8 ապրիլի 2015 թ., Երևան. Beeline-ը «Երևան Փրոդաքշնս» ընկերության մեդիա հարթակ հանդիսացող ImYerevan.com կայքի հետ համատեղ ամփոփեցին «Գյումրի 2.0» ծրագրի արդյունքները: Ծրագրի շրջանակում Գյումրու չորս բնակելի շենքերի պատեր նկարազարդվել են քաղաքի վերածնունդը խորհրդանշող պատկերներով:
«Beeline-ը շարունակում է մարզերի զարգացմանն ուղղված սոցիալական ծրագրերի իրականացումը` կարևորելով հատկապես այն բնակավայրերը, որոնք առավելապես ունեն մեր ուշադրության կարիքը: Վստահ եմ` այս գունեղ պատկերները հաճելի անակնկալ դարձան ոչ միայն ծրագրում ընդգրկված շենքերի, այլև Գյումրու բոլոր բնակիչների համար` վառ գույներ հաղորդելով քաղաքին և դարձնելով կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Հավատացած եմ, որ բնակելի շենքերի պատերին նկարազարդված այս գունեղ պատկերները կդառնան Գյումրու տեսարժան վայրերից, զբոսաշրջիկները դրանց մոտ կլուսանկարվեն իրենց ընկերների և հարազատների հետ, իսկ տեղացիները միմյանց հետ հանդիպում կնշանակեն, օրինակ, զոլավոր անձրևանոցի ներքո», – նշեց «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի, ԱՊՀ երկրներում կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Գալինա Կուրգանովան։
«Մշտապես կարևորելով քաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերը` ImYerevan.com կայքը մշակել և իրականացրել է բազմաթիվ նախագծեր Երևանում և մարզերում: Այս անգամ որոշեցինք այցելել մեր մշակութային մայրաքաղաք Գյումրի` փողոցի արվեստի միջոցով փորձելով նոր շունչ տալ քաղաքին: Կատարված աշխատանքները մարմնավորում են Գյումրու վերածնունդը, նոր, լուսավոր և գունեղ ապագան: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտում Beeline-ին և ծրագրի մյուս գործընկերներին, առանց որոնց հնարավոր չէր լինի կյանքի կոչել այս ծրագիրը», – նշեց ImYerevan.com կայքի և «Գյումրի 2.0» ծրագրի ղեկավար Գայանե Մանուկյանը:
Նշենք, որ ImYerevan.com կայքի կողմից իրականացվող քաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերը շարունակական բնույթ կունենան` ներառելով Հայաստանի մի շարք այլ մարզերի քաղաքներ:
Ծրագրի իրականացմանն աջակցությունն է ցուցաբերել նաև «Սարդ» խանութների ցանցը: