Այսօրվանից Ստրասբուրգում սկսվելու են միտինգներ և նստացույցներ` ի պաշտպանություն Ժիրայր Սէֆիլյանի և նրա ընկերների: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը:
«Ակցիայի մասնակիցներն այդպես իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականության հանդեպ: Լինելու են բազմաբովանդակ ակցիաներ: Ես, լինելով նախկին քաղբանտարկյալ, գիտակցում եմ, թե ինչ է նշանակում քաղբանտարկյալ լինել և ես պարտավոր եմ նման երևույթի դեմ պայքարել», – նշեց նա:
Գ.Մանուկյանը հայտնեց, որ իրենք պատրաստվում են նամակով դիմել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահ Անն Բլասերին և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի պարոնայք, Հայաստանի Հանրապետությունում տիրող անկախ պետությանը բնորոշ ավտորիտար ռեժիմը 2013 թվականի փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններից հետո անցավ Ռուսաստանի Դաշնության ենթակայության ներքո, որի ապացույցը հանրությանը ներկայացվեց սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի կողմից հնչեցրած հայտարարությամբ Մաքսային Միությանը անդամակցելու վերաբերյալ։ Մենք՝ Ստրասբուրգում բնակվող Հայաստանի քաղաքացի հայերս դատապարտում ենք ՀՀ իշխանությունների և Սերժ Սարգսյանի որդեգրած քաղաքականությունը, որի հետևանքով ստիպված լքել ենք Հայաստանը։
Սերժ Սարգսյանը 2013 թվականի փետրվարի 18-ին բացահայտ գողանալով հայ ժողովրդի քվեն իր կամակատար ՀՀԿ-ական պատգամավորների հետ աշխարհին ներկայացնում Է Հայաստանը որպես ժողովրդավարական, անվտանգ, ապահով երկիր։ Մենք` Հայաստանը լքած Ստարբուրգի հայերս, հավաստիացնում ենք, որ Հայաստանում ժողովուրդը ապրում է վախի և տագնապի մթնոլորտում և այս մասին վկայում են փաստերը։
2015 թվականի հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ռուս զինվորի կողմից սպանվեց մի ամբողջ ընտանիք և մինչև օրս Հայաստանի իշխանությունները, ազգային անվտանգության, իրավապահ մարմինները ոչ մի հստակ գործողություն չեն ձեռնակրում այս ոճրագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Այժմ ոճրագործ Վալերի Պերմյակովի կատարած ոճրագործությունը բացահայտելու փոխարեն ՀՀ իշխանությունները Սերժ Սարգսյանի հրամանով Հայաստանում ավելացնում են քաղբանտարկյալերի թիվը՝ ձերբակալելով հայ ազգի հերոսներին։ 2015 թվականի ապրիլի 7ին առավոտյան ՀՀ ազգային անվտանգության ծառայողները Սերժ Սարգսյանի հրամանով ներխուժել են Հիմնադիր խորհրդարանաի գրասենյակ՝ հրաժարվելով ներկայացնել խուզարկության հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ և կատարել խուզարկություն։ Նմանատիպ գործողություններ է կատարվել նաև Հիմնադիր խորհրդարանի անդամների բնակարաններում, որից հետո անօրինաբար բերման են ենթարկել վեևջիններիս՝ մեր ազգի նվիրյալներ Ժիրայր Սէֆիլյանին, ազատամարտիկ Պավել Մանուկյանին, Գարեգին Չուգազսյանին, Վարուժան Ավետիսյանին, Գևորգ Սաֆարյանին ։ Եվ այս ամենի նպատակը «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման խաղաղ ցույցերը տապալելն է։
Սահմանափակելով մարդկանց խոսքի ազատությունը, հայ ժողովուրդը չի կասկածում, որ մեր ազգի նվիրյալները երբեք զանգվածային անկարգություններ թույլ չեն տա Հայաստանում, դա բազմիցս նշվել է նրանց կողմից։ Այսպիսով ռեժիմի կողմից ձերբակալված 13 քաղբանտարկյալներին միացան ևս 5 քաղբանտարկյալ։ Հարգելի պարոնայք, միթե սա ձեր անգործության հետևանքը չէ, այսքան քաղբանտարկյալ Հայաստանում և դուք համարում եք Հայաստանը ժողովրդավարական երկիր։ Մենք՝ ներքոստորագրյալներս ձեզնից պահանջում ենք վերանայել ձեր որոշումները և ՀՀ իշխանություններից պահանջել անհապաղ ազատ արձակել քաղաքական հայացքների պատճառով ձերբակալված անձանց»։