ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՊԱՆԵԼ Է ՓԵՍԱՑՈՒԻՆ
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում հարսնացուն դանակահարել է փեսացուին, ում հետ ժամեր անց պետք է ամուսնանար: Նրանք միասին էին ապրում եւ երեք երեխա ունեին: Նրանց միջեւ վեճ է ծագել, եւ հարսնացուն դանակով հարվածներ է հասցրել փեսացուի սրտին: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամեր անց մահացել է: Հարսնացուի հանդեպ մեղադրանք է հարուցվել    սպանության հոդվածով: Հանգամանքները պարզվում են:

100 ՇԻՇ ԳԱՐԵՋՈՒՐ
Նորվեգիայի հյուսիսում գտնվող Յարֆյորդ գյուղի տներից մեկն արջեր են մտել եւ 100 շիշ գարեջուր խմել: Ինչպես պատմել է տանտերը, գիշերը, երբ իրենք տանը չեն եղել, տուն է մտել մայր արջն իր երեք ձագերի հետ: Արջուկները կերել են տանը եղած ամբողջ քաղցրավենիքը` ներառյալ մեղրն ու շոկոլադի կրեմը, եւ խմել 100 շիշ գարեջուր: Բացի այդ, արջերը ջարդել են մահճակալները, բացել պահարանները եւ պատերից պոկել դարակները:

ՄԱՐԱԹՈՆՅԱՆ ՎԱԶՔ
Օգոստոսի 12-ին Օմսկում կայացած Սիբիրյան մարաթոնյան վազքի ժամանակ 33 մասնակիցներ տեղափոխվել են հիվանդանոց: Մրցումներն անցկացվել են +37 ջերմաստիճանի պայմաններում: Բժշկական օգնություն է ցուցաբերվել 41 մարդու, որոնցից 33-ը վազքի մասնակիցներ են եղել: Մարաթոնյան վազքին մասնակցել է 14 հազար մարդ: Մրցումներում հաղթող է ճանաչվել Բելառուսի ներկայացուցիչ Օլգա Մազուրենոկը: Սիբիրյան մարաթոնը 50 լավագույն մարաթոնների շարքում է: Այս տարի մրցանակային հիմնադրամը կազմել է 1.7 միլիոն եվրո:

4-ՐԴ ՏԵՂՈՒՄ
Աթենքում ընթացող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության 10-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց հնդիկ Դաս Դեբաշիսին, Կարեն Գրիգորյանը պարտության մատնեց դանիացի Մադս Անդերսենին, իսկ Վահե Բաղդասարյանը ոչ-ոքի խաղաց լեհ Մարսել Կանարիկի հետ: 10-րդ տուրից հետո Տեր-Սահակյանն ունի 7.5 միավոր եւ գտնվում է չորրորդ տեղում: Նա մեկ միավոր է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող հունգարացի Ռիչարդ Ռապորտին: Կարեն Գրիգորյանը 7 միավորով 8-րդն է, իսկ Վահե Բաղդասարյանը 6 միավորով զբաղեցնում է 37-րդ տեղը: Աղջիկների մրցաշարում հանդես եկող Շուշաննա Սարգսյանը երեք անընդմեջ հաղթանակ տանելուց հետո պարտվել է ուկրաինուհի Յուլյա Օսմակին: Նա հինգ միավորով 35-րդ տեղում է:

ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է փայլուն ֆուտբոլ ցուցադրել Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում: 5-րդ տուրում «Շախտյոր»-ը սեփական հարկի տակ 4:1 հաշվով առավելության է հասել «Վորսկլա»-ի նկատմամբ, իսկ Մխիթարյանը՝ կրկին դուբլի հեղինակ դարձել: Ներկայում մեր ֆուտբոլիստը 7 գնդակով գլխավորում է ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս