ՌՈՒՍՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԳԱԶԸ ԹԱՆԿԱՑՆԵ՞Լ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը: Ըստ նույն լուրների՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ մարտի 30-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է հենց գազի հնարավոր թանկացման հարցը: Մեզ չհաջողվեց պարզել, թե ռուսական կողմը կոնկրետ որքան է ցանկանում թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը:
Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանին գազը մատակարարվում է հազար խորանարդ մետրը 200 դոլարով: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ փորձ է արվում առաջիկայում մասնագետներից կազմված խումբ ստեղծել, որը կուսումնասիրի խնդիրն ու կպարզի, թե գազի գնի թանկացումը որքանով է հիմնավորված եւ անխուսափելի: Ուշագրավ է, որ ողջ աշխարհում այս շրջանում էներգակիրները շարունակում են էժանանալ, սակայն Ռուսաստանի իշխանություններն անընդհատ ցանկանում են Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրացնել: Հիրավի դաշնակցի վերաբերմունք է: Մարդկանց լրացուցիչ գումարներ են հարկավոր` իրենց հարեւանների դեմ պատերազմելու համար, Հայաստանն էլ էլ ինչ դաշնակից է, որ իր երկիրը չզոհի, որպեսզի Ռուսաստանը կարողանա իր հարեւան երկրները քայքայել եւ անապատի վերածել:

 

 

 
Վերջին 5-6 տարիներին որոշակի դիրք ունեցող այն ոստիկանները` վարչության պետ, քննիչ կամ օպեր-լիազոր, որոնք մեղադրվել են կաշառք վերցնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչպես հետագայում պարզվել է՝ նրանց գերակշիռ մասը եղել է Մարտի 1-ի քրեական գործերը սարքողներից: Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Արմեն Ս.-ն խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով ձերբակալելու մասին: Նա մինչեւ անցած տարի, այսինքն՝ քննչական կոմիտե տեղափոխվելուց առաջ, եղել է ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ քննչական բաժնի քննիչ եւ հենց այդ ժամանակ էլ, ըստ հաղորդագրության, ինչ-որ քաղաքացուց կաշառք է պահանջել եւ ստացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արմեն Ս.-ն նույն ինքը՝ Արմեն Սարգսյանն է, ով 2008-ի մարտին ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի պետի պաշտոնն է զբաղեցրել եւ ներգրավված է եղել Մարտի 1-ի քրեական գործը քննող քննչական խմբի կազմում: Նա ընդդիմադիրներին բանտարկողներից էր:

 

 

 

Այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1,7 տոկոսով: Առաջին հայացքից թվում է, թե այս ցուցանիշն այդքան էլ մեծ թիվ չէ: Սակայն, եթե այդ թիվը դիտարկում ենք այն տեսանկյունից, որ արտադրության անկումը ենթադրում է սպառողների նվազում, այդ ցուցանիշն առավել քան կարեւոր նշանակություն է ձեռք բերում: Ի վերջո, հացը այն եզակի մթերքն է, որը, անկախ գնից, միեւնույն է՝ սպառվում է: Իսկ եթե հացի արտադրությունը նվազում է, նշանակում է՝ սկսել է նույնքան քիչ սպառվել: Մասնավորապես, երբ հացի արտադրության 1,7 տոկոսի անկումը վերածում են սպառողի, ապա ստացվում է, որ 2015-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թիվը, 2014-ի մարտի 1-ի համեմատությամբ, նվազել է մոտ 51 հազարով: Սա նույն է թե, ասենք, որ անցած տարվա համեմատ Հայաստանի առնվազն 50 գյուղ, կամ ասենք՝ Աբովյան քաղաքն ամբողջությամբ դատարկվել եւ դարձել է անմարդաբնակ:

 

 

 

 

Որքան երկար ժամանակ է անցնում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից, այնքան նոր եւ Հայաստանի համար վնասակար խնդիրներ են ի հայտ գալիս: Պարզվում է՝ ԵՏՄ անդամակցությունից հետո վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաները Հայաստան մուտք գործելիս սկսել են լուրջ խոչընդոտների առաջ կանգնել: «Ժողովուրդ»-ին է դիմել մի վիրահայ, ով ՌԴ քաղաքացիություն ունի եւ սովորաբար Հայաստան է գալիս իր մոր անունով գրանցված, վրացական պետհամարանիշներով ավտոմեքենայով: Ըստ վերջինիս՝ մի քանի օր առաջ, երբ ցանկացել է գալ Հայաստան, Գոգավանի սահմանակետում իրեն թույլ չեն տվել հատել սահմանը: ՀՀ մաքսային ծառայությունից այս առնչությամբ «Ժողովուրդ»-ին տված պատասխանից պարզ է դառնում. քանի որ Վրաստանը ԵՏՄ-ի տեսանկյունից երրորդ, կամ այսպես կոչված՝ միությունից դուրս երկիր է, ուստի ԵՏՄ օրենքներով վրացական պետհամարանիշով ավտոմեքենաները Հայաստան գալու համար պետք է մաքսատուրքեր վճարեն: Ինչպես ասում են՝ հասանք:

 

 

 

 

 

ԲԱԶՄԱԿԱԽՅԱԼՈՒԹՅՈՒՆ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Լոզանում «Վեցյակի» եւ Իրանի միջեւ ութ օր շարունակ ընթացող բանակցությունների` նախօրեին հայտարարված հաջող ավարտը, կարելի է ասել, պատմական իրադարձություն է, որը կարող է շրջադարձային աշխարհաքաղաքական նշանակություն ունենալ: Ինչ խոսք, բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները դեռ պետք է ամրագրվեն մինչեւ հունիսի 30-ը ստորագրվելիք վերջնական համաձայնագրում, սակայն դա, թերեւս, արդեն կարելի է համարել տեխնիկական հարց:
Այսպիսով` Արեւմուտքը սրընթաց կերպով իրագործում է Ռուսաստանին մեկուսացնելու իր քաղաքականությունը: Ակնհայտ է, որ պատժամիջոցների դադարեցումից հետո Իրանը, որպես էներգակիրների ահռելի պաշարներ ունեցող երկիր, Ռուսաստանի համար նոր եւ շատ մեծ խնդիր է դառնալու: Եվս մեկ հզորագույն մրցակցի մուտքը միջազգային շուկա, բնականաբար, հանգեցնելու է էներգակիրների, մասնավորապես նավթի գների էլ ավելի մեծ անկման, ինչն էլ համարժեք ուժգնությամբ հարվածելու է Ռուսաստանի՝ առանց այդ էլ անկում ապրող տնտեսությանը:
Այս իրավիճակում ինչ պետք է անի Հայաստանը, ինչպիսի սպառնալիքների եւ ակնկալիքների հաշվարկ պետք է կատարի, որպեսզի կարողանա տնտեսական օգուտներ քաղել Իրան-Արեւմուտք մերձեցումից` չհայտնվելով Ռուսաստանի ճզմիչ սապոգի տակ: Նման մի քայլ կարծես թե օրերս արդեն արվել է: Խոսքը Սերժ Սարգսյանի` Չինաստան կատարած այցի մասին է, որը կարելի է դիտարկել որպես ՀՀ արտաքին քաղաքականության` տնտեսական եւ ռազմական բաղադրիչների դիվերսիֆիկացիայի վերջին տարիների ամենահաջողված փորձը: Համենայն դեպս, Պեկինում ստորագրված հայ-չինական հռչակագիրն ու շուրջ մեկ տասնյակ համաձայնագրերը դրա համար շատ մեծ ներուժ են պարունակում, որի ռեալիզացիայի հարցում որոշիչ դերակատարություն կարող է ունենալ նաեւ Իրանը:
Հենց Իրան-Չինաստան ուղղությամբ ՀՀ արտաքին քաղաքական ծանրակշիռ քայլերը կարող են իրագործելի համարվել, քանի որ գոնե այս փուլում դրանք այն աստիճան չեն նյարդայնացնի ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ Ռուսաստանին, որպեսզի կասեցվեն:
Սա, կարելի է ասել, Հայաստանի համար հնարավորությունների լայն բացված պատուհան է, որից չօգտվելու դեպքում Հայաստանը բառացիորեն կմնա Ռուսաստանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական փլատակների տակ: Ի վերջո, մեզ նման փոքր երկրների համար անկախությունը պահելու ամենաարդյունավետ, ավելի ճիշտ` միակ ձեւը հնարավորինս շատ եւ միմյանց հակակշռող բեւեռներից հավասարաչափ կախվածությունն է:




Լրահոս