Ալյուրի հարստացումը կազդի՞ հացի գնի վրա: Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման հարց բարձրացրեց ՕԵԿ-ական պատգամավոր Իշխան Խաչատրյանը:
«Արդյոք իրականացվե՞լ են համապատասխան առողջապահական ուսումնասիրություններ ՀՀ առողջապահության նախարարության կողմից նախքան օրենքի ընդունումը»,- անդրադառնալով ալյուրի հարստացման օրենքին` նշեց պատգամավորը:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտնեց, որ ուսումնասիրություններ արվել են, որոնք վկայում են, որ կա սակավարյունության խիստ արտահայտված խնդիր բնակչության, հատկապես` վերարտադրողական տարիքի կանանց և նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում: Ահա, թե ինչու, որպես խնդրի լուծում, նախընտրել են ալյուրի հարստացման միջոցը:
Պատգամավորը հարցրեց նաև, թե ալյուրի հարստացումը ազդելո՞ւ է հացի գնի վրա, նախարարը նշեց, որ հացը չի թանկանալու, քանի որ ծախսարդյունավետության տեսանկյունից ալյուրի հարստացումը համարվում է ամենաարդյունավետը: