ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՄԱԿ-ԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը կրկին իր թեկնածությունն է առաջադրել սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում: Մարտիրոսյանն այս անգամ առաջադրվել է որպես անկուսակցական: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշեց, որ իր` ՄԱԿ-ից դուրս գալը չի նշանակում, թե ինքը կուսակցության ղեկավարի հետ տարաձայնություններ ունի:
Գ. Մարտիրոսյանն առաջին անգամ Գավառի քաղաքապետ է ընտրվել 2005թ., եւ սա արդեն նրա երրորդ առաջադրումն է: Նախորդ ընտրություններին Մարտիրոսյանը մրցակից չուներ, նրա մեկնաբանմամբ` պատճառն այն էր, որ Գավառում բոլորն իրեն ճանաչում են եւ միայն իրեն են տեսնում քաղաքի ղեկավարի դերում, այդ իսկ պատճառով էլ իր դեմ ոչ ոք թեկնածություն չէր առաջադրել:
Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ իր պաշտոնավարման տարիների ընթացքում շատ ծրագրեր է իրականացրել. «Հիմնական շեշտը դրվել է քաղաքի լուսավորության վրա, արտաքին լուսավորության ցանց է անցկացվել Գավառ քաղաքում, Արծվաքար ու Հացառատ թաղամասերում, ասֆալտապատվել են փողոցներ: Յուրաքանչյուր տարի գարնանային հեղեղումների վտանգին ընդառաջ գնալով եւ կանխատեսելով սպասվող վտանգները` քաղաքապետարանը միջոցներ է հատկացրել Հացառատով եւ Արծվաքարով անցնող Գավառագետի հունի մաքրման աշխատանքների համար, որն առաջնային խնդիրներից մեկն է»:
Գավառի քաղաքապետը հավելեց, որ այս տարիների ընթացքում իրենք մեծ ուշադրություն են դարձրել հատկապես քաղաքում ընթացող շինարարական աշխատանքներին. «Անցած տարիների ընթացքում շահագործման  է հանձնվել Գավառի արվեստի դպրոցի շենքը, հիմնովին վերանորոգվել եւ կահավորվել է քաղաքի գրադարանը, մանկապատանեկան կենտրոնը, կառուցվել է թիվ 4 մանկապարտեզի ճաշարանի մասնաշենքը»: Մեր զրուցակիցը նշեց, որ դեռեւս կիսատ գործեր կան. «Լուսավորության խնդիրն է, որը շարունակական ծրագիր է, եւ հուսով եմ՝ 1-2 տարվա ընթացքում կավարտվի, հիմա ամբողջ Արծվաքար թաղամասն է լուսավորվել, Բանդիթաղ տանող ճանապարհը, Սայադյան, Դեմիրճյան, Շահումյան, Միքայելյան, Ազատության փողոցները, հետո արդեն կշարունակվի մյուս գլխավոր, ինչպես նաեւ երկրորդական փողոցների լուսավորությունը»: Վերջնականապես լուծվել է քաղաքի աղբահանության խնդիրը, փոխվել են բազմաբնակարան շենքերի տանիքներ, դռներ: Ներկայում իրականացվում են Դեմիրճյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներ, կառուցվում է մանկական խաղահրապարակ:
Մարտիրոսյանը նշեց, որ ՏԻՄ ընտրություններից հետո կշարունակվեն ասֆալտապատման աշխատանքները, կվերանորոգվեն այլ հաստատություններ, ավարտին կհասցվի կենտրոնական հրապարակի վերանորոգումը, պայմանավորվածություն են ձեռք բերել նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ. «Չնայած ասեմ, որ կան առաջադրված այլ թեկնածուներ, բայց նրանք ինձ համար լուրջ մրցակիցներ չեն, որովհետեւ, կարծում եմ, ժողովուրդը համեմատական է տանելու գործի, տեսածի հարաբերակցության միջեւ, նշեմ, որ ժողովրդի մոտ արդեն կա վստահություն: Այդ վստահությունն առաջացել է նրանից, որ մեր ավագանու նիստերին մասնակցում են ե՛ւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, ե՛ւ համայնքի բնակիչներ, որոնք  տեղեկանում են մեր կատարած աշխատանքներին»:
«Ժողովուրդ»-ը Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե որն էր նրա` ՄԱԿ-ից դուրս գալու պատճառը: «Ուղղակի որոշել եմ այսուհետ հանդես գալ որպես անկուսակցական եւ ընտրություններին մասնակցել ինքնաառաջադրմամբ: Բայց նշեմ, որ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի հետ շատ նորմալ փոխհարաբերություններ ունենք, կուսակցությունը որեւէ կապ չուներ, որ ես դուրս եկա: Պարզապես ցանկություն ունեմ այսուհետ որպես անկուսակցական հանդես գալ: Ի դեպ, ասեմ, որ առաջադրված անկուսակցական թեկնածուներից կարելի է եզրակացնել, որ բոլոր կուսակցություններն էլ սատարում են իմ թեկնածությունը, այստեղ ՀՀԿ-ն էլ թեկնածու չունի»,-նշեց Գ. Մարտիրոսյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս