ԲՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ԲՀԿ-ից չի նեղացել իրեն համամասնական ցուցակում չընդգրկելու պատճառով: Բայց եւ հավելեց, որ այս ընթացքում ինքը չի հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ իր “ճակատագիրը” քննարկելու համար:
-Պարո՛ն Բոստանջյան, արդեն որքան ժամանակ է՝ Ձեզ քաղաքական դաշտում չենք տեսնում, ի՞նչ գործունեությամբ եք զբաղված:
-Գիտամանկավարժական գործունեությամբ եմ զբաղված, որը եղել է նաեւ իմ պատգամավորական ողջ գործունեության ընթացքում: Դասավանդում եմ Երեւանի պետական համալսարանում: Էլի տարբեր գործերով եմ զբաղված, որ կապված են գիտամանկավարժական գործունեության հետ, ունեմ բազմաթիվ ասպիրանտներ, ուզում եմ ասել, որ այդ տիրույթում բավականաչափ մեծ է իմ կատարած աշխատանքը:
-Իսկ քաղաքական դաշտում Ձեզ այլեւս չե՞նք տեսնելու:
-Չհայտնվելով համամասնական ցուցակում՝ բնականաբար, այս պահին համարում եմ ինձ քաղաքական դաշտից մեկուսացված: Չնայած տարբեր լրատվամիջոցներից տեղեկանում եմ քաղաքական իրադարձություններին: Եթե լինում են հարցեր, որ կարծում եմ՝ արժե քննարկել, դրանց վերաբերյալ խոսում եմ մամուլում: Թերեւս այսքանով եմ քաղաքական դաշտում:
-Նեղացա՞ծ չեք Ձեր հարազատ կուսակցությունից եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանից, որ Ձեզ “դուրս” թողեց պայքարից, եւ այժմ նման կարգավիճակում եք հայտնվել:
-Բայց ինչի՞ց պետք է նեղանամ, ես նմա՞ն եմ նեղացած մարդու:
-Ձեր վերաբերմունքից, մի կողմ “քաշվելուց” կարելի է ենթադրել, որ Դուք նեղացած եք:
-Ես ինձ այնքան եմ հարգում, որ այդքան փոքր երեւույթից չեմ նեղանում: Ո՛չ, նեղացած չեմ:
-ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը Գյումրիում քաղաքապետի թեկնածություն է առաջադրել, այսինքն՝ ԱԺ-ից “դուրս” է գալու: Հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ն նրա փոխարեն Ձեզ “տանի” ԱԺ:
-Ո՛չ, բացառված է, որովհետեւ մեծամասնական ընտրատարածքում օրենքով սահմանված կարգով դեռ պետք է հայտարարվեն նոր ընտրություններ: Ես մտածում եմ, որ ինձ թույլ չեմ տա մասնակցելու այդ ընտրություններին, ոչ թե նրա համար, որ Գյումրի քաղաքն ինձ համար կարեւոր չէ, այլ ուղղակի ես այդ ժողովրդի համար չեմ հասցրել անել այն, ինչ անհրաժեշտ է անել:
-Իսկ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպել ու քննարկե՞լ եք, թե, ի վերջո, ինչ է լինելու Ձեր “ճակատագիրը”:
-Ո՛չ, չենք հանդիպել, Դուք մտածում եք, որ դա անհրաժե՞շտ է: Ո՛չ, ես հպարտ մարդ եմ: Բացարձակապես: Ես ինչո՞ւ պետք է վիրավորվեմ, ընդհակառակը, գուցե դա ինձ համար ավելի լավ է:
-Այսինքն՝ ոչ մի շփում չունե՞ք Ձեր կուսակցության ղեկավարի ու անդամների հետ:
-Այն մարդկանց հետ, ում հետ ես միշտ եղել եմ ընկերներ, շարունակվում են մեր հարաբերությունները: Իսկ ընդհանրապես այդ շփումները ոչ թե պակասել են, այլ արձակուրդային ժամանակահատված է, եւ այդ շփումները չեն եղել:
-Բայց Հմայակ Հովհաննիսյանը մինչեւ այսօր պայքար է տանում՝ իր մանդատը վայր դնելու հետ կապված, նշում, որ իրեն ստիպել են մանդատը վայր դնել:
-Ես հո Հմայակ Հովհաննիսյա՞նը չեմ, ես Վարդան Բոստանջյանն եմ:
-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր գործընկերների աշխատանքն ԱԺ-ում, ԲՀԿ-ի ա՞յս “թիմն” է հզոր, թե՞ Ձեր նախկին “թիմը”:
-Նրանք չեն հասցրել աշխատել, որ ես նրանց աշխատանքի վերաբերյալ իմ կարծիքն արտահայտեմ, ամենայն հավանականությամբ պետք է ավելի լավը լինի, քան մերն է եղել, որովհետեւ ընտրողներն ավելի շատ ձայներ են տվել, որը նշանակում է՝ պոտենցիալն ավելի մեծ է:
–Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԲՀԿ-ի ներկայիս միակ նպատակը վարչապետի “աթոռին” տիրանալն է: Ի վերջո, ԲՀԿ-ն նման ցանկություն ունի՞, թե՞ ոչ:
-Էլ ի՞նչ քաղաքական ուժ, որ առնվազն նման նպատակներ չունենա, ընդհանրապես իսկական ցանկացած քաղաքական ուժի նման բանը գրավում է: Ես կասեի, որ վարչապետի կամ գործադիրի կողմը նայելու մեջ ոչ մի դատապարտելի բան չկա: Այո՛, նման ցանկություն կա, ու այդտեղ ոչ մի դատապարտելի բան չեմ տեսնում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ