Հայաստանի համար Վրաստանի հետ ունեցած հարաբերությունները կարեւորագույն նշանակություն ունեն, բնականաբար, Վրաստանի համար էլ կարեւոր են Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները: Սակայն ժամանակ առ ժամանակ սահմանին ի հայտ եկող խնդիրները հակառակն են ապացուցում:
Օրինակ՝ նախօրեին, Վրաստանի Հանրապետությունում՝ Բագրատաշեն-Սադախլո մաքսային կետում, ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն ուղեւորվող «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպությանը պատկանող ավտոբուսի վարորդ՝ ՌԴ քաղաքացու եւ Վրաստանի Հանրապետության սահմանային կետի աշխատակիցների միջեւ ծագած վիճաբանության արդյունքում քաղաքացին ձերբակալվել է եւ տեղափոխվել Մարնեուլիի ոստիկանության բաժանմունք:
Իսկ ավտոբուսի 50 ուղեւորները երկար ժամանակ մնացել են սահմանային կետում: Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպության ղեկավար Կարեն Թադեւոսյանից տեղեկացավ, որ ընկերության մեկ այլ վարորդ ուղեւորներին առանց խնդրի տեղափոխել է ՌԴ:
«Ֆորսաժ-Տուր»-ի տնօրեն Կարեն Թադեւոսյանի խոսքերով՝ իրականում իրենց կազմակերպության աշխատակիցն է տուժել: «Երեկ վրացիները նշել են Զատկի տոնը, ինչի հետեւանքով սահմանակետում դժվարություններ է առաջացել: Մեր վարորդը մոտեցել է եւ սահմանակետի աշխատակիցներին խնդրել, որ ավտոբուսի ուղեւորներին թողնի՝ անցնեն: Սակայն վերջիններս կոպիտ են պատասխանել վարորդին եւ հայտարարել են, որ երբ իրենք կցանկանան, կթողնեն: Իսկ մեր վարորդն էլ ասել է` մենք անասուն չենք, մարդ ենք, շուտ թողեք, գնանք: Ինչից հետո վիճաբանություն է սկսվել, եւ 6 հոգով մեր վարորդին վիրավորել են, հրել ու ծեծել: Իսկ հիմա էլ մեր վարորդին ցանկանում են վարչական տույժի ենթարկել»,- ներկայացրեց Թադեւոսյանը: Վերջինիս պատմելով՝ վրացական կողմը գրեթե միշտ արհեստական խոչընդոտներ է ստեղծում, ինչի արդյունքում տուժում են ուղևորները:
«Մենք պահանջում ենք, որ մեզ վերաբերվեն ինչպես մարդու: Ի վերջո, մարդ ենք: Նաեւ հանեն շահագործումից այն ապարատները, որոնցով միշտ տուգանում են: Օրինակ՝ սխալ քայլելու դեպքում կարող են 20 լարիով տուգանել: Վրացական կողմից ճնշումները շատ են»,- վրդովված պատմեց տուրիստական ընկերության ներկայացուցիչը: Տեղեկացնենք, որ ընկերության տնօրինությունն այս խնդրի շուրջ երբեւէ չի դիմել ո՛չ արտաքին գործերի նախարարություն եւ ո՛չ էլ Վրաստանում Հայաստանի դեսպանություն:
Ավելի ուշ Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ Վրաստանում ձերբակալված վարորդի հետ հեռախոսազրույց է ունեցել: «Ասեց, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Նրան ո՛չ վարչական տույժի կենթարկեն, ո՛չ էլ քրեական գործ կհարուցեն: Ընդամենը մեկ օր կպահեն ու հետ կուղարկեն»,- հավելեց Թադեւոսյանը:
Իսկ թե այս միջադեպը ի՞նչ հետք կարող է թողնել վարորդի հետագա գործունեության վրա, առայժմ անհայտ է: Սակայն նկատենք, որ իրավիճակը հայ-վրացական սահմանին այնքան է խորացել, որ հայկական կողմը դեռ շատ ջանքեր պետք է գործադրի, որպեսզի վերադարձնի նախկինում ունեցած իր դիրքերը:
Հ.Գ. Հավելենք, որ այս միջադեպին ոչնչով չարձագանքեց Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Լուսանկարը` Armenpress-ի