Հայաստանի իշխանությունները քաղաքական «գծերից դուրս» այնպիսի վիճակի մեջ են հայտնվել, որ ամեն ինչ էլ հնարավոր է: Օրինակ` հաջորդ մի մարզպետը կարող է լինել Հովիկ Աբրահամյանի տղան: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի փեսային մարզպետ նշանակելուն, այս մասին նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Քաղաքական բան չկա սրա մեջ, որպեսզի մենք` քաղաքական գործիչներս, դրա մասին խոսենք: Եթե երկրի նախագահը երկու ամիս առաջ ասում է` ապաքաղաքական տարրերը պետք է դուրս գան, «փամբում են» գլխին, ինչ ասես` չեն ասում, դրանից հետո նման բան է կատարվում… : Ես դեմ չեմ` յուրաքանչյուր մարդ` մարդ է: Բայց, եթե հասարակության մեջ նա չընկալվեր մի բանով, որ Գագիկ Ծառուկյանի փեսան է, այլ ընկալվեր իր աշխատանքով, քաղաքականցված մարդ լինելով և այլն, համաձայնվեք, որ որևէ մեկի մոտ հարց չէր առաջանա, թե ում փեսան է», – նշեց նա:
Մեր այն դիտարկմամբ, որ այս նշանակումով Սերժ Սարգսյանը նաև վերահսկողություն է ունենալու Կ. Գուլոյանի վրա, Արամ Կարապետյանը նշեց. «Իհարկե, այս նշանակումը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս վերահսկողական ֆունկցիաները մարդու վրա ինչ-որ առումով բարձրացնել: Իմ տպավորությամբ, այդ ամեն ինչն անհեթեթություն է, որովհետև մի պահ էլ կգա, որ այդտեղից հրաժարական կտա, կգնա, ոնց հրաժարական տվեց ներկա մարզպետը: Սրանք փոխատեղումներ են` մի տեղից հանում են, մյուս տեղը դնում են: Իմ համոզմամբ, այս տուն տունիկը մի օր վերջանալու է: Հիմա թե´ Գագիկ Ծառուկյանի սիրտն են սիրաշահում, թե´ Հովիկ Աբրահամյանի գործողությունների պլանն են իրագործում` ֆեոդալիզմի հաստատման, հայտնի չէ»: