ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ gov.am-ի
Երեկ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր Երեւանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են աշխատակիցների աշխատավարձի վճարմանը եւ «Նաիրիտ»-ի հետագա գործարկմանը վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է «Նաիրիտ»-ի գործարկման հնարավորություններին եւ նշել, որ Համաշխարհային բանկի փորձագետներն ուսումնասիրություն են կատարել այդ ուղղությամբ: Աբրահամյանը նշել է, որ Կառավարությունն անհրաժեշտ ջանք է գործադրում՝ «Նաիրիտ» գործարանում առկա խնդիրներին լուծում տալու համար:
ՀԱՐՑ. Աշխատում եմ: Այժմ գտնվում եմ երեխայիս խնամքի արձակուրդում, դեռ 1 տարի ունեմ աշխատանքի վերադառնալու համար: Ամռանը կծնվի 2-րդ երեխաս: Կուզեի իմանալ, թե նվազագույնը որքան ժամանակ է ինձ հարկավոր աշխատել մինչ ֆիզարձակուրդի գնալս, որպեսզի օգտվեմ վերջերս բարձրացված աշխատավարձովս հաշվարկվող 140 օրվա գումարիցս:
Հասմիկ Առաքելյան (29 տարեկան, աշխատակից)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի եւ նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի տասնհինգապատիկը, ապա վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50-%-ից:
Ելնելով վերոգրյալից` եթե Հ. Առաքելյանն ընդհատի խնամքի արձակուրդը եւ մինչեւ հաջորդ հղիության ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածն աշխատի, ապա հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, երբ կստանա աշխատավարձ միջին ամսական աշխատավարձի հաշվարկում հիմք կընդունվեն այդ ամիսներին վճարված աշխատավարձերը, իսկ մնացած ամիսների համար, երբ գտնվել է խնամքի արձակուրդում, յուրաքանչյուր ամսվա համար որպես եկամուտ հաշվառվելու է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ նրա համար սահմանված հիմնական աշխատավարձը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է հուսալ, որ գործատուն օրենքով սահմանված կարգով կհաշվարկի եւ կտրամադրի մայրության նպաստը, ինչը շատ դեպքերում տեղի է ունենում գործատուի կողմից օրենքի կոպտագույն խախտմամբ:
ՀԱՐՑ. Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ դոլարի եւ եվրոյի փոխարժեքը բարձրացավ, գրեթե բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները սկսեցին վարկեր չտրամադրել քաղաքացիներին: Իսկ հիմա արդեն տրամադրում են: Խնդրում եմ ասել՝ սա ինչպե՞ս կպարզաբանեք:
Արմեն Վարդանյան (36 տարեկան, բանասեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. 2014թ. տարեվերջին արժութային շուկայի զարգացումների ներքո առեւտրային բանկերը վերագնահատեցին իրենց ռիսկերը՝ դառնալով առավել պահպանողական: Այս զարգացումները որոշակիորեն դանդաղեցրին դրամային վարկավորման գործընթացը: Հետագայում ԿԲ գործողություններն ուղղված էին դրամավարկային պայմանների թուլացմանը. փուլ առ փուլ նվազեցվեցին լոմբարդային ռեպո տոկոսադրույքը եւ արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքը, ինչպես նաեւ ավելացվեցին առեւտրային բանկերին տրամադրվող իրացվելիության ծավալները: Այս գործողությունները կկրեն շարունակական բնույթ, իսկ բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգահեռ՝ բանկերը կշարունակեն ճշգրտել իրենց վարկային քաղաքականությունը ռիսկերի կառավարման շրջանակներում (օր.՝ առավել երկարաժամկետ գործիքների առաջարկի ընդլայնում` նվազեցնելով վերջիններիս վարկային ռիսկը), եւ դրամային վարկավորման գործընթացը կաշխուժանա:
Կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես արդեն գիտենք՝ դրամ-դոլարային տատանումները բացասական ազդեցություն ունեցան մեր տնտեսության վրա. հիմնական ապրանքների մեծ մասը թանկացավ մոտ 10-20 տոկոսով, չհաշված այն, որ բանկերը վարկեր չէին տրամադրում, առավել եւս՝ ՀՀ դրամով: Դա խնդիր էր, հատկապես, եթե խոսքը գնում էր էական ծավալների մասին, որովհետեւ դրամի փոխարժեքի նկատմամբ սպասումները բացասական էին: Բանկերը ձգտում էին սեփական արտարժույթը չվաճառել, որովհետեւ ամենալավ, ամենահուսալի ակտիվը դոլարն էր: Արդյունքում այս խառնաշփոթից տուժեցին հասարակ քաղաքացիները, որոնք հայտնվեցին էլ ավելի ծանր պայմաններում: