Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհի Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ հատվածով երթեւեկելիս հաճախ կարելի է տեսնել անտառից սահմանամերձ գյուղ փայտի կտոր քարշ տվող ոսկեպարցիների: Անտառը Ոսկեպար գյուղի վերեւում է, դեպի ներքեւ վառելափայտ քարշ տալը ֆիզիկական մեծ ջանքեր չի պահանջում: Ոսկեպարը, ինչպես նաեւ Ադրբեջանին սահմանամերձ Ոսկեվան, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Ջուջեւան գյուղերը գազաֆիկացված չեն՝ չնայած համապետական ամեն ընտրությունից առաջ իշխանությունները դրանք շուտափույթ գազաֆիկացնելու խոստումներ են տալիս: Բաղանիս գյուղի ծայրին գործում է ավտոմեքենաների գազալիցքավորման ճնշման կայան եւ գազով աշխատող ծխախոտի չորացման կետ: Գազատարը գյուղի եզրին է, սակայն բաղանիսցիները զրկված են երկնագույն վառելիքից: Գազաֆիկացված չեն նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից գյուղերը՝ Բագրատաշենը, Դեբեդավանը, Դեղձավանը, Պտղավանը: Սահմանամերձ գոտու կարիքավոր բնակիչների համար անտառից էշով փայտ կրելը տները ջեռուցելու մատչելի միջոց է: 21-րդ դարում գյուղերի բնակիչները ավանդական փոխադրամիջոցին՝ էշին են ապավինում: Ինչպես Պարոնյանը կասեր՝ առաջ պոռալով՝ ետ-ետ կերթանք:
21-ՐԴ ԴԱՐՈՒՄ՝ ԷՇԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ