Մեկնարկել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցման դասընթացը (վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը յուրաքանչյուր տարի իրականացնում է նախարարության հատուկ ծառայողների` քրեակատարողական ծառայողների, ԴԱՀԿ ծառայողների, քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների վերապատրաստում: Վերջինի գլխավոր նպատակն է կատարելագործել ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային ունակությունները:

Այդ դասընթացներն իրականացվում են «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի՝ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում, որտեղ ստեղծված են ուսումնառության համար բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հրաձգարան, ուսումնական բանտախցեր, մարզադահլիճ, համապատասխան տեխնիկայով և գույքով կահավորված լսարաններ, գիշերակացի սենյակներ, ճաշարան և այլն:

Ինստիտուտը հոգում է վերապատրաստվողների գիշերակացի, սննդի և տրանսպորտային ծախսերի հետ կապված խնդիրները:

Այս տարվա մարտի 30-ից ուսումնական կենտրոնում մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցման դասընթացը: Խմբերում ներառված են քրեակատարողական ծառայողներ «Հրազդան», «Կոշ», «Աբովյան», «Արմավիր», «Արթիկ» «Դատապարտյալների հիվանդանոց», «Գորիս», «Սևան», «Վանաձոր», «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներից:

ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնին կից գործում է նաև Ինստիտուտի Իրավաբանական քոլեջը, որտեղ, կրթական բոլոր չափանիշներին համապատասխան, իրականացվում է քրեակատարողական ուղղվածության միջին մասնագիտական կրթություն:

Արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը նախարարության հատուկ ծառայողների` քրեակատարողական ծառայողների և ԴԱՀԿ ծառայողների համար յուրաքանչյուր տարի իրականացնում է միջինը 800, իսկ քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների համար՝ 250-ից 300 վերապատրաստման դասընթաց: Ուսումնական կենտրոնը նաև յուրաքանչյուր տարի անցկացնում է 2200-2300 հատուկ ծառայողների հատուկ ուսուցում: Ինստիտուտն իրականացնում է նոտարի թեկնածուների ուսուցում ՝ «Նոտարի թեկնածուների նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցում» ծրագրով, ինչպես նաև ՀՀ դատախազների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցում:

Ինստիտուտը, բացի վերը նշված հիմնական ծրագրերից և ոլորտներից, իրականացնում է նաև լրացուցիչ վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացներ՝ նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների, իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների ուսուցում ծրագրով նախատեսված համապատասխան ունկնդիրների ուսուցում:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս