Այս տարին գյուղացիների համար այնքան էլ բարենապաստ չի սկսվել: Գյուղվարկերի բարձր տոկոսադրույքներից, անբարենպաստ եղանակային պայմաններից ու տարբեր վնասատուների հասցրած վնասից մշտապես բողոքող գյուղացիներն այս անգամ կանգնել են հողի, գույքի հարկերի կուտակած պարտքերը մարելու հրամայականի առաջ: Այդ խնդիրը սրությամբ առկա է նաեւ ՀՀ Սյունիքի մարզի բազմաթիվ գյուղերում:
Օրեր առաջ ՀՀ Սյունիքի մարզում տեղի ունեցավ խորհրդակցություն-նիստ, որին մասնակցում էին ոչ միայն մարզպետն ու մարզի գյուղապետերը, այլեւ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նիստի ընթացքում մարզպետարանի աշխատակիցը ներկայացրեց այս տարվա ապրիլի մեկի դրությամբ գյուղերում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը: Այսպիսով՝ մարզի համայնքների այս տարվա բյուջեներով նախատեսվել են 4 մլն 209 հազար 347 դրամ եկամուտներ, այդ թվում՝ սեփական եկամուտներ՝ 1 մլն 371 հազար 587 դրամ: Եռամսյա ժամանակահատվածում նախատեսված 303 հազար 426 դրամի դիմաց սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 332 հազար 847 դրամ: Իսկ, ահա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է հավաքագրվել 74 հազար 938 դրամ:
Ըստ համայնքների բյուջեների՝ եռամսյա ժամանակահատվածում գույքահարկի գծով նախատեսված 92 հազար 77 դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 95 հազար 507 դրամ: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում փաստացի վճարումները կազմել են 100 հազար 860 դրամ, որն այս տարվա գումարից 5 հազար 352 դրամով ավել է:
Հողի հարկի գծով այս տարվա առաջին եռամսյակում նախատեսված 32 հազար 238 դրամի դիմաց փաստացի վճարումները կազմել են 42 հազար 332 դրամ: Մարզպետարանի ներկայացուցչի խոսքով՝ չնայած հողի հարկերի գծով արձանագրված դրական ցուցանիշներին՝ առանձին համայնքների ղեկավարներ թերացել են եկամուտների հավաքագրման գործում, ինչի արդյունքում եռամսյա ժամանակահատվածում Խդրանց գյուղում արձանագրվել է հողի հարկի հավաքագրման զրոյական ցուցանիշ, իսկ Շիկահող, Սվարանց, Նռնաձոր եւ Տաշտուն համայնքներում հողի հարկի հավաքագրման ցուցանիշը չի հատում 50 տոկոսի սահմանագիծը: Սիսիան քաղաքում էլ արձանագրվել է հողի հարկի հավաքագրման 40.9 տոկոս ցուցանիշ:
Տեղական տուրքերի գծով նույնպես որոշ համայնքներ թերացել են. գանձումներ չեն իրականացվել մարզի տասնյոթ համայնքներում: Դրանք են՝ Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն, Տանձավեր, Ուժանիս, Կոռնիձոր, Հարթաշեն, Որոտան, Տեղ, Անգեղակոթ, Բալաք, Դարբաս, Շաղաթ, Տորունիք, Լիճք եւ Նռնաձոր համայնքները:
Նիստի ընթացքում ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը գյուղապետերից հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ վերը նշված գյուղերում արձանագրվել է հողի հարկերի հավաքագրման զրոյական ցուցանիշ: Ի պատասխան՝ Խդրանց գյուղի գյուղապետ Գնել Սարգսյանը հայտարարեց, որ գյուղացիները գումար չունեն, դրա համար էլ չեն վճարել: Սակայն գյուղապետի այս պատասխանը զայրացրեց մարզպետ Սուրեն Խաչատրյանին եւ նա հրահանգեց, որ վաղը եւեթ այդ հարկերը հավաքագրվեն:
Նշենք, որ Խդրանց գյուղում այս պահին ապրում է 23 բնակիչ, մեծ մասը ծերեր են: Խդրանցի գյուղապետի պատմելով՝ գյուղի բնակիչների միակ եկամտի աղբյուրը թոշակն է, նպաստը ու մեկ կամ երկու անասունը: Նա «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ հողի հարկի գումարը կազմում է մոտ 108 հազար դրամ, նաեւ նշեց, որ գյուղացիների նախորդ տարվա հողի հարկերը հենց ինքն է վճարել՝ սեփական գրպանից՝ խոսակցություններից խուսափելու համար:
«Նախորդ տարի մեր գյուղի բնակիչները կարկուտից շատ տուժեցին, մեծ վնասներ կրեցին, բերք չունեին, որ վաճառեին: Դրա համար էլ այս տարեսկզբին նման դրության մեջ ընկան: Բայց ես հանձնարարել եմ աշխատակազմի ղեկավարին, որ վերջինս գնա ու շրջի գյուղի տներով ու հավաքի այդ գումարը»,- նշեց Խդրանցի գյուղապետ Գ. Սարգսյանը:
Իսկ Շիկահողի գյուղապետ Ժիրայր Պատվականյանը նշեց, որ իրենք սեփական հողի 32 հազար դրամի չվճարված հարկի պարտք ունեն: «Տասնհիգից քսան օր ուշացրել ենք: Մարդիկ չեն տալիս, որովհետեւ գումար չունեն: Վճարունակ չեն: Գյուղում միայն ծերեր են ապրում, եւ եթե այս տեմպերով շարունակենք, ապա 2016-ին մարդ չի մնա գյուղում»,- ցավով նկատեց գյուղապետը:
Սվարանցի գյուղապետ Արթուր Մարգարյանն էլ հայտնեց, որ հողի հարկերի միայն 60 տոկոսն է մարել: «Հուսով եմ, որ մինչեւ տարեվերջ կմարենք: Միայն մեր գյուղում խնդիրներն են շատացել: Այսօր 123 շենք ունենք գյուղում, բայց 40 մարդ է ապրում: Այսօր 380 աշակերտի համար նախատեսված դպրոց կա, բայց ունենք ընդամենը 13 աշակերտ: Սոցիալապես ծանր վիճակում են ապրում, դրա համար էլ չեն վճարում հողի հարկերը»,- շեշտեց գյուղապետը
Ամփոփելով՝ նկատենք, որ ինչքան էլ Կառավարությունը բարձրաձայնում է գյուղի խնդիրներով մտահոգվելու մասին, ինչքան էլ տարբեր ծրագրեր են փորձում իրականացնել, այդ թվում եւ համայնքների խոշորացումը, միեւնույն է, եթե գյուղը դատարկվում է, եթե մարդիկ համատարած արտագաղթում են, եւ գյուղերում մնում են միայն ծերերը` որպես տնպահ, այս իրավիճակում գյուղի զարգացման ցանկացած ծրագիր դատապարտված է անհաջողության:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ