«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը հանգեցնելու է տարածաշրջանում նոր «միջուկային մրցավազքի»:
-Պարո՛ն Կարապետյան, այս օրերին աշխարհում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, հատկապես Իրանի շուրջ: Նախօրեին Լոզանում «Վեցյակի» եւ Իրանի միջեւ հաջողությամբ ավարտված բանակցություններից հետո առաջին պլան է գալիս իրանական էներգակիրների` գազի եւ նավթի՝ միջազգային շուկա մուտք գործելու հարցը: Եթե գործընթացներն, ի վերջո, գնան դրան, ապա դա ինչպիսի ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության եւ մասնավորապես Հայաստանի վրա:
-Այդ իրադարձություններն ամենաշատը Հայաստանի վրա են ազդեցություն ունենալու: Ուրեմն հիմա այսպիսին է իրավիճակը, եթե Իրանի ամբողջ սանկցիաները հանեն, իսկ արդեն պայմանավորվել են, որ մինչեւ հունիսի 30-ը պետք է հանեն, ուրեմն ամենահամեստ հաշվարկներով օրական շուկա է նետվելու միլիոն 205 հազար բարել նավթ, այսինքն՝ այդ պարագայում ենթադրելի է, որ նավթի գինը 50-դոլարից իջնելու է ներքեւ: Եվ այդ պարագայում հասկանալի է դառնում, որ մեծ հարված է հասցվելու ՌԴ-ի բյուջեին, դա իր հերթին բերելու է ռուսական տնտեսության է՛լ ավելի վատթարացման, որովհետեւ գիտեք՝ բյուջեն իրենց մոտ ձեւավորվում է նավթային եւ գազային մուտքերից: Սա մեզ վրա եւս ազդեցություն է ունենալու. կրճատվելու են տրանսֆերտները, դոլարի կուրսի համարժեք փոփոխություններ են լինելու եւ այլն: Հիմա սրան գումարվելու են այլ գեոքաղաքական խնդիրներ: Այս ամենը բերելու է նաեւ Թուրքիայի կողմից ատոմային զենքի վրա աշխատանքների ավելացմանը, այսինքն՝ մեր շրջապատում սկսվելու է մեծ մրցավազք: Եթե Իրանն ու Թուրքիան սկսեցին այդ առումով առաջ շարժվել, Սաուդիան Արաբիան միանգամից Պակիստանից փորձելու է գնել այդ ռումբը, չի մնալու հետ: Նայեք, թե մեր շուրջն ինչ է կատարվում, երբ ամեն վայրկյան այնտեղ մի բան լինում է:
-Դուք հայտարարել եք նաեւ, որ այս զարգացումների հետեւանքով ՌԴ-ն հայտնվելու է «բորտին», ի՞նչ նկատի ունեք:
-ՌԴ-ն շատ ծանր կացության մեջ է, մի կողմից ինքը չէր կարող չգնալ այս պայմանավորվածություններին, որովհետեւ սա աշխարհի լիցքաթափում էր նշանակում, բայց մյուս կողմից էլ հասկանալի է, որ ՌԴ-ն գնաց ԱՄՆ-ի առաջարկված մեխանիզմով, որովհետեւ այլ մեխանիզմ ուղղակի չկար, եւ հիմա շատ ծանր կացության մեջ է: Եթե Իրանը լինի ատոմային ապագա երկիր, ՌԴ-ի համար շատ վտանգավոր է, որովհետեւ տեսեք` ԱՄՆ-ը որտեղ է, Իրանը որտեղ է, իսկ աշխարհագրորեն ՌԴ-ն ու Իրանն ավելի մոտ են, այսինքն՝ դա շատ կարեւոր է, մյուս կողմից էլ գազանավթային այդ խնդիրը, որը գնալով բավականին ծանր կացություն է ստեղծելու: Եթե սրան գումարվի, իսկ ես կարծում եմ, որ կգումարվի, այն որ ԱՄՆ-ն որոշի ինչ-որ չափով իր սեփական նավթային ռեզերվները վաճառել, նավթի գինը մոտավորապես կլինի 25-30 դոլար: Դրա համար էլ, եթե նկատել եք՝ Լավրովը շատ հետաքրքիր ձեւով էր մասնակցում այդ հանդիպումներին՝ մի օր գնում, մնում էր, հետո թողնում, հետ էր վերադառնում ու չէր մասնակցում, հետո էլի գնում էր… հասկանալի էր, որ պայմանավորվածությունը ռուսների սրտով չի այդքան, առավելեւս, որ այժմ ՌԴ-ն պայման է դնում, որպեսզի Իրանի վրայից հանվեն ամենակարեւոր՝ զենք գնելու պատժամիջոցները: Այդպիսով Ռուսաստանը մտածում է՝ եթե գազային-նավթային սեկտորը ինչ-որ մասով, քաղաքականության առումով զիջում է Արեւմուտքին, գոնե իր օգուտները ձեռք բերի զենքի առեւտրի ժամանակ: Այսինքն՝ ծանր կացություն է թե՛ ՌԴ-ի, թե՛ մեր տարածաշրջանի ապագա զարգացումների համար:
-Այս զարգացումների հետեւանքով հնարավո՞ր է ՀՀ-ում բենզինի կամ դիզվառելիքի գների իջեցում նկատվի, արդյո՞ք այդ առումով ՀՀ-ում փոփոխություններ սպասվո՞ւմ են:
-Տրամաբանությունից բխող հարց է, բայց քանի որ ՀՀ-ում շահութ ձեռք բերելը ոչ մի տրամաբանության չի տրվում… Ես ինչքան գիտեմ՝ ՀՀ-ի դիզվառելիքի եւ բենզինի շուկան ավելի շատ կապված է ռուսական նավթի ու նավթամթերքների վերամշակման հետ, Իրանի հետ քիչ է կապված: Պարզ է, որ տարբեր երկրներում գինն ընկնում է, բայց արի ու տես, որ ՌԴ-ում, ընդհակառակը, աճում է, եւ եթե այնտեղից ենք բերելու, ապա այստեղ չի կարող իջնել, եթե ՌԴ-ում բարձրանում է: Եթե մենք անցնելու ենք Իրանից գնմանը… բայց ես ինչքանով գիտեմ՝ Իրանը նավթ է վաճառում, վերամշակման խնդիր ունի:
ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿԽԱՌՆՎԻ՞
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ իշխանությունները դեռեւս չեն կողմնորոշվել, թե ով պետք է լինի Աբովյանի նոր քաղաքապետը: Այս պահի դրությամբ միակ թեկնածուն համարվում է «Քինգ դե լյուքս» ՍՊԸ սեփականատեր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Սակայն մեզ տեղեկություններ են հասել, որ Գագիկ Ծառուկյանը եւս իր թեկնածուն է ունենալու:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գ. Ծառուկյանի համար ընդունելի թեկնածուն Կոտայքի նորանշանակ մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի մտերիմներից մեկն է` նրա նախկին տեղակալ Անդրանիկ Պետրոսյանը: Նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ է եւ նախկին քաղաքապետ-նորանշանակ մարզպետի համար ցանկալի թեկնածու է: Երեկ տեղեկություններ էին շրջանառվում, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտադրություն ունի իր «հսկողության» տակ վերցնել Աբովյանի քաղաքապետի ընտրությունները: Նշվում է, որ Գ. Ծառուկյանը որոշել է ամեն կերպ առաջ տանել իր փեսայի մտերիմ Անդրանիկ Պետրոսյանի թեկնածությունը:
Աբովյանցիները կարծում են, որ Գ. Ծառուկյանն ամեն ինչ անելու է, որպեսզի Արթուր Հարությունյանը խայտառակ պարտություն կրի ընտրություններում: Իսկ Ա. Հարությունյանն էլ այս ընթացքում ամեն ինչ անելու է, որպեսզի իշխանությունների «դաբրոն» ստանա՝ ընտրություններում հաղթանակ տանելու համար: Ըստ մեր տեղեկությունների՝ Արթուր Հարությունյանն արդեն սկսել է լուրջ աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է զրուցել Աբովյանի քաղաքապետի պաշտոնակատար Անդրանիկ Պետրոսյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք նա պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել քաղաքապետի ընտրություններում եւ արդյոք արդեն ունի ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությունը:
Սակայն թե՛ քաղաքապետարան, թե՛ Անդրանիկ Պետրոսյանի աշխատասենյակ կատարած մեր հեռախոսազանգերին ոչ ոք չպատասխանեց: «Ժողովուրդ»-ը կարողացավ զրուցել միայն Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի հետ, ով վստահեցրեց, թե ինքը կարող է մեզ հուզող բոլոր հարցերին պատասխանել:
Մ. Հակոբյանը նշեց, որ դեռեւս հստակեցված չէ՝ արդյո՞ք Անդրանիկ Պետրոսյանն իր թեկնածությունն առաջադրելու է Աբովյանի քաղաքապետի պաշտոնում. «Առաջադրումը դեռեւս պետք է լինի, կարծում եմ՝ շատերն են ուզում առաջադրվել, բայց առայժմ ընտրությունների օրը հայտարարված չէ»: Իսկ ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե Գ. Ծառուկյանը պաշտպանելու է Ա. Պետրոսյանի թեկնածությունը, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ նման բան չկա` ամեն դեպքում շեշտելով. «Անդրանիկ Պետրոսյանը շատ երկար այս քաղաքում աշխատած պաշտոնյա է, եւ բոլորը նրան գիտեն»:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՓՈՐՁԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՎԵԼ
2015թ. հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի անդամներից մեկին` 34-ամյա Արմեն Ավետիսյանին, ինչպես հայտնի է, հայտնաբերել էին տան հատակին ընկած: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջինիս մարմնի դատաբժշկական փորձաքննության արդյունքում նրա ձեռքին այրվածքներ են արձանագրվել: Ենթադրվում է, որ Արմենը կրակոցներից արթնացել է եւ փորձել է հանցագործի ձեռքից խլել զենքը եւ այդ ժամանակ էլ այրվածքներ է ստացել: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկինում հայտնած տվյալներով՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ տուժողներից 6 սպանվել են հրազենից ստացած, իսկ մանկահասակ Սերյոժա Ավետիսյանը՝ կտրող-ծակող գործիքով պատճառված մարմնական վնասվածքներից:
ԲԱԲԼՈՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՕՐԱԹԵՐԹԻՆ
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արա Բաբլոյանին պատկանող ընկերությունը դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ. մարտի 9-ին «Արաբկիր բժշկական համալիր երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ն եւ Արա Բաբլոյանը դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` «Հրապարակ»-ից պահանջելով հերքում հրապարակել եւ նաեւ երկու միլիոն դրամ փոխհատուցում տալ՝ իբր թե իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար: Հայցը գտնվում է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի վարույթում, իսկ նախնական դատական նիստը նշանակված է մայիսի 26-ին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանն ասաց, որ հայցադիմումը նոր է ստացել եւ դեռ չի հասցրել դրա մանրամասներին ծանոթանալ, ուստի առայժմ ձեռնպահ մնաց գնահատականներ տալուց:
ԴԵՌ ՉԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած բնակարանատերերը տեւական ժամանակ է, ինչ համաձայնագրեր են կնքում «Արցախբանկ»-ի հետ: «Տոնուս»-ից տուժածների խոսքով՝ տվյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո շենքի շինարարությունը 9 ամսում պետք է ավարտվի: Իսկ որպեսզի համաձայնագիրը ուժի մեջ մտնի, բոլորը պետք է այն ստորագրեն: Սակայն երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բնակիչները բողոքում էին, որ իրենք բոլորը համաձայնագրերը ստորագրել են, իսկ բանկի սեփականատերը՝ ոչ: Հիշեցնենք, որ «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատերն էր նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը: Իսկ ընկերության կողմից խաբվել էին Դավթաշենի երկրորդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի ավելի քան 160 գնորդներ: