«168 ժամ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո հայ պաշտոնյաների հիմնական զբաղմունքը հասարակությանը համոզելն էր, որ «լավ է լինելու»: Այդ հայտարարություններին քչերն էին հավատում՝ ոչ միայն այն պատճառով, որ իշխանություններին Հայաստանում վաղուց դադարել են հավատալ, այլ, որովհետև անգամ պաշտոնական թվերով՝ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցության երեք ամիսների ընթացքում միայն տուժել է, ընդ որում, տուժել է սարսափելի չափով:
Կտրուկ նվազել է արտահանումը դեպի ԵՏՄ անդամ երկրներ, առաջին հերթին՝ դեպի Ռուսաստան, նվազել են Ռուսաստանից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները, և այդպես շարունակ: Այսինքն՝ կյանքը ցույց է տալիս, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցությունից տնտեսապես միմիայն տուժում է՝ քաղաքականապես կորցնելով ինքնիշխանությունը: Ռուսները հասկանում են, որ այս պայմաններում հայ հասարակությունը, մեղմ ասած, սկսելու է տարակուսանքով վերաբերվել ԵՏՄ-ին անդամակցությանը: Հասկանում են ու դրա համար պայքարում են տարբեր ճակատներով: Ըստ ամենայնի, Ռուսաստանում հասկանում են նաև, որ խնդիրներ չունենալով Հայաստանի իշխանության հետ, այսպես շարունակվելու դեպքում, խնդիրներ կարող են առաջանալ հասարակության շրջանում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: