«Դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրին դեմ լինելը նշանակում է դեմ լինել Հայաստանի զարգացմանը, առկա մարտահրավերների հաղթահարմանը»:
Ամեն անգամ, երբ հայ պաշտոնյաներն ինչ-որ ծրագիր են երկնում, սկսում են դեմքի լուրջ արտահայտությամբ ավետել, թե գիտեք, այդ ծրագիրը «աշխարհի փրկության բանաձեւն է», եւ «չուզողություն անելը» մեր երկիրը կտանի կործանման: Ամենեւին էլ չցանկանալով հոռետեսական տրամադրություններ սերմանել, այնուամենայնիվ, չենք կարող չարձանագրել, որ ՀՀ արդարադատության գրեթե բոլոր նախարարները մշտապես խոսել են բարեփոխումների մասին, սակայն դրանից երկրում արդարադատության չափաբաժինը չի ավելացել: Հայրենի դատավորները դարձյալ վճիռներ են կայացրել պատվերով կամ գումարով: Եւ բոլոր ռազմավարական ծրագրերը մնացել են թղթի վրա: