Պանրի արտադրամասը աճուրդի է հանվել. ՓՄՁ ոլորտի աջակցությունը շարունակում է խոստում մնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս նախորդ տարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոքր եւ միջին ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Կառավարությունը ոչ միայն իր ուշադրության կենտրոնում է պահելու ՓՄՁ ոլորտը, այլեւ ողջ գործիքակազմով աջակցելու է նրանց: Այս հայտարարությունից բավական ժամանակ է անցել, սակայն խոստացված աջակցությունը չկա ու չկա: Արդյունքում` բազմաթիվ գործարարներ, չկարողանալով երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամը հաղթահարել, դադարեցնում են իրենց գործունեությունը: Նման իրավիճակում է հայտնվել նաեւ պանրի արտադրությամբ զբաղվող «Որդի Արմեն» ընկերությունը:

Տեղեկացնենք, որ «Որդի Արմեն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1992 թվականին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Ի սկզբանե այն տոհմային տնտեսություն է եղել, զբաղվել է անասնաբուծությամբ եւ կաթնամթերքի արտադրությամբ: Ընկերության արտադրած բարձրորակ, էկոլոգիապես մաքուր կաթնամթերքը կարճ ժամանակի ընթացքում կարողացել է իր հաստատուն տեղը գտնել թե՛ տեղական եւ թե՛ արտերկրի շուկաներում:

Ընկերության տնօրեն Լյուդմիլա Հովհաննիսյանի պատմելով՝ «Որդի Արմեն» ՍՊԸ-ն մասնակցել է տեղական եւ արտասահմանյան մի շարք ցուցահանդեսների, արժանացել բարձր գնահատականի եւ պատվավոր պարգեւների: 2004 թվականին էլ ընկերության տնօրեն Լյուդմիլա Հովհաննիսյանն արժանացել է «Անանիա Շիրակացու» մեդալի՝ հանրապետության ագրոպարենային համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար:

Ընկերության ներկայացուցիչը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ Հայաստանում գործող ոչ միայն մանրածախ առեւտրի կետերն են վաճառել իրենց արտադրանքը, այլեւ մեծ սուպերմարկետները: «Որդի Արմեն»-ն իր արտադրանքը նաեւ արտահանել է Վրաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն եւ ԱՄՆ:

Լուսինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեց, որ ռուսական կողմից մինչ օրս հետաքրքրված են իրենց ընկերության արտադրանքով: «Գրեթե ամեն օր նամակ ենք ստանում. նրանց հետաքրքրում է, թե մենք երբ կարող ենք կրկին պանիր արտահանել ՌԴ: Բայց համարձակություն չկա, որ պատասխան նամակ գրենք եւ հայտնենք, թե մենք այսօր սնանկացել ենք»,- հուզված ձայնով ասաց տնօրենը` նշելով, որ ընկերության հսկայական արտադրամասն այսօր աճուրդի է հանված:

Տեղեկացնենք, որ Գնել Կազիկյանը, ով տիկին Հովաննիսյանի դստեր ամուսինն է եւ ընկերության գործադիր տնօրենը, դեռեւս 2013 թ. հուլիսի 10-ին դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ խնդրել ճանաչել իր սեփական սնանկությունը: Դատարանը Գնել Կազիկյանի դիմումը` սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին, բավարարել է:

Տարիներ առաջ, երբ ընկերությունը դոլարով վարկ է վերցրել, մեկ դոլարի փոխարժեքը կազմել է 295 դրամ, իսկ երբ եկել է մարելու ժամանակը, այն արժեցել է 480 դրամ: Հենց այս ընթացքում էլ ընկերությունը զգալի վնասներ է կրել:

Դրանից բացի` ընկերությանը պատկանող խոտի դեզերի` անասնակերի հսկայական պաշարն է այրվել: «Ստիպված գնացի եւ բարձր տոկոսադրույքով գումար վերցրեցի: Բայց այսքանով իմ անհաջողությունը չավարտվեց. ունեի երեք հարյուր գլուխ խոզ, որոնք աֆրիկյան ժանտախտով հիվանդացան: Եկան պատկան մարմինները, ակտավորեցին դրանք ու խոստացան, որ կփոխհատուցեն: Առաջին անգամ, երբ եկան դրանք ակտավորելու, ավելի շատ գումար կազմեց, բայց երկրորդ անգամ նրանք նվազեցրին դա` հասցնելով չորս մլն դրամի: Ես շատերին դիմեցի, խնդրեցի, որպեսզի առողջացման ծրագիր ներկայացնեն եւ դրանով ինձ աջակցեն: Բայց արդյունք չկա»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:

Այնուամենայնիվ, «Որդի Արմեն» ընկերության տնօրեն Լյուդմիլա Հովհաննիսյանն այն գործարարներից է, ով հույսը չի կորցնում եւ հավատում է, որ կգտնվի մեկը, ով կաջակցի իրենց:

«Ժամանակին պանրի որակի եւ մաքրության համար «Անանիա Շիրակացի» անվան մեդալով եմ պարգեւատրվել: 90-ականներին, երբ բոլորը հանրապետությունից դուրս էին գալիս եւ օտար երկրներում էին բիզնես գործունեություն ծավալում, ես այն քչերից էի, ով մնաց եւ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ՝ հիմնադրեցի այդ արտադրամասը: Իսկ այսօր ինձ տեսեք, ոչինչ չունեմ, բայց մեծ աջակցության կարիք ունեմ»,- մեծ ափսոսանքով նկատեց տիկին Հովհաննիսյանը:

Այն, որ Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսը հոգեվարքի մեջ է, այլեւս ակնհայտ է: Ժամանակն է, որ Կառվարությունը պոպուլիստական խոստումներից անցնի աջակցության իրական ծրագրերի, քանզի փոքր եւ միջին բիզնեսի կործանումը նշանակում է երկրի ողջ տնտեսության կործանում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս