Չնայած ՀՀ կառավարության անդամները մշտապես խոսում են երկրում տարածքային համաչափ զարգացման կարեւորության մասին, այնուամենայնիվ, այս հարցում որեւէ առաջընթաց չի նկատվում: Երկիրը գերկենտրոնացած է մայրաքաղաք Երեւանում, որտեղից դուրս գրեթե առաջխաղացում կամ, ինչպես ասում են, կյանք չկա:
ՀԱՐՑ. Ի՞նչն է խանգարում, որ մի շարք նախարարություններ տեղափոխվեն Հայաստանի մարզեր. այդպես ե՛ւ համայնքները համաչափ կզարգանան, ե՛ւ մայրաքաղաքի ծանրաբեռնվածությունը կթեւթեւանա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մի շարք նախարարությունների տեղափոխումը ՀՀ մարզեր էական ազդեցություն չի ունենա մարզերի համաչափ զարգացման վրա: Նախարարություններն իրենց գործառույթներին համապատասխան գործունեություն են իրականացնում հանրապետության ամբողջ տարածքում՝ համագործակցելով իրենց համակարգում գտնվող մարզային եւ տարածաշրջանային կառույցների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ, եւ մարզերից որեւէ մեկում նախարարության աշխատանքի կազմակերպման էական անհրաժեշտությունը բացակայում է: Բացի այդ, նախարարությունների տեղափոխումը ՀՀ մարզեր կպահանջի ֆինանսական մեծ միջոցներ, որը ՀՀ պետական բյուջեյի ներկայիս հնարավորությունների պայմաններում իրատեսական չէ: Հետեւաբար, նախարարությունների տեղափոխումը ՀՀ մարզեր մոտակա տարիներին նպատակահարմար չէ: Նախարարությունների տեղաբաշխումը տարբեր մարզերում կհանգեցնի նաեւ կառավարման լրացուցիչ դժվարությունների՝ մասնագետների, նրանց բնակարանային պայմանների, կապի, տրանսպորտի եւ այլ ծառայությունների պատշաճ ապահովման հետ: Տարածքային համաչափ զարգացման առումով ներկա փուլում առավել կարեւորում ենք հանրապետության մարզերում փոքր եւ միջին ձեռնարկատիրության, տնտեսության տարբեր ոլորտներում աջակցության, վարկերի մատչելիության եւ այլ ծրագրերի իրականացումը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար
ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ցանկություն եւ մասնագիտական ուղղվածություն է պետք դրսեւորել այս հարցում: Եթե այս տեմպերով շարունակենք, մենք գյուղացու խնդիրները չենք լուծի եւ հետո էլ հնարավորություն չենք ունենա լուծելու, քանի որ այդ տարածքներում մարդ չենք ունենա, որ ,զարգանանե: Մարզերում գյուղացու հիմանական զբաղմունքը գյուղատնտեսությունն է: Մենք պետք է մարդկանց սուբսիդավորենք, անվճար վարկ տանք, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա, մարդիկ կարողանան իրենց ընտանիքը պահել ու մնան իրենց հողի վրա: Ուրիշ երկրներում գյուղատնտեսությունը զարգացել է մինչեւ 100 տոկոսով, բայց մեզ մոտ դա չկա: Մեզ մոտ գյուղացին կերակրողից վերածվել է սպառողի: Մենք նախ պետք է ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն ունենանք, հետո նոր խոսենք զարգացումից: Թե չէ, նախարարությունները տեղափոխելով այստեղից այնտեղ հարց չենք լուծի: Գյուղատնտեսության նախարարությունն այսօր ավելի շատ պարտականություններ ունի, քան իրավունքներ: Սերմը իրենը չէ, պարարտանյութն իրենը չէ, սննդի անվտանգությունն իրենը չէ եւ այլն, եւ այլն: Ամեն ինչ բաժին-բաժին են արել, մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուսը:
ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ