Առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկեր կան և հիմնական հակակոռուպցիոն քայլը բնակչության իրազեկվածության բարձրացումն է: Նման տեսակետ լրագրողների հետ զրույցում հայտնել է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Կարող եմ ներկայացնել հիվանդանոցներում հիվանդների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու իրազեկման թերթիկները: Համոզված ենք, որ հասարակության իրազեկվածության աստիճանը բարձրացնելն առաջին իսկ հակակոռուպցիոն քայլերից է»,-նշել է նախարարը:
Նա հայտնեց, թե թեժ գիծը և զանգերի կենտրոնը, որոնք այսօր ստեղծվում են նախարարությունում, ևս ուղղված են իրազեկվածության բարձրացմանը: Նա մեկ օրինակ համարեց Կառավարության այն որոշումը, ըստ որի պետք է ուղեգրումների ձևը փոխել և համարակալել, պաշտպանիչ շերտ դնել այդ ուղեգրումների վրա:
Այն հարցին, թե մտահոգված չէ, որ Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը, որը պետք է ղեկավարեն ՀՀ վարչապետը և ֆինանսների նախարարը, նոր բացահայտումներ կանի, նախարարը պատասխանեց. «Բացարձակ մտահոգված չենք, որ բացահայտվելու են նոր խնդիրներ, շատ հակված ենք լսել այդ խնդիրները նաև լրատվական մեր գործընկերներից, նաև հասարակական կառույցներից»։