Իմ գլխում այժմ մի բան է. ինչպե՞ս հաղթել Ալբանիային. Բեռնար Շալանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը, հայտնում են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից:

«Իմ աշխատանքի մեջ մտնում է Ալբանիային ուսումնասիրելը: Ես դիտել եմ մեր մրցակցի մասնակցությամբ խաղեր, ներկա եմ եղել Իտալիա-Ալբանիա հանդիպմանը: Ես Շվեյցարիայից եմ, որտեղ հանդես են գալիս բազմաթիվ ալբանացիներ: Ես գիտեմ Ալբանիայի բոլոր խաղացողներին, ովքեր հանդես են գալիս են եվրոպական առաջնություններում. դա իմ աշխատանքն է»-ասաց Շալանդը, որից հետո հնչեցին հարցերը.

– Դուք համաձա՞յն եք ոչ-ոքիին:

– Ոչ. համաձայն չեմ: Միգուցե խաղից հետո այլ կարծիք հայտնեմ, բայց այս պահին գոհ չեմ: Մենք խաղալու ենք հաղթանակի համար: Մենք ունենք ընդամենը 1 միավոր, իսկ Ալբանիան՝ 4: Պետք է հաղթենք:

– Ալբանիայի կազմում ո՞ր խաղացողներից եք վախենում:

– Ես չեմ վախենում, ես հարգում եմ: Ես գիտեմ, որ Դե Բիազին հիանալի աշխատանք է կատարել, լավ թիմ է ստեղծել: Կան հիանալի խաղացողներ՝ Կանան, Գաշին, Չակա: Ինձ համար կարեւոր է թիմը, ոչ թե անհատները: Կարեւոր է, թե ինչպես է թիմը գործում, այլ ոչ թե առանձին անհատները:

– Ի՞նչ կարող եք ասել Գաել Անդոնյանի մասին: Արդյո՞ք նա կարող է վաղըխաղաժամանակ ստանալ:

– Ես չեմ կարող ինֆորմացիա տալ կազմի մասին: Անդոնյանը լավ երիտասարդ խաղացող է եւ կլինի հայտացուցակում: Նույնը կարող եմ ասել Ռուսլան Կորյանի մասին: Ես նրան տեսել էի դեռեւս Թուրքիայում, երբ նա «Լոկոմոտիվի» կազմում ժամանել էր հավաքների: Նա լավ խաղացող է եւ կարող է օգուտ տալ:

Եթե Հայաստանը վաղը պարտվի, Դուք կթողնե՞ք պաշտոնը:

-Այդ հարցը ինձ չպետք է ուղղել: Ներկայումս ես եմ մարզիչը, ես կատարում եմ իմ աշխատանքը: Իմ գլխում այժմ մի բան է. ինչպե՞ս հաղթել Ալբանիային: Իմ խնդիրը ընտրական փուլի արգելքը հաղթահարելն է: Իմ ապագան այդքան կարեւոր չէ, որքան թիմի ապագան:Ես գիտեմ, որ Դե Բիազին մարզիչների «կիլլեր» է, բայց ես չեմ վախենում:

– Ի՞նչ կասեք վաղվա մարտավարության մասին:

– Մամուլի ասուլիսին ես այդ մասին չեմ խոսում:

– Արդյո՞ք սա Հայաստանի լավագույն թիմն է 1992 թվականից սկսած:

– Ես չեմ կարող ասել: Այո, մենք ունենք լավ խաղացողներ, բայց ես մեկ տարի է, ինչ Հայաստանում եմ եւ չեմ կարող հստակ ասել:




Լրահոս