«ՀՐԱԶԴԱՆ ՑԵՄԵՆՏ» ԳՈՐԾԱՐԱՆԸ ՊԱՐՏՔԵՐ Է ԿՈՒՏԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ի գլխին սեւ ամպեր են կուտակվել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին այս ընկերության դեմ երկու դատական հայց է ներկայացվել՝ խոշոր չափի գումար բռնագանձելու պահանջով: Ընդ որում, դատարանը բավարարել է հայցվորներից մեկի` «Գազպրոմ Արմենիայի» միջնորդությունը՝ «Հրազդան ցեմենտ» գործարանի գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք դնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ցեմենտի գործարանը 2013թ. սնանկ ճանաչվելուց հետո գրավադրվել էր, այնուհետեւ անցել «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի կառավարմանը՝ վերանվանվելով «Ցեմենտ սերվիս» ՍՊԸ: Այս պահին գործարանի ճակատագիրը անորոշ է:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Հրազդան ցեմենտ» («Միկա-Ցեմենտ») ՓԲԸ-ի եւ պահանջել բռնագանձել 1 մլրդ 125 մլն 531 հազար 499 դրամ: Հայցվորը՝ տվյալ դեպքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, միաժամանակ դատարանից խնդրել է հայցի ապահովման համար հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա:
Դատարանն էլ, ուսումնասիրելով գործը, որոշել է, որ միջնորդությունը հիմնավորված է եւ ենթակա է բավարարման: Արդյունքում 1 մլրդ 125 մլն 531 հազար 499 դրամի չափով արգելանք է դրվել «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա: Գործով դատաքննությունը դեռ շարունակվում է:
«Ժողովուրդ»-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացավ, որ «Հրազդան ցեմենտ» գործարանը պարտք է 2014 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների սպառած գազի վարձը:
Բացի «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից՝ «Հրազդան ցեմենտ» գործարանի դեմ գումարի բռնագանձման պահանջով դատական հայց է ներկայացրել նաեւ «Մոսեսկո» ՍՊԸ-ն: Նշենք, որ այս ընկերությունը ֆիլտրեր, քսուքներ եւ քիմիկատներ ներմուծող ընկերություն է:
«Մոսեսկո» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Գրիգորյանը նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին միջնորդել է դատարանին հայցագնի՝ 12 մլն 383 հազար 724 դրամ գումարի չափով արգելանք դնել «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա: Ըստ ընկերության տնօրենի՝ «Հրազդան ցեմենտ»-ը խուսափում է կատարել իր պայմանագրային պարտավորությունները, իսկ նման իրավիճակը ողջամտորեն հիմք է տալիս ենթադրելու, որ պատասխանողը հետագայում եւս կարող է խուսափել կամ քայլեր ձեռնարկել դատական ակտի կատարումը անհնարին դարձնելու կամ դժվարացնելու ուղղությամբ:
Սակայն դատարանը գտել է, որ «Մոսեսկո»-ի միջնորդությունը ենթակա է մասնակի բավարարման, քանի որ տվյալ դեպքում հայցվորը միջնորդել է արգելանք դնել «Հրազդան ցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ դրամական միջոցների, այսինքն` ե՛ւ գույքի, ե՛ւ դրամական միջոցների վրա: Արդյունքում դատարանը որոշել է «Մոսեսկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանի միջնորդությունը հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին, բավարարել մասնակի եւ հայցագնի 12 մլն 383 հազար 724 դրամ գումարի չափով արգելանք դնել պատասխանող «Հրազդան ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող գույքի վրա:
Իսկ «Մոսեսկո» ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանի միջնորդությունը` «Հրազդան ցեմենտ» ընկերությանը պատկանող դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելու մասին, դատարանը մերժել է: Այս գործով դատաքննությունը նույնպես շարունակվում է:
Բացի այս՝ «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ն ունի նաեւ 509 մլն դրամի պարտք, որից 141 մլն դրամը մայր գումարն է, իսկ 367-ը՝ տույժ: Ի դեպ, գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը ապրիլի 3-ին հանրային խորհրդի կողմից արդյունաբերության զարգացման թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ընկերության գործունեության դժվարությունների վերաբերյալ ներկայացրել է իր դժգոհությունները: Նրա խոսքով, ցեմենտի արտադրության ծավալների նվազման հետեւանքով ընկերությունը չի կարողացել հարկերը ժամանակին վճարել, դրանց ավելացել են տույժերն ու տուգանքները, ինչի արդյունքում գործարանը հայտնվել է ծանր վիճակում: Տնօրենը հանրային խորհրդի նախագահին խնդրել է համապատասխան մարմիններին առաջարկել տրամադրել ժամանակացույց այդ տույժերի մարման համար, քանի որ ներկա պահին ընկերությունը հնարավություն չունի մարելու այդ գումարները: Սակայն դեռ արձագանք չկա:
Տեղեկացնենք, որ գործարանը տեւական ժամանակ է, ինչ չի աշխատում: Իսկ թե երբ այն նորից կսկսի արտադրանք թողարկել, հայտնի չէ: Ի դեպ, այս օրերին տարբեր խոսակցություններ են պտտվում գործարանի հնարավոր վաճառքի մասին: «Ժողովուրդ»-ը գործարանի առաջ ծառացած խնդիրների շուրջ զրուցեց նաեւ ընկերության տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի հետ, ով տեղեկացրեց. «Այս պահին դեռ արտադրանք ունենք, որը չի վաճառվել: Այն վաճառելուց հետո կմտածենք գործարանը շահագործելու մասին: Հիմա չենք կարող: Դեռ ցեմենտ ունենք»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ
Հայաստանի համար Վրաստանի հետ ունեցած հարաբերությունները կարեւորագույն նշանակություն ունեն, բնականաբար, Վրաստանի համար էլ կարեւոր են Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները: Սակայն ժամանակ առ ժամանակ սահմանին ի հայտ եկող խնդիրները հակառակն են ապացուցում: Օրինակ՝ նախօրեին, Վրաստանի Հանրապետությունում՝ Բագրատաշեն-Սադախլո մաքսային կետում, ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն ուղեւորվող «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպությանը պատկանող ավտոբուսի վարորդ՝ ՌԴ քաղաքացու եւ Վրաստանի Հանրապետության սահմանային կետի աշխատակիցների միջեւ ծագած վիճաբանության արդյունքում քաղաքացին ձերբակալվել է եւ տեղափոխվել Մարնեուլիի ոստիկանության բաժանմունք:
Իսկ ավտոբուսի 50 ուղեւորները երկար ժամանակ մնացել են սահմանային կետում: Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպության ղեկավար Կարեն Թադեւոսյանից տեղեկացավ, որ ընկերության մեկ այլ վարորդ ուղեւորներին առանց խնդրի տեղափոխել է ՌԴ:
«Ֆորսաժ-Տուր»-ի տնօրեն Կարեն Թադեւոսյանի խոսքերով՝ իրականում իրենց կազմակերպության աշխատակիցն է տուժել: «Երեկ վրացիները նշել են Զատկի տոնը, ինչի հետեւանքով սահմանակետում դժվարություններ է առաջացել: Մեր վարորդը մոտեցել է եւ սահմանակետի աշխատակիցներին խնդրել, որ ավտոբուսի ուղեւորներին թողնի՝ անցնեն: Սակայն վերջիններս կոպիտ են պատասխանել վարորդին եւ հայտարարել են, որ երբ իրենք կցանկանան, կթողնեն: Իսկ մեր վարորդն էլ ասել է` մենք անասուն չենք, մարդ ենք, շուտ թողեք, գնանք: Ինչից հետո վիճաբանություն է սկսվել, եւ 6 հոգով մեր վարորդին վիրավորել են, հրել ու ծեծել: Իսկ հիմա էլ մեր վարորդին ցանկանում են վարչական տույժի ենթարկել»,- ներկայացրեց Թադեւոսյանը: Վերջինիս պատմելով՝ վրացական կողմը գրեթե միշտ արհեստական խոչընդոտներ է ստեղծում, ինչի արդյունքում տուժում են ուղեւորները:
«Մենք պահանջում ենք, որ մեզ վերաբերվեն ինչպես մարդու: Ի վերջո, մարդ ենք: Նաեւ հանեն շահագործումից այն ապարատները, որոնցով միշտ տուգանում են: Օրինակ՝ սխալ քայլելու դեպքում կարող են 20 լարիով տուգանել: Վրացական կողմից ճնշումները շատ են»,- վրդովված պատմեց տուրիստական ընկերության ներկայացուցիչը: Տեղեկացնենք, որ ընկերության տնօրինությունն այս խնդրի շուրջ երբեւէ չի դիմել ո՛չ արտաքին գործերի նախարարություն եւ ո՛չ էլ Վրաստանում Հայաստանի դեսպանություն: Ավելի ուշ Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ Վրաստանում ձերբակալված վարորդի հետ հեռախոսազրույց է ունեցել: «Ասեց, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Նրան ո՛չ վարչական տույժի կենթարկեն, ո՛չ էլ քրեական գործ կհարուցեն: Ընդամենը մեկ օր կպահեն ու հետ կուղարկեն»,- հավելեց Թադեւոսյանը:
Իսկ թե այս միջադեպը ի՞նչ հետք կարող է թողնել վարորդի հետագա գործունեության վրա, առայժմ անհայտ է: Սակայն նկատենք, որ իրավիճակը հայ-վրացական սահմանին այնքան է խորացել, որ հայկական կողմը դեռ շատ ջանքեր պետք է գործադրի, որպեսզի վերադարձնի նախկինում ունեցած իր դիրքերը:
Հ.Գ. Հավելենք, որ այս միջադեպին ոչնչով չարձագանքեց Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՓՈՂՈՑՆԵՐԸ ԿԲԱՐԵԿԱՐԳԵՆ

Անցնող շաբաթը բավականին ուշագրավ ու, կարելի է ասել, պատմական էր հանրապետության երկրորդ քաղաքի համար. ոչ թե այն պատճառով, որ աշխարհահռչակ մեգաաստղ Քիմ Քարդաշյանն այցելեց նաեւ Գյումրի, այլ որ երկարատեւ ընդմիջումից հետո համայնքային իշխանությունների ուշադրության կենտրոնում հայտնվեցին քաղաքի երկրորդային փողոցները: Ու արդեն մոտ մեկ շաբաթ է` Ղուկասյան փողոցից մեկնարկել է երկրորդական փողոցների բարեկարգման պիլոտային ծրագիրը:

Ընդ որում, այն իրականացվելու է Գյումրու համար ավանդական եղանակով` փողոցները սալիկապատվելու են քարե սալիկներով: Այս պահին արդեն կատարվում են հիմքի նախապատրաստական աշխատանքները, ու եթե արդյունքները լինեն գոհացուցիչ, ինչպես նշում են համայնքային իշխանության ներկայացուցիչներն ու անձամբ քաղաքապետը, Գյումրիի շատ երկրորդական փողոցներ կբարեկարգվեն այս եղանակով:
Այս գործընթացի մեկնարկին գրեթե համաժամանակյա՝ Գյումրու երկրորդական փողոցների խնդիրը դարձավ քննարկման թեմա նաեւ Գյումրիից ընտրված ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հիմնադրած «Հանուն Գյումրու եւ գյումրեցիների» զարգացման հասարակական կազմակերպության անդրանիկ նիստում: Դրա ընթացքում պարոն Գրիգորյանը եւս նշեց, որ Գյումրու երկրորդական փողոցների բարեկարգումը պետք է իրականացնել սալիկապատման եղանակով: Այն կրկնակի էժան է նստում, քան ասֆալտապատումը, քանի որ սալիկապատման համար 1քմ-ի արժեքը կազմում է 5-6 հազար դրամ, իսկ ասֆալտապատման համար /ի դեպ, գյումրեցիների դիպուկ խոսքով ասված՝ հալվող կամ “նեսկաֆե” ասֆալտով/ 1քմ-ի արժեքը կազմում է 10 հազար դրամից ավել:
Պատգամավորը նշեց, որ ինքը դեռ տարիներ առաջ խնդրի` այս եղանակով լուծման տարբերակը ներկայացրել է Կառավարությանը: Նա նաեւ շեշտեց, որ սա կարեւոր է հատկապես այն պատճառով, որ սալիկապատման ողջ ցիկլը` սալիկների արտադրությունից ու շեբին-ավազից մինչեւ աշխատուժ, իրականացվում է տեղի ռեսուրսներով, ինչը նշանակում է, որ որոշակի քանակությամբ աշխատատեղեր կստեղծվեն, ու ինչ-որ կերպ կբարելավվի նաեւ քաղաքի սոցիալական պատկերը:
Թե ինչպես կընթանա քաղաքի փողոցների բարեկարգումը, եւ թե որքանով արդյունավետ կլինի սալիկապատման տարբերակը, ցույց կտա ժամանակը: Մի բան, սակայն, արդեն այսօր հստակ է՝ քաղաքի փողոցների բարեկարգման հարցում այս շահագրգռությունը թե՛ Գյումրիի քաղաքապետի, թե՛ ԱԺ գյումրեցի պատգամավորի կողմից պայմանավորված է 2016թ. կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններով:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի




Լրահոս