ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր ընդունել է Թումանյան 25 հասցեի բնակիչներին:
ՀԽ ղեկավարը լսել է բնակիչների մտահոգությունները տվյալ հասցեում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով հասցեի գույքը բացառիկ՝ գերակա շահ ճանաչելու մասին «Ռենշին» ՍՊԸ-ի դիմումի և Երևանի քաղաքապետարանի կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Բնակիչները հայտնել են, որ տասնամյակներ շարունակ այդ հասցեում բնակվել են իրենց պապերը, հետո ծնողները, հիմա էլ ապրում են իրենք ու իրենց երեխաները, ուստի իրենք չեն ցանկանում զրկվել իրենց բնակարաններից:
Նրանք նշել են, որ շենքը Երևանի հազվագյուտ պահպանված գեղեցիկ կառույցներից է, որը խորհրդային տարիներին ներառված է եղել պատմամշակութային հուշարձանների ցանկում:
Բնակիչները նաև տեսակետ են հայտնել, որ մասնավոր ընկերության կողմից հյուրանոցային համալիրի կառուցումը չի կարող դիտարկվել որպես բացառիկ՝ գերակա շահ և հույս են հայտնել, որ ՀՀ կառավարությունն, այնուամենայնիվ, նման որոշում չի կայացնի:
Թումանյան 25 հասցեի բնակիչները Հանրային խորհրդի ղեկավարին խնդրել են աջակցել, որպեսզի իրենց իրավունքները պաշտպանվեն, և իրենք չդառնան այս գործարքի զոհեր:
Վազգեն Մանուկյանը հանձնարարել է հարցը քննարկման դնել Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովում:
Մինչ այդ բնակիչների հետ է հանդիպել Հանրային խորհրդի անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը և հարցը քննարկել իրավական տեսանկյունից: