Հռոմի պապի հայտարարությունից և ԵԽ բանաձևից հետո բոլորը որպես հաջորդ քայլ սպասում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարություններին: Սակայն հայ քաղաքական գործիչներն այնքան էլ դրական հույսեր չունեն ԱՄՆ նախագահից: Այս հարցի շուրջ Armlur.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ:
– Պարոն Սահակյան, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից այս տարի Հայոց ցեղասպանությանն առնչվող որևէ տարբերվող հայտարարություն սպասո՞ւմ եք:
– Մենք տեսանք, որ գրեթե բոլոր գերտերությունները կամ այն միությունները, որոնք ավելի ազդեցիկ են, ունեցել են իրենց տեսակետն ու հայտնել են դրանք: Հռոմի պապի մատուցած պատարագից հետո մենք տեսանք, որ հաստատվեց Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ որևէ քայլ չի կատարել միայն ԱՄՆ նախագահը: Թե ինչ ձևով կլինի, մենք թողնենք իրենց հայեցողությանը, բայց այն, որ մենք սպասում ենք և ակնկալում, որ ավելի լուրջ մոտեցում պետք է լինի, դա ակնհայտ է:
– Վերջին օրերին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներն իրենց հրապարակումներում անդրադառնում են Օբամայի խոստումներին և նշում, որ ժամանակն է կատարել դրանք: Հռոմի պապի կողմից մատուցված պատարագը ևս շատ կարևոր էր. այս ամենը նշանակություն չի՞ ունենա Օբամայի համար:
– Հռոմի պապի մատուցած պատարագը լուրջ քայլ էր կաթոլիկ աշխարհի և հոգևոր առաջնորդների համար: Որպես ազդեցիկ մարդ մենք գիտենք նրա դերը: Այս առումով, թե Բարաք Օբաման ինչ ձևաչափով հանդես կգա, դա պետք է լինի իրենց ու իրենց պետության խնդիրը: Դրա համար ես չէի ցանկանա կանխատեսել, սակայն մեկ փաստ պետք է արձանագրենք, որ միջազգային բոլոր կառույցներն իրենց տեսակետներն այս կամ այն կերպ արտահայտել են:
Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում