Տարո՛ն, սիրուն չէ Ուեսթի հաշվին PR անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ ակտիվ քննարկվում են աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի՝ Երևանի Կարապի լճի մոտ ունեցած անվճար համերգի մանրամասները: Չի մոռացվել նաեւ այն, որ Ուեսթը համերգի ընթացքում մի քանի անգամ դժգոհեց, որ «ինչ-որ բան այն չէ», ըստ երևույթին խոսքը տեխնիկական խնդիրների մասին էր, որ նրան ստիպեց ընդհատել համերգը:

Քանյե Ուեսթը համարվում է ամենապահանջված արտիստներից մեկը: Նա ամբողջ աշխարհում վաճառել է 21 միլիոն ալբոմ եւ 66 միլիոն թվային սինգլ: Ուեսթը երաժշտարվեստում ամենաբարձր գնահատականին է արժանացել երկու տասնյակ անգամ. նա 21 Գրեմմի մրցանակի դափնեկիր է: Ուեսթը զուգերգեր է կատարել այնպիսի աշխարհահռչակ երգիչ-երաժիշտների հետ, ինչպիսիք են Փոլ Մաքքարթնին, Ռիհաննան, Ջեյ-Զին, Թի-Փեյնը եւ ուրիշներ: Նա նաև  զբաղվում է պրոդյուսերական աշխատանքով և երաժիշտներ է «պատրաստում»՝ միջազգային արենայում հանդես գալու համար: 2012 թվականի ապրիլից նա հանդիպում էր ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ, 2013-ի հունիսին ծնվեց նրանց դուստրը` Նորթ Ուեսթը: Իսկ 2014 թվականի մայիսի 24-ին Ֆլորենցիայում զույգն ամուսնացավ:

Քանյե Ուեսթն ու Քարդաշյան քույրերը ապրիլի 8-13-ը Հայաստանում էին: Ու այդ ընթացքում Ուեսթի երկրպագուներն ամեն ինչ արեցին՝ նամակներով, ակցիաներով՝ խնդրելով մեգաաստղին համերգ տալ Երեւանում: Այդ օրերին Change.org կայքում ստորագրահավաք սկսվեց Քանյե Ուեսթի համերգի պահանջով: Ավելի ուշ, Change.org-ի թիմը եւ Քանյե Ուեսթի` Երեւանում համերգով հանդես գալու խնդրագրի հեղինակ Վրեժ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն լրատվամիջոցներին՝ Ուեսթի երկրպագուների խնդրանքը լուսաբանելու համար:

Թվում էր, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը պետք է ոտ ու ձեռք ընկած պատրաստվեին այդ մեծության աստղի համերգին: Ընդ որում, նրանք պարտավոր էին պատրաստվել այդ համերգին՝ առանց հավաստիանալու՝ կկայանա՞ այն, թե՞ ոչ: Քանի որ այդ մակարդակի երաժիշտ Հայաստան տասը տարին մեկ կարող է հյուր գալ, եւ նրա համերգի տապալումն ուղղակի ամոթ էր: Բայց ոչ, Երեւանի քաղաքապետարանում իրադարձություններին անհաղորդ նստած էին համակարգչի առջեւ եւ հրճվում էին Քարդաշյանի այցով՝ մոռանալով իրենց բուն պարտականությունների մասին:

Ի վերջո, Քանյե Ուեսթը, ինչպես եւ սպասվում էր, հանկարծ որոշում կայացրեց ապրիլի 12-ի գիշերը Երեւանում հանդես գալ համերգով: Հայ հանրությունը կեսգիշերից 10-15 րոպե առաջ տեղեկացավ Կարապի լճի մոտ կայանալիք համերգի մասին, բայց այն էլի մարդաշատ անցավ: Եւ այստեղ քաղաքապետարանն անակնկալի եկավ: Ճիշտ այնպես, ինչպես անակնկալի է գալիս, օրինակ, ձմռանը, երբ ձյուն է տեղում, ու քաղաքի երթեւեկությունը կաթվածահար է լինում:

Այս իրավիճակում համերգը կայացավ, ու, բնականաբար, Ուեսթը հրաշալի տպավորություններ թողեց իր հայաստանցի երկրպագուների մոտ: Բայց այդ ընթացքում PR-շիկները չմոռացան Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի «գովազդն անել» եւ համերգի բացման ժամանակ հայտարարվեց, թե շնորհակալություն պետք է հայտնել Երեւանի քաղաքապետին՝ համերգը կազմակերպելու համար: Մինչդեռ անգամ համերգի տեսագրությունից է պարզ դառնում, որ հանրահայտ ռեփերը դժգոհ է տեխնիկական խնդիրներից: Նա մի քանի անգամ ասաց, թե «ինչ-որ բան այն չէ»: Շատերի մոտ նույնիսկ կարծիք կա, որ ռեփերը նետվեց Կարապի լիճը՝ տեխնիկական խնդիրների պատճառով առաջացած տհաճ իրավիճակը փրկելու համար: Քանյե Ուեսթն ընդամենը 6 երգ կատարեց, ու մինչ հավաքվածները վանկարկում էին նրա անունը, բարձրախոսով հայտարարվեց, թե համերգն ավարտվել է, եւ երգիչը վաղուց հյուրանոցում է:

Ինչո՞ւ հնարավոր չեղավ պատշաճ համերգ կազմակերպել: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել նշված երկու վարչությունների պետերից, սակայն այդ դժվարին գործն իր ուսերին վերցրեց քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվական վարչության պետ Արթուր Գեւորգյանը: «Մենք աջակցել ենք ռեփերի ցանկությանը: Իր ծրագրի մեջ նախապես չի եղել նման համերգ անցկացնելու մտադրություն: Նման համերգները բարձրակարգ կազմակերպելու համար ժամանակ է անհրաժեշտ: Եթե իրենց գալու ժամանակ արդեն իսկ ասված լիներ, որ նմանատիպ ցանկություն կա, ապա համոզված եղեք, որ ամեն ինչը նախապես կարվեր, եւ որեւէ թերացում չէր լինի: Ի դեպ, դժգոհությունների մասով առաջինը լսում եմ ձեզանից: Ո՞վ է խոսել Քանյե Ուեսթի հետ, ո՞ւմ է նա դժգոհել: Ո՞վ է ասել, որ տեխնիկական թերացում է եղել, կամ նա դժգոհել է: Քանյե Ուեսթի պաշտոնական փաստարկը ներկայացրեք»,- մեծ անտեղյակությամբ հետաքրքրվեց Ա. Գեւորգյանը:

Մինչդեռ առանձնապես մեծ երաժշտական տաղանդ պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, թե տեխնիկապես ինչքան վատ էր կազմակերպված համերգը: Եւ այս ֆոնին հետաքրքիր է հիշեցնել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այժմ ունի 7 խորհրդական եւ 4 տեղակալ: Մի՞թե նրանցից որեւէ մեկը չկարողացավ այնպիսի խորհուրդ տալ, որ այսօր հայ հասարակության զգալի մասը անիմաստ չհամարեր Ուեսթի համերգի համար քաղաքապետին շնորհակալություն հայտնելը:

Հիշեցնենք նաեւ, որ անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված Նունե Եսայանի մենահամերգի կազմակերպման համար պետության միջոցներից ծախսվեց 54.7 մլն դրամ (134 հազար ԱՄՆ դոլար): Եւ այն տեխնիկապես հագեցած էր: Հիմա ի՞նչ. ստացվում է, որ Նունեի համար մեր երկրում անհնարինն անգամ հնարավոր է (մեջը փող կա), իսկ որ Քանյե Ուեսթի համերգն անվճար էր, կարելի էր «բեսեդկայի» մակարդակով կազմակերպե՞լ: Համաձայնեք՝ սիրուն չէ, Տարո՛ն:

Հ. Գ. Իսկ ինչ վերաբերում է ՀՀ մշակույթի նախարարին, ապա տիկին Հասմիկ Պողոսյանին վաղուց շատերը մշակույթի նախարար չեն ընդունում: Նա ընդամենը առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ընկերուհին է (ընդ որում, նա հաջողեցնում է նույն ջերմությամբ ընկերություն անել բոլոր ժամանակների առաջին տիկնանց հետ), որն ունի աշխատակազմ, ծառայողական ավտոմեքենա ու Սերժ Սարգսյանի հետ էլ երբեմն շրջագայում է աշխարհով մեկ՝ ՀՀ պետբյուջեի հաշվին: Պողոսյանն ու մշակույթն այնքան անհամատեղելի են, որքան ՀՀԿ տատիկն ու Քիմ Քարդաշյանը:

Թամարա Միքայելյան




Լրահոս