ՀՀ արդարադատության նախարարության և ռուս-հայկական առևտրատնտեսական, մշակութային և գիտական կապերի, սփյուռքին վերաբերող ծրագրերի իրավական աջակցության հարցերով մասնագիտացած Ռուսաստանի «AРМРОСС» իրավաբանների միության միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը և «AРМРОСС» միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարևորել է ստորագրված փոխըմբռնման հուշագիրը և հույս հայտնել, որ այս փաստաթղթի ստորագրումը խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավական տեսանկյունից հետագա համագործակցութունն ամրապնդելու ուղղությամբ:
Հովհաննես Մանուկյանը կարևորել է ՌԴ գործընկերների մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում անցկացվող «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» գիտաժողովին և նշել, որ այն էական նշանակություն կունենա Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը միջազգային իրավական տեսնակյունից գրագետ և ճիշտ ձևակերպելու, դրանից բխող քայլերը որոշակիացնելու տեսանկյունից:
Հուշագրի ստորագրմանը ներկա ՌԴ հայտնի իրավաբան, Միության անդամ Սերգեյ Բաբուրինը նշել է, որ հուշագիրը մեծ դերակատարում կունենալ երկու երկրների իրավական հարաբերությունների խորացման առումով: Նրա խոսքով՝ ՌԴ-ում մոտ 230 իրավաբաններ պատրաստող համալսարաններ կան, որոնք նույնպես կներգրավվեն «AРМРОСС»-ի կողմից այս նպատակով տարվող աշխատանքների իրականացման գործում:
Հուշագրով Միությունը պարտավորվել է անհատույց խորհրդատվություն և գործնական իրավական օգնություն տրամադրել այն քաղաքացիներին և կազմակերպություններին, ովքեր դիմում են ՀՀ արդարադատության նախարարությանը ռուսական օրենքի իրավասության տակ գտնվող հարցերով, միջոցառումներ կազմակերպել Հայաստանի Հանրապետության օրենսդրական նորմերը Ռուսաստանի Դաշնության իրավական շրջանակում տարածելու և ճանաչելի դարձնելու նպատակով, աշխատանքներ իրականացնել ՌԴ տարածքում հայկական նյութական և հոգևոր ժառանգության հայտնաբերման, դրանց իրավական պաշտպանության ուղղությամբ և այլն:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն