ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երեք ամիս է, ինչ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին, սակայն այս կարճ ժամանակահատվածում հասցրել է միայն վնասներ կրել: Այս անգամ էլ թիրախում հայտնվել են այն հայ քաղաքացիները, ովքեր Վրաստանից ցանկանում են Հայաստան գալ իրենց վրացական ավտոմեքենաներով. նրանք Գոգավանի սահմանակետում հանդիպում են մի շարք խոչընդոտների:

«Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացի Սուրեն Աբրահամյանը հայտնեց, որ ինքը մոտ օրերս Վրաստանի Հանրապետությունից Հայաստան գալու ժամանակ մի շարք խնդիրների առաջ է կանգնել եւ արդյունքում այդպես էլ չի կարողացել ՀՀ մուտք գործել: Տեղեկացնենք, որ Սուրեն Աբրահամյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, սակայն ապրում է Վրաստանում: «Վրաստանից մայրիկիս պատկանող վրացական պետհամարանիշներ ունեցող մեքենայով, որը ես վարում եմ լիազորագրով, ցանկացա Հայաստան գալ, սակայն Գոգավանի մաքսակետում ինձ մերժեցին՝ պատճառաբանելով, որ Վրաստանից երրորդ երկիր չի թույլատրվում անցնել»,- ներկայացրեց քաղաքացին:
Ստացվում է, որ այն անձը, ով ՌԴ-ի կամ Հայաստանի քաղաքացի է եւ վարում է երրորդ երկրում գրանցված մեքենա, ՀՀ մուտք գործելու ժամանակ հանդիպելու է մի շարք խոչընդոտների: Այս խնդիրն առաջացել է Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Նշենք, որ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը վերջին շրջանում պարբերաբար նմանատիպ ահազանգեր է ստանում: Պարզվում է, որ նման խնդրի առաջ է կանգնել ոչ միայն Սուրեն Աբրահամյանը, այլեւ Վրաստանում եւ Ջավախքում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներ: Նրանց պնդմամբ՝ իրենց մուտքը դեպի Հայաստան ավելի են բարդացրել: Ջավախքի հայությունն այս նոր իրավիճակում մի շարք նոր դժվարությունների է բախվում, սակայն նրանց մի մասն արդեն կարգավորել է այս հարցը: Վրաստանում բնակվող մեր հայրենակիցներն իրենց հայկական կամ ռուսական գրանցում ունեցող մեքենաներն անմիջապես գրանցումից հանել են եւ կրկին գրանցել որպես վրացական` այդպիսով փորձելով լուծել խնդիրը:
«Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ֆինանսների նախարարություն՝ տեղեկանալու համար, թե ինչն է պատճառը, որ մեր հայրենակիցները չեն կարողանում հեշտությամբ մուտք գործել ՀՀ, ինչպես նախկինում էր: ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից ի պատասխան մեր հարցման՝ հայտնեցին հետեւյալը. «Անհրաժեշտ է առաջնորդվել Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների եւ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին համաձայնագրի 3-րդ հավելվածի 23-րդ կետով, համաձայն որի` անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք գրանցված են օտարերկրյա պետության տարածքում, ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ցանկացած միջոցով՝ վեց ամիսը չգերազանցող ժամկետում: Այդպիսի տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելու պայմանով` Մաքսային միության մաքսային օրենսդրության համաձայն: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման պայմանները եւ դրա կիրառման միջոցները սահմանվում են «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 16-րդ գլխով: Ստացվում է, որ անելանելի դրության մեջ հայտնված մեր հայրենակիցները քաշքշուկներից եւ թղթատարությունից խուսափելու համար, պետք է համապատասխան մաքսատուրքեր վճարեն եւ ապա միայն մուտք գործել ՀՀ: Իհարկե, այս կարգավիճակով նրանք կարող են միայն վեց ամիս մնալ:
Գուցե մյուս երկրների դեպքերում նման տարբերակը մեզ առանձնապես չմտահոգեր, բայց Վրաստանի դեպքում դա հնարավոր չէ, քանզի այնտեղ մենք ունենք տասնյակ հազարավոր հայրենակիցներ: Բացի այդ` Վրաստանը Հայաստանի համար առանձնահատուկ կարեւորություն ունի որպես արտաքին աշխարհի հետ մեր ցամաքային կապն ապահովող տարանցիկ երկիր: Մենք Վրաստանում նաեւ ունենք մեծ թվով Հայաստանի քաղաքացիներ, ովքեր այնտեղ բիզնես գործունեություն են ծավալում, եւ, բնականաբար, ունեն Վրաստանում գրանցված ավտոմեքենաներ: Եվ հիմա, փաստորեն, Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հետեւանքով այդ քաղաքացիների ազատ մուտքը դեպի ՀՀ բարդացել է: Սա շատ լուրջ խնդիր է, որի լուծման ուղղությամբ, կարծում ենք, ՀՀ իշխանություններն ամենակարճ առաջիկայում պետք է գործուն քայլեր ձեռնարկեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

ՁԱԽՈՂԱԾԻՆ ՆՈՐ ՊԱՏՎԵՐ

Մի քանի օր առաջ Դիլիջան քաղաքում շահագործման է հանձնվել քաղաքի Oղակաձեւ հրապարակը: Այդտեղ են հատվում Երեւան-Դիլիջան-Իջեւան եւ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները: Պաշտոնական տվյալներով՝ Օղակաձեւ հրապարակում նորոգվել է շուրջ 8000 քառակուսի մետր տարածք: Նախկինում հրապարակի ասֆալտբետոնե ծածկը մաշված էր, հրապարակը եզրափակող բազալտե եզրաքարերը՝ քանդված:

«Պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով այդ աշխատանքները կատարել է «Խաչհար» ՍՊԸ -ն: Շինարարական աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի միջոցներով, դրանց արժեքը գրեթե 58 միլիոն դրամ է: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժոդովն արդեն հիշյալ ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:
Տավուշի մարզի ճանապարհաշինական ձեռնարկությունները hիմա գրեթե պարապ են, իսկ սահմանամերձ մարզում լավ պատվերը, թեկուզ մրցույթով, տրվել է «դրսի» ընկերության, այն էլ այն բանից հետո, երբ «Խաչհարը» ձախողել է Տավուշի սահմանագոտում Վազաշեն-Պառավաքար ռազմավարական ճանապարհի կառուցումը: Դրա համար այն առնվազն պետք է տուգանքի արժանանար եւ ոչ թե նոր, «յուղոտ» պատվերի: Հիշեցնենք, որ Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը պետք է ավարտվեր 2014թ. հունիսին: Այն կոչված էր ապահովելու սահմանամերձ հատվածում երթեւեկի անվտանգությունը դիմացի բարձունքներում գտնվող ադրբեջանական հենակետերից արձակվող կրակոցներից:
Ի սկզբանե այդ ճանապարհի շինարարության մրցույթը շահել եւ այն կառուցում էր Իջեւանի ՃՇՇ-ն: 2014թ. հուլիսին Տավուշ այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տեսնելով, որ ճանապարհի կառուցումը կիսատ է մնացել, հանձնարարել էր մինչեւ օգոստոսի վերջ այն ավարտին հասցնել: Դա չարվեց, սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցապատողը, գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին, որը պարտավորվեց մինչեւ 2014թ. հոկտեմբերի վերջ ավարտել կարեւոր ճանապարհի շինարարությունը:
Արդեն 2015-ի ապրիլն է, սակայն ճանապարհի շինարարությունը դեռ չի վերսկսվել: Մասնագետներն ասում են, որ նշված ճանապարհի այն հատվածում, որտեղ անցյալ տարի ասֆալտապատում է կատարվել, ասֆալտի շերտը քանդվելու է, քանի որ աշնանը եւ ձմռանը ջուրը մտել է դրա տակ, քայքայել: Ռազմավարական նշանակություն ունեցող հիշյալ ճանապարհի գործարկման ձգձգումն անթույլատրելի է, սակայն այդ հարցը, կարծես, շատ չի հուզում մեր իշխանություններին: Եվ սա այն դեպքում, երբ 2013 թվականի ընթացքում այդ հատվածում ադրբեջանական կրակոցներից 3 զինվորական է զոհվել, 11 հոգի էլ (2 քաղաքացիական անձ) վիրավորվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս