ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՃՆՇՎԵԼ, ԲԱՅՑ ԼՌՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ապրիլի 13-ին ՀՀ արդարադատության խորհրդի նիստում կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունների հիման վրա երեք դատավոր նախազգուշացում է ստացել:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ Գուրգեն Գագիկյանին եւ Սուրեն Բաղդասարյանին, ինչպես նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ներկայացրել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը: Եւ դռնփակ նիստում նրանց հարցը քննարկելուց հետո որոշում է կայացվել 3 դատավորներին նկատողություն հայտարարել: Նշված հանձնաժողովի կողմից արված նույնաբովանդակ միջնորդության քննարկման արդյունքում ՀՀ արդարադատության խորհրդում քննարկվել է նաեւ ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լեւոն Արազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը՝ որոշելով կարճել այն ու բավարարվել միայն հարցի քննարկմամբ:
Ինչո՞ւ են դատավորները հայտնվել ԱԽ-ի թիրախում, ի՞նչ օրինախախտ գործունեություն են ծավալել նրանք: Այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը զրուցեց նախազգուշացում ստացած դատավորների հետ:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գուրգեն Գագիկյան
-Պարո՛ն Գագիկյան, ինչո՞ւ հայտնվեցիք ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, ի՞նչ սխալ էիք թույլ տվել:
-Բանկային գաղտնիքի հարց էր, օրենքն ասում է՝ մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ կարող եք կիրառել, սակայն դուք կիրառել եք հարակից մարդու նկատմամբ: Օրինակ՝ նախաքննության մարմինը դիմում է դատարան՝ խնդրելով թույլ տալ այս մարդու կողմից լոմբարդում կամ բանկում դրված գրավն առգրավվի եւ զննվի:
-Հիմա Ձեր թերությունը ո՞րն է եղել:
-Դե, հիմա դատարանը թույլ է տալիս դա իրականացնել, սակայն տվյալ մարդը կա՛մ պետք է կասկածյալ լինի, կա՛մ մեղադրյալ, իսկ մենք տվել ենք հարակից անձի:
-Դուք չգիտեի՞ք, որ սխալ եք անում:
-Գիտեմ, ուշադրության հարց է:
-Սա առաջի՞ն կարգապահական պատասխանատվություն էր:
-Այո:
-Ի՞նչ փոխեց նախազգուշացումը Ձեզ մոտ:
-Դե, զգոնացնում է, բայց դատավորը պարտավոր է միշտ էլ զգոն լինել:
-Արդարադատության խորհրդի որոշումը ճի՞շտ էր, թե կարծում եք՝ ուղղորդված բան կար:
-Այո՛, այո՛, խորհուրդը ճիշտ է եղել:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյան
-Պարո՛ն Բաղդասարյան, ի՞նչ սխալ էիք թույլ տվել, որ նախազգուշացում ստացաք:
-Իմ դիրքորոշումն արտահայտել եմ, կլինի, կտեսնեք:
-Ձեզանից ենք ցանկանում իմանալ:
-Նիստի եմ, չեմ կարող պատասխանել:
-Կիսո՞ւմ եք խորհրդի որոշումը:
-Չեմ կարող պատասխանել, շտապում եմ:
Չնայած դատավորը չցանկացավ խոսել իր նախազգուշացման պատճառի մասին, սակայն պարզեցինք, որ վերջինս եւս իր նախազգուշացումը ստացել է բանկային գաղտնիքի հարցի շուրջ ստեղծված խնդրի առիթով:

Ինչեւէ, Լոռու մարզի դատավորների շուրջ ստեղծված պատմությունների մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց Լոռու մարզի դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, Ձեր նախագահած դատարանի դատավորները մշտապես հայտնվում են աղմկալի պատմության մեջ: Նախ՝ Խաչատուր Խաչատրյանին կալանավորեցին 20 հազար դոլար կաշառքի համար, Աղասի Մկոյանը նախօրեին կարգապահական պատասխանատվության ենթարկվեց, իսկ հիմա էլ դատավորներ Գուրգեն Գագիկյանն ու Սուրեն Բաղդասարյանն են նախազգուշացում ստացել: Ի՞նչ է կատարվում, արդյո՞ք որպես դատարանի նախագահ՝ չեք կարողանում համակարգել դատավորների աշխատանքը:
-Դուք երեւի չեք պատկերացնում դատարանի նախագահի եւ դատավորների փոխհարաբերությունները, ուսումնասիրեք օրենսգիրքը նրանց եւ իմ գործունեության մասով, Ձեր հարցերի պատասխանը կստանաք, այլ բան չեմ կարող ասել, շատ զբաղված եմ: (Այս խոսքերից հետո Բաղդասարյանն անջատեց հեռախոսը-Ք.Մ)

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վահագն Մելիքյան
-Պարո՛ն Մելիքյան, Ձեր մեղքը ո՞րն էր, որ նախազգուշացում ստացաք:
-Իմ առաջին նախազգուշացումն է, բայց տպավորություններիս մասին թույլ տվեք չարտահայտվեմ, լա՞վ:
-Ինչո՞ւ, դժգոհ եք ԱԽ որոշումից:
-Չեմ ուզում խոսել:
-Ի վերջո, ի՞նչ խնդիր էր, ինչի՞ համար նախազգուշացում ստացաք:
-Ոչ, չեմ ուզում խոսել:
-Ձեր մյուս գործընկերները, որոնք եւս պատասխանատվության ենթարկվեցին, նշեցին, թե ուշադիր չլինելու արդյունքն էր, որ հայտնվեցին արդարադատության խորհրդում: Դուք է՞լ ուշադիր չեք եղել:
-Ես միշտ եմ սթափ, հարգելի՛ս, դա Ձեր կարծիքն է: Այլ բան չեմ կարող ասել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՍԵՎԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արդեն երկրորդ դեպքն է, ինչ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բնակիչները առեղծվածային պայմաններում սպանվում են: Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին սպանվեց Կառլեն Մնեյանը, որի առիթով հետախուզվում է Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի որդին` Արթուր Ալեքսանյանը: Իսկ, ահա, ապրիլի 13-ին՝ ժամը 11-00-ի սահմաններում, Սեւան-Երեւան ավտոճանապարհին հայտնաբերվեց Սեւան քաղաքի բնակիչ, «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակից, 36-ամյա Վիգեն Հայրոյանի դիակը՝ գլխի եւ կրծքավանդակի շրջանում ստացված հրազենային վնասվածքներով:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը զրուցեց սպանված Վիգեն Հայրոյանի փեսայի` Ռուբիկ Հարությունյանի հետ՝ հասկանալու, թե ով էր Վիգենը եւ ինչու պետք է սպանվեր: Ըստ մեր զրուցակցի՝ Վիգենը որեւէ թշնամի չի ունեցել, իսկ թե ինչը կարող էր լինել սպանության պատճառ, չեն կարող ասել. «Ամուսնացած չէր, երկար տարիներ աշխատում էր «Հայփոստ» ՓԲԸ-ի Սեւանի մասնաճյուղում: Հիմա այն վիճակում ենք, որ որեւէ բան չենք կարողանում հասկանալ: Մենակ գիտեք, որ առավոտյան ընտանիքի անդամներին ասել է՝ գնամ մեքենայի գազը լցնեմ, գամ, եւ հետո մեզ զանգահարեցին եւ ասացին, որ այսպիսի դեպք է տեղի ունեցել»:
Մեր զրուցակցի խոսքերով՝ դեպքի առաջին օրն ինքը հանդիպել է Վիգենի հետ, տղան նորմալ տրամադրություն է ունեցել, եւ որեւէ տարօրինակ բան չեն նկատել. «Վիգենի ընտանիքն այն ընտանիքն էր, որ որեւէ խնդիր չի ունեցել, որ այսպես վարվեն, չգիտենք, առայժմ ոչինչ չգիտենք»:
Հարցին՝ արդյո՞ք նրա մոտ գումար է եղել, ինչը գողանալու համար կարող էին սպանել Վիգենին, փեսան պատասխանեց, որ տեղյակ չէ:
Տեղի ունեցածն ուշագրավ էր այնքանով, որ սկզբում լուրեր տարածվեցին, թե Վիգենն ինքնասպան է եղել, սակայն ավելի ուշ պարզվեց, որ նա երկու լուրջ վնասվածք ունի գլխի եւ կրծքավանդակի հատվածում, ուստի չէր կարող ինքնասպան լինել: Մարդը երկու կրակոցով ինքն իրեն չի կարող սպանել: Հիմա մնում է հասկանալ, թե ով եւ ինչու խլեց 36-ամյա Վիգենի կյանքը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ապրիլի 5-ին Սեւանում սպանված Կառլեն Մնեյանի կնոջ՝ Ռուզաննա Ղարիբյանի հետ: Նա ասաց, որ ամուսինը դեպքի օրը գնացել է ընկերոջ` Սեւան քաղաքում հայտնի Բիջի մատաղի արարողությանը. «Մենակ իր մեքենայով էր: Կառլենը կռվարար չէր, որ ասեմ՝ գնաց ու այսպիսի բան եղավ, հարբեցող էլ չէր, առիթների դեպքում էր խմում»:
Ըստ Ռուզաննա Ղարիբյանի՝ արարաղության ժամանակ է իր ամուսինը ծանոթացել նախկին քաղաքապետի որդու` Արթուր Ալեքսանյանի եւ Հմայակ Թադեւոսյանի հետ. «Մինչ այդ նրանք ծանոթներ չեն եղել: Ավելին՝ ինձ ասել են, որ մատաղի օրը որեւէ վիճաբանություն չի եղել, իսկ թե ինչո՞ւ սպանեցին, մեզ համար էլ է զարմանալի»:
Հետաքրքիր է, որ Կառլեն Մնեյանի հարազատները ապրիլի 5-ից մինչ օրս չեն կարողանում խոսել Բիջի հետ՝ հասկանալու, թե ինչու պետք է իր հրավիրած խնջույքից հետո սպանվեր Կառլենը: «Նա դեպքից հետո հարբած վիճակում է, ու ոչ մի կերպ չենք կարողանում խոսել հետը»,- հայտնեց սպանվածի այրին:
Հավելենք, որ Հմայակ Թադեւոսյանն ու Արթուր Ալեքսանյանը հետախուզման մեջ են:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՆ
Պահպանողական կուսակցության նախագահ Միքայէլ Հայրապետեանը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամները քաղկալանավորներ են, ինչպես պարոն Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները: Քաղկալանավոր ունեցող ցանկացած երկրի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է երկրի ազատագրումն այն վարչախմբից, որն իր ցածրակարգությամբ վտանգում է նրա լինելությունը»:

 

ԱՌԱՆՑ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆ
Այս տարի ՀՀ ոստիկանությունը որոշել է հատուկ չնշել ոստիկանների մասնագիտական տոնը. «Պայմանավորված մեր օրերի բացառիկ խորհրդով, նաեւ ծառայության առաջնահերթություններով ու լարված ռեժիմով՝ ոստիկանությունը որոշել է ձեռնպահ մնալ ապրիլի 16-ին նվիրված հանդիսություններից ու միջոցառումներից: Համոզված ենք, որ լավագույն խոնարհումը մեր նահատակների հիշատակին, ինչպես եւ ամենապատշաճ նշանավորումը մեր մասնագիտական օրվա կլինի ոստիկանության արդյունավետ ու պրոֆեսիոնալ աշխատանքը՝ ուղղված հասարակական կարգի պահպանմանը եւ մեր քաղաքացիների ու հյուրերի անվտանգության ապահովմանը հայ ժողովրդի համար խիստ նշանակալից ու պատասխանատու այս ժամանակահատվածում»,-ասված է ոստիկանության տարածած հայտարարությունում:

 

ՀՐԹԻՌԱԿՈԾՎԵԼ Է
«Ազդակ» օրաթերթի փոխանցմամբ` օրեր շարունակ Հալեպի Սուլեյմանի թաղամասի չդադարող ռմբակոծության արդյունքում վնասվել է նաեւ «Սիմոն Վրացեան» կենտրոնը, ուր ժամանակավորապես տեղակայվել էր Հալեպի Ազգային առաջնորդարանը: Կան տեղեկություններ վիրավորների մասին, որոնք հիմնականում կանայք են եւ երեխաներ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը Armlur.am-ին փոխանցել է, որ ՀՀ Կառավարությունը պատրաստ է ընդունել եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների եւ դպրոցականների համար:

 

ՀՈՒՅՍՆԵՐԸ ԿՏՐԵԼ ԵՆ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կրճատում է հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված ծրագրերը: «Կլինեն հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հաշտեցման ջանքերին ուղղված, ինչպես նաեւ հասարակայնության հետ կապերի մեր գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի կրճատումներ: Նույնը վերաբերում է նաեւ USAID-ի ծրագրերին»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

 

ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆՔ
Երեկ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Բիգարը: Նշելով, որ ՀՀ եւ Իռլանդիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններն ունեն գրեթե 20-ամյա պատմություն, Ս. Սարգսյանն ընդգծել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը, երկու երկրները քաղաքակրթական, մշակութային շատ ընդհանրություններ ունեն:




Լրահոս