Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորոդին` Սեդրակ Օսիպյանը, շուրջ 10 ամիս հետախուզման մեջ գտնվելուց հետո ոստիկանություն ներկայացավ այն ժամանակ, երբ վարույթն իրականացնող մարմինը փոխեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւ որոշեց նրան ստորագրությամբ ազատ արձակել:
Ինչի՞ց սկսվեց պատմությունը
2014թ հունիսի 1-ին Նուբարաշենում երիտասարդ տղաների միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչն ավարտվել էր դանակահարությամբ: Դանակահարվել էր 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ նաեւ, որ Վանուշին դանակահարելու մեջ մեղադրվում է Երեւանի փոխոստիկանապետի 23-ամյա եղբորորդին` Սեդրակ Օսիպյանը:
Ասել է թե՝ դանակահարողը հայտնի էր, տուժածը կար, մնում էր փոխոստիկանապետի՝ մշտապես աղմկալի իրադարձությունների կենտրոնում հայտնված եղբորորդուն կալանավորել, սակայն արի ու տես, որ նա անհետացավ կամ նրան պարզապես որոշել էին թաքցնել, մինչեւ գործը հարթվեր: Ու մինչ Օսիպյանի մտերիմները զբաղված էին տղային ջրից չոր դուրս բերելու գործընթացով, ՀՀ ոստիկանությանն այլ բան չէր մնում, քան տղայի նկատմամբ հետախուզում հայտարարել: Ավելին՝ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Երբ գործին խառնվում է փոխոստիկանապետը
Մինչ Սեդրակ Օսիպյանը հետախուզման մեջ էր, տեղեկություններ տարածվեցին, թե նրան փրկելու համար «գործի է անցել» փոխոստիկանապետ հորեղբայրը: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Վալերի Օսիպյանի տան հարեւանությամբ բնակվող Սուսաննա Հովհաննիսյանի որդին ներկա է եղել Սեդրակ Օսիպյանի եւ Վանուշ Ալեքսանյանի կռվին: Ու մինչ իրավապահները փորձում էին հարեւանուհու որդուն այս գործում ներքաշել, տիկին Սուսաննան աղմկալի հայտարարություն է անում, թե հունիսի 2-ին Դավիթաշենում Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքից հետո փոխոստիկանապետն իրեն առաջարկել է, որ որդին` Սարգիս Հովհաննիսյանը, կատարվածի մեղավորությունը վերցնի իր վրա՝ խոստանալով օգնել՝ գործը «ջրել»: Ու թեեւ Օսիպյանը հերքում էր այս մեղադրանքը, կնոջ հայտարարությունը ՀՀ հատուկ քննչական ծառայության համար հիմք դարձավ, որպեսզի Վալերի Օսիպյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի: Ասել է թե՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հոնքը ուղղելու փոխարեն, աչքն էլ հանեց` հայտնվելով աղմկալի պատմության մեջ: Դրա համար էլ ստիպված եղավ այս անգամ գործի դնելով պաշտոնական դիրքը՝ այնպես անել, որ գործը վարող մարմինը փոխի Օսիպյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը՝ ստորագրությամբ:
Ով է փոխոստիկանապետի հովանավորը
Արդյո՞ք Վալերի Օսիպյանը կամ նրա հարազատներն առանց «հովանավորների» կարող էին մեղադրյալին թաքցնել, ըստ էության, դժվար է: Պարզվում է՝ փոխոստիկանապետն ունի թիկունք, որը, ըստ մեզ հասած տեղեկությունների, Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեծահարուստ ոստիկան Արմեն Գինոսյանն է: Նա նաեւ ֆինանսապես եւ հնարավոր բոլոր միջամտություններով է օգնել Վալերի Օսիպյանին:
Ու դրա համար էլ թեեւ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան սպայական անձնակազմը քննարկել է Երեւանի փոխոստիկանապետին աշխատանքից ազատելու հարցը, սակայն ամեն ինչ ավարտվեց ընդամենը քննարկմամբ, քանի որ փոխոստիկանապետը շարունակեց պահպանել իր դիրքերը, իսկ նրա եղբորորդին ազատության մեջ է: Ի դեպ, Վալերի Օսիպյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով իր հովանավորի հարցին, հայտարարեց, թե նման բան չկա:
Զարմանալի շրջադարձ
Ու մինչ հանրությունը շունչը պահած սպասում էր, թե, ի վերջո, ոստիկանները երբ կհայտնաբերեն փոխոստիկանապետի եղբորորդուն, եւ նա էլ շարքային քաղաքացիների նման կկրի իրեն հասանելիք պատիժը, սպասելիքները հօդս ցնդեցին: Շուրջ 10 ամիս հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանը որոշեց ներկայանալ իրավապահներին միայն այն ժամանակ, երբ նրա նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինվեց ստորագրությամբ չհեռանալու մասին որոշմամբ:
Նշենք, որ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել դատախազությանը, ինչը բավարարվել էր: Ասել է թե՝ Հայաստանում հաղթում է արդարությունը, եթե լավ մեղադրյալը «լավ թիկունք ունի»: Մինչդեռ հազարավոր կալանավորներ տարբեր հիմնավորումներ են ներկայացնում, որ իրենք այս կամ այն միջադեպի հետ կապ չունեն, սակայն նրանց կալանքի որոշումն այդպես էլ չի փոխվում:
Օրինակ՝ 2014թ. հոկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում սպանված 33-ամյա Արման Մանուկյանի գործով անցնող Սարգիս Գալստյանի` Ապերի հարազատները պնդում են, որ նա սպանության հետ կապ չունի: Սակայն Գեղարքունիքի մարզի քննիչները Սարգիսին ամիսներ շարունակ պահում են կալանքի տակ՝ 11-ամյա մի երեխայի տված ցուցմունքի հիման վրա, ընդ որում, երեխան ցուցմունք է տվել միայնակ՝ առանց ծնողների թույլտվության, եւ ընդամենն ասել է, թե «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է տեսել դեպքի վայրում: Քննիչներն էլ «կալանավորել են» առաջին պատահած «Մերսեդեսի» տիրոջը՝ Սարգիս Գալստյանին, եւ ազատ չեն արձակում անգամ գրավի դիմաց:
Ահա եւ ապահով Հայաստանի միֆը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԵՆԴԵՏԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈ՞ՒՄ Է
Երեկ` ժամը 03:00-ի սահմաններում, մայրաքաղաքի անդորրը կրկին խախտվեց: Շենգավիթ վարչական շրջանի Պոպովի փողոցում կրակոցներ հնչեցին, ինչի հետեւանքով որովայնի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 36-ամյա Վարդան Կարապետյանը, ով շրջապատում առավել հայտնի է Փոսի Վարդան մականվամբ:
Լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն՝ Վ. Կարապետյանը մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ մոտ սպանված քրեական հեղինակություն համարվող Լեւոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) մտերիմ ընկերն է: Որքանով է սա համապատասխանում իրականությանը, դեռեւս ճշտել չհաջողվեց, սակայն դեպքի վայր ժամանած Armlur.am-ի թղթակցին Վարդան Կարապետյանի հարեւանները հայտնել են, որ ՔԿ հիմնարկի մոտ տեղի ունեցած դեպքից օրեր անց իրավապահ մարմինները խուզարկություն են անցկացրել Վ. Կարապետյանի բնակարանում: Վերջինիս հարեւանուհիներից Անահիտը լրատվամիջոցին փոխանցեց, որ թաղամսում խոսակցություններ են պտտվում, թե Վարդան Կարապետյանն ու Լեւոն Ղազարյանը սերտ համագործակցության մեջ են եղել, իսկ նշված խուզարկության ժամանակ հարեւանի բնակարանում զենք-զինամթերք են փնտրել. «Մենք կրակոցի ձայն կամ մարդկանց աղմուկ չենք լսել բացարձակապես: Ես հենց կպած հարեւանն եմ, այդ ժամանակ քնած ենք եղել: Խելոք ընտանիք են, իրենց աշխատավարձով ապրող: Վարդանն էլ երկու անչափահաս երեխա ունի, եղբոր` Արամի ընտանիքն էլ իրենց կողքն է ապրում»:
Armlur.am-ը զրուցեց նաեւ Վ. Կարապետյանի եղբոր կնոջ` Մելիքյան Ռուզաննայի հետ, ով ասաց, որ չի կարողանում պատկերացնել, թե ինչու պետք է ամուսնու եղբոր հետ նման բան պատահեր. «Ոչնչից տեղյակ չենք: Հիմա անգամ առողջական վիճակից տեղեկություններ չենք կարողանում ժամանակին իմանալ: Ոչ մեկս չենք պատկերացնում` ինչու պետք է նման բան լիներ»:
Հարեւաններից մեկն էլ պատմեց, որ գիշերն իրենց տանը հեռուստացույց նայելիս բղավոց է լսել: Դուրս է վազել տնից, տեսել է տուժածին` մեջքով գետնին պառկած: Նրա խոսքով՝ Վարդանն իրեն հայտնել է, որ ոչ մեկին չի տեսել, քանի որ կրակողը «գլխարկով է եղել»: Այդ պահին հասկանալով, որ Վարդանի վիճակը ծայրահեղ է, առանց ժամանակ կորցնելու հարեւանն իր ընտանիքի անդամների օգնությամբ նրան տեղափոխել է իր ավտոմեքենան ու ինքն էլ հիվանդանոց տարել:
Թե ինչն է եղել սպանության փորձի դրդապատճառը, կպարզի քննությունը, սակայն ակնհայտ է, որ այս խմորը դեռեւս շատ ջուր պետք է քաշի, քանի որ վիրավորված Վարդան Կարապետյանը Լեւոն Ղազարյանի մտերիմ ընկերն է: Արդյոք քրեական հեղինակության ընկերոջ մահափորձը նրա սպանության շարունակությունն էր, պարզ կդառնա առաջիկայում: Հավելենք, որ լուրեր են պտտվում նաեւ, թե Վարդանն ինքն է իրեն կրակել որովայնից:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՔՕ 34-104-րդ եւ 235-րդ հոդվածներով, այն է` սպանության հանցափորձ եւ ապօրինի կերպով զենք կրել, պահել: Իսկ «Էրեբունի» ԲԿ-ից երեկ երեկոյան հայտնեցին, որ Վարդան Կարապետյանի վիճակը կայուն ծանր է: Նրան միացված է արհեստական շնչառության ապարատ:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
80 ՀԱԶԱՐՈՎ
Երեկ դատարանը վճռել է ՀԱԿԿ Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանին ծեծի ենթարկելու համար Պարգեւ Մանուկյանին տուգանել 80 հազար դրամի չափով: Ըստ քրեական գործի՝ մեղադրյալը ընդդիմադիր գործչին ծեծել էր իր հարազատին հեռախոսով վիրավորելու համար։ Մինչդեռ, ըստ Փիլիպոսյանի, վեճը ծագել էր քաղաքական տարաձայնությունների պատճառով:
ՎՃՌՈՐՈՇ ՆԻՍՏ
Այսօր՝ 12.00-ին, վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Վարդան Պետրոսյանի դատական նիստը, եւ ըստ դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի՝ եթե պատժաչափի փոփոխություն չլինի, Վ. Պետրոսյանն ազատ կարձակվի. «Եթե համաներում էլ չլինի, ապա վերաքննիչ բողոքի քննությունից հետո կկիրառվի բաց ռեժիմը, եւ Վարդանը ազատ կարձակվի»,-պարզաբանել է փաստաբանը՝ ավելացնելով, որ եթե դա էլ չլինի, ապա Վարդան Պետրոսյանը նորից ազատության մեջ կլինի, քանի որ ինքն արդեն կրել է իր պատժի 1/3-ը։
ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ
Երեկ իրավապահները խուզարկել են Գյումրիում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու մեջ կասկածվող Ռուդիկ Խաչատրյանի բնակարանը: Խուզարկության պահին Խաչատրյանը տանը չի եղել: Ըստ armtimes.com-ի տեղեկությունների՝ խուզարկության ժամանակ հայտնաբերվել է հագուստ, որն ըստ տուժողի նկարագրությունների՝ դանակահարության պահին եղել է Ռուդիկ Խաչատրյանի հագին:
ԿՎՍՏԱՀԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻՆ
«Газпром-Медия» հոլդինգը մտադիր է իր ժամանցային հեռուստաընկերությունները` ТНТ-ն, «Пятница»-ն, ТВ-3-ն ու 2×2-ը միավորել մեկ խմբում: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը` նշելով, որ տարեկան ավելի քան 20 միլիարդ ռուբլու շրջանառության հավակնող խումբը վստահվելու է Comedy Club Production-ի հիմնադիր եւ ղեկավար Արթուր Ջանիբեկյանին: