Հայաստան է ներմուծվել 1013 տոննա գարնանացան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նպատակով արտերկրից Հայաստան է ներմուծվել 1013 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 5.275 տոննա եգիպտացորենի, 5.924 տոննա կապույտ առվույտի եւ 247.825 տոննա կորնգանի սերմացու, որից Շիրակի մարզին հատկացվել է 190 տոննա գարու, 65 տոննա կորնգանի եւ 1 տոննա առվույտի սերմացու:

Համաձայն Կառավարության գյուղատնտեսական ծրագրի՝ սերմացուն համեմատաբար մատչելի գներով կհատցվի գյուղացուն: Ստացվել է նաեւ դիզվառելիքն ու պարարտանյութի քանակությունը: Այսպես՝ Կառավարության հաստատած գնացանկի համաձայն՝ 1 կգ գարու սերմացուն շիրակցի գյուղացուն կտրվի 130 դրամով, 1 կգ կորնգանի սերմացուն 370 դրամով եւ 1 կգ առվույտի սերմացուն՝ 1500 դրամով: Այս աջակցությունը զգալի է գյուղացու համար, քանի որ շուկայում նույն սերմացուներն արժեն համապատասխանաբար 1 կգ՝ 180 դրամ, 600 դրամ եւ 2000-2500 դրամ:

Չի փոփոխվի նաեւ ազոտական պարարտանյութի արժեքը. Կառավարությունը մարզի գյուղացու համար մեկ պարկ պարարտանյութի արժեքը հաստատել է 6000 դրամ՝ ընդ որում, մարզպետարանի վրա դնելով պարարտանյութը գյուղացուն հասցնելու տրանսպորտային ծախսերը: Կոնկրետ Շիրակի մարզին այս տարի հատկացվել է 2500 տոննա ազոտական պարարտանյութ:

Այս ամենով հանդերձ մարզի գյուղացիների համար մտահոգիչ են աշնանացան ցորենի սերմացուի կուտակված պարտքերը, որոնք սկսվել են դեռ 2012-ից ու հասնում են մինչեւ 24 միլիոն դրամի: Այդ պարտքերի վճարման վերջնաժամկետը լրանում է ընթացիկ տարվա ապրիլի մեկին` ըստ Կառավարության որոշմամբ սահմանված ժամանակացույցի: Այնուամենայնիվ, հուսադրողն է այն, որ տարին սկսվում է դրականորեն:

Մարզի գյուղոլորտի պատասխանատուները նշում են, որ այս տարի 3000 հեկտարով ավելացել են մարզի ցանքատարածությունները եւ նույնիսկ կարողացել են ունեցած պահուստներից շուրջ 600 տոննա սերմացու էլ անվճար հատկացնել 2014-ի կարկտահարությունից տուժած համայնքներին:

Մնում է հուսալ, որ նույն հաջողությունը կարձանագրվի մարզում նաեւ բերքահավաքի ժամանակ եւ տհաճ եղանակային ու այլ անակնկալներ չեն լինի, գյուղացին էլի ձեռնունայն չի մնա տարվա կեսին` անհույս ու վարկերի բեռան տակ կքած:

Արման Գրիգորյան

Գյումրի




Լրահոս