Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 14-ին հանդիպումներ է ունեցել Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի, փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Սամիր Մոքբելի և զինված ուժերի հրամանատար, գեներալ Ժան Քահվաժիի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության զարգացման հեռանկարներին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Կողմերը կարևորել են երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այս տարվա մարտին ստորագրված երկկողմ համագործակցության ծրագրի ամբողջական իրականացումը, ինչպես նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը Լիբանանի իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով այցելել ՀՀ:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարին ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը:
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև սփյուռքում գործող հայ հայտնի կրթօջախներից մեկը` Բեյրութի Հայկազյան համալսարան և հանդիպում ունեցել հայ ուսանողների հետ:
ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը լիբանանահայ համայնքի ազգային կառույցների ղեկավարների հետ: