿ-ի դեմ-դեմ սկսված հետապնդումները չեն դադարում:

Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության արդյունքում իրավապահները գործի են անցել եւ «նստել» Գագիկ Ծառուկյանի թիմակիցների «պոչին»:
Իրավապահներն առաջին օպերացիան իրականացրին ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ում, որից հետո հարցաքննեցին նրա որդուն` Արթուր Մանուկյանին, ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծի կասկածանքով: Ցանկանում են կոտրել նրա գլխին, ու թերեւս դրա համար էլ ոստիկանությունում կայացած հարցաքննությունից հետո Արթուր Մանուկյանը հեռացավ Հայաստանից: Այնուհետեւ Վարդան Օսկանյանի որդու` Արա Օսկանյանի մեքենան տուգանային հրապարակ տեղափոխվեց, Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտների թիկնազորը «բեռնաթափվեց»:

Պատգամավորի հյուրանոցն ու մարմնավաճառները
Այն, որ իշխանության հրահանգով սկսված «Операция Ы»-ին այսքանով չէր ավարտվելու, թերեւս պատկերացնելի էր: Եվ այսպես, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ փետրվարի 16-ին՝ ժամը 23.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի եւ Մաշտոցի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող հյուրանոցային համալիրի տարբեր սենյակներից բաժին էին հրավիրել հյուրանոցային համալիր պոռնկությամբ զբաղվելու համար այցելած մարմնավաճառների` 32-ամյա Մարինեին, 41-ամյա Նաիրային, 37-ամյա Հայկուհուն եւ 32-ամյա Սիրանուշին: Նշված հյուրանոցային համալիրը պատկանում է ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին: Վերջինս լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր՝ եթե իշխանությունները ցանկանում էին իրեն ճնշել, ապա ինչ կապ ունեն այդ ամենի հետ իր համալիրի այցելուները: Ուստի այս իրավիճակում տեղին է հիշեցնել պատգամավորին հայտնի խոսքը՝ եթե կա մաճառ, էլ ինչ պատճառ: Ինչեւէ, պատգամավորի հյուրանոցի գործով կատարվում է հետաքննություն:
Երեկ՝ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները շրջափակել եւ մտել էին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տուն, խուզարկություն անցկացրել եւ պահանջել Գասպարյանից, որ որդին՝ Ռոման Գասպարյանը, ներկայանա Երեւանի քննչական վարչություն: Կներկայանա արդյո՞ք պատգամավորի որդին ՀՀ քննչական կոմիտե, Ռուստամ Գասպարյանը պատասխանել էր. «Տղայիցս ձե՞ռ եմ քաշել, որ թողնեմ, գնա»:

Բանը հասավ կառույցների ղեկավարներին
Փետրվարի 16-ին՝ ժամը 21.20-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Գյուրջյան փողոցում գործող սուպերմարկետի մոտից, ապօրինի զենք կրելու եւ պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման էին ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Մամոյանին, որի գոտկատեղից հայտնաբերվել եւ առգրավվել էր «ՍՍՌ ՊԵՌ.ՕՊՈՒԺ.ԷԱԲ ՎՏՈՒԼ 1925» գրառումով ատրճանակ, որի մեջ եղել է 1 փամփուշտ՝ «38» «Ա» գրառումով: Իսկ, ահա, Արթուր Մամոյանը պատահական մարդ չէ, այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավարը: Արթուր Մամոյանի մոտ հայտնաբերված զենքը ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:
Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավարի դեպքում նրա մոտ հայտնաբերված զենքն էր ոստիկանների թիրախում հայտնվելու պատճառը, ապա «Բարգավաճ Հայաստան»-ի՝ Արաբկիր համայնքի ներկայացուցիչ Արման Չատինյանը ոստիկանություն էր բերման ենթարկվել կենցաղային հողի վրա՝ տանը խառնաշփոթ սարքելու պատճառով: Վերջինս փետրվարի 16-ին ալկոհոլ օգտագործած վիճակում կոտրել էր տան հեռուստացույցը, ծաղկամանները, տան մյուս իրերը՝ զգալի նյութական վնաս պատճառելով հարազատներին, ինչի առիթով վերջինիս կինը՝ Անահիտ Չատինյանը, զանգահարել էր ոստիկանություն: Ալկոհոլ օգտագործած Արման Չատինյանը խումհարից դուրս է եկել բաժանմունքում:
Բաժին բերման էին ենթարկվել նաեւ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի ԲՀԿ-ական մի քանի ակտիվիստներ:
Տպավորությունն այնպիսին էր, որ ԲՀԿ-ականների ձերբակալությունների շարքը կանգ կառներ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը հանդիպեցին, եւ առկա լարվածությունը քիչ թե շատ կոտրվեց, սակայն երեկ երեկոյան՝ ժամը 21:45-ի սահմաններում, իրավիճակը թեժ էր Աջափնյակ համայնքի ԲՀԿ տարածքային կառույցում: Մի խումբ ԲՀԿ-ականներ բերման էին ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանն ասաց, որ ահազանգ է եղել ոստիկանություն, թե ԲՀԿ-ի շտաբում կռիվ է.«Այստեղ նորմալ աշխատանքային ընթացք է եղել: Շտաբում նույնիսկ կանայք են եղել, եւ եկել, միայն տղամարդկանց են տարել: Կրկնում եմ՝ որեւէ վիճաբանություն չի եղել»: Ըստ պատգամավորի՝ կատարվածը քաղաքական լարված իրավիճակի արդյունքն է, եւ այլ բան չկա:
Ըստ երեւույթին, դեռ պայմանավորվելու բաներ կան, դրա համար էլ ուժային ճնշումները շարունակվեցին:

 

 

 

 

ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ԴԱՏԱՐԱՆ

Վայոց Ձորի մարզի բնակիչ 25-ամյա Արթուր Կարապետյանը ընկերոջը օգնելու սուտ տեղեկություններ հայտնելու համար հայտնվել է դատարանում: Վերջինս մեղադրվում է սուտ մատնության մեջ:

Կռվի սկիզբը
2012թ. Վայոց Ձորի մարզում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի կիզակետում էին հայտնվել մարզի բնակիչներ Լազարն ու Աշոտը: Ավելին՝ վիճաբանությունն այն աստիճանի էր թեժացել, որ բանը հասել էր դանակահարությանը: Արդյունքում՝ խուլիգանության փաստի առթիվ ոստիկանության Վայոց Ձորի մարզում հարուցվել էր քրեական գործ: Վիճաբանող տղաներից Աշոտի ընկերը՝ Արթուր Կարապետյանը, ոստիկանությունում հայտնել էր, որ ինքը ականատես է եղել, թե ինչպես է Լազարը դանակով հարվածել իր ընկերոջ հորը եւ լինելով վկա՝ երկու անգամ հրավիրվել է ոստիկանություն եւ ցուցմունք տվել, որ ինքը վկա է եղել եւ տեսել, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել: Ինչեւէ, այս գործով ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Հրաչյա Պողոսյանը, ավարտելով գործի նախաքննությունը, այն ուղարկել էր դատարան:

Ոտքի, դատարանն է գալիս
Երբ դատարանում հերթը հասել է այս գործով վկա Արթուր Կարապետյանին, որպեսզի վերջինս պատմի կատարվածը, Արթուրը ոչ ավել, ոչ պակաս դատարանում հայտնել է, որ ինքը տեղյակ չէ վիճաբանությունից եւ նախաքննության ընթացքում որեւէ բան չի ասել: Ավելին՝ դատարանում Արթուրը վստահեցրել է, որ իր ստորագրությունը նմանեցված է, եւ այն, ինչ գրված է ցուցմունքում, իր ձեռագիրը չէ: Ավելի ուշ Արթուրին հրավիրել են ոստիկանություն եւ հայտնել, որ գործը քննող, Վայոց Ձորի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Հրաչյա Պողոսյանը կեղծել է իր նախաքննական ցուցմունքը: Ուստի ստեղծված պատկերը հիմք է դարձել, որպեսզի հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով հարուցվի քրեական գործ` պաշտոնական կեղծիք անցնելը պատժվում է ազատազրկմաբ 5 տարի ժամկետով հատկանիշներով: Արդյունքում՝ ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում մեկ այլ իրավիճակ է ստեղծվում:
Փաստորեն, Արթուր Կարապետյանը խոստովանել է, որ ամեն ինչում մեղավորը ինքն է եւ հայտնել, որ այն, ինչ ասել է նախաքննության ընթացքում, սուտ է ասել, ստորագրությունն իրենն է, ձեռագիրը՝ նույնպես: Իսկ թե ինչու է վերջինս սուտ ցուցմունք տվել, Արթուրը պատճառաբանել է հետեւյալ կերպ՝ թե ցանկացել է օգնել կռվի մեջ հայտնված ընկերոջը:

Փոս փորողն ինքը փոսն ընկավ
ՀՔԾ-ն, հիմք ընդունելով, որ Արթուր Կարապետյանը նախազգուշացված է եղել սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին եւ, այնուամենայնիվ, շրջանցելով օրենքը, կատարել է այդ արարքը, ասել է թե՝ պաշտոնական կեղծիք կատարելու մեջ մեղադրել է Վայոց Ձորի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Հրաչյա Պողոսյանին:
Այսօր 25-ամյա տղային սուտ մատնության համար մեղադրանք է առաջադրվել:
«Ժողովուրդ»-ը ՀՔԾ լրատվական ծառայության ղեկավար Միքայել Ահարոնյանից տեղեկացավ, որ Արթուր Կարապետյանի կողմից ՀԿԳ քննիչ Հրաչյա Պողոսյանի նկատմամբ ակնհայտ սուտ մատնություն կատարելու` 314-րդ հոդ. 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, եւ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 

ԲՀԿ-Ի ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՄԱՐՏԻԿԸ
«Հայտարարում եմ, որ չեմ գտնվել այն վայրում, որտեղ, ըստ շրջանառվող լուրերի, ինձ ծեծել են: Բնական է` առաջ կքաշվեն վարկածներ, կստուգվեն այդ վարկածները, եւ ով կպարզվի, որ հանցագործ է` անկախ նրա քաշից, դիրքից, կուսակցական պատկանելիությունից, կպատժվի»,- երեկ իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ փետրվարի 7-ին դաժան ծեծի ենթարկված ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերում այն վարկածին, որ իրեն առեւանգելու եւ ծեծի ենթարկելու հետքերը գնում են իր կուսակից Աբրահամ Մանուկյանի ուղղությամբ: Այդուհանդերձ, ծեծի ենթարկված ԲՀԿ-ական ակտիվիստը չհերքեց, որ հնարավոր է՝ իր կուսակցի հետքը լինի այդ գործում` միաժամանակ հորդորելով տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները քրեական գործի հետ չխառնել:
Հարցին` արդյոք հնարավո՞ր է համարում գործի բացահայտումը մի իրավիճակում, երբ նախօրեին ճնշումների են ենթարկվել ԲՀԿ այլ անդամներ, մասնավորապես բերման է ենթարկվել Նոր Նորքի ԲՀԿ գրասենյակի ղեկավարը, «Կասեցում» շարժման ակտիվիստը պատասխանեց. «Ցավալի կլինի պարզել, որ իրավապահները չեն ցանկանում բացահայտել գործը, բայց ես դեռ հույսեր ունեմ»:
ԲՀԿ քաղխորհրդի անդամը վերահաստատեց, որ մասնավոր խնդիրներ չի ունեցել եւ կատարվածը կապում է իր հասարակական-քաղաքական գործունեության հետ:
Իսկ քրեական գործի մասին բանախոսն ասաց միայն, որ շատ բաներ գաղտնի են` նախաքննությունից ելնելով, շատ բան էլ իրեն հայտնի չէ, քանի որ դեռ առողջական խնդիրներ ունի եւ զբաղված է դրանք լուծելով:
Խոսելով իր կուսակցական պատկանելիության մասին` Խաչատրյանն ասաց, որ ինքը տարիներ շարունակ ԲՀԿ անդամ է, պատրաստ է կատարել ամենածանր աշխատանքը` սպասարկելու կուսակցության շահերը: «Ես միշտ կանգնած կմնան Գագիկ Ծառուկյան անձնավորության կողքին: Շարունակելու եմ մնալ ԲՀԿ-ի գաղափարական մարտիկ եւ պայքարելու եմ «Շրջանառության հարկի մասին» օրենքի բովանդակությամբ ի հայտ եկող բոլոր օրենքների դեմ»,-շեշտեց Արտակ Խաչատրյանը:
Հիշեցնենք` փետրվարի 7-ին դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ տարել էին «Կասեցում» նախաձեռնության անդամ, «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին: Երեկոյան նրան անգիտակից վիճակում նետել էին իր տան մոտ: Խաչատրյանը տեղափոխվել էր «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, իսկ փետրվարի 16-ին նա հիվանդանոցից դուրս է գրվել: Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արտակ Խաչատրյանին առեւանգելու եւ ծեծի ենթարկելու դեպքի առթիվ:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս