Ապրիլի 24-ից հետո Հայաստան պետությունը պետք է սկսի պահանջատիրության գործընթացը: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցության ավագանի Անահիտ Բախշյանը:
«Հայաստան պետությունը պետք է ունենա գրագետ ձևակերպված պահանջատիրության փաթեթ: Ապրիլի 24-ից հետո մեր պետության գործունեությունն այդ ուղղությամբ պետք է լինի խելացի ձևակերպված պահանջատիրությունը: Մենք պետք է մեծ պատասխանատվությամբ գործենք, որպեսզի արժանապատվորեն այդ փաթեթը ներկայացնենք աշխարհին: Պետք է պատրաստ լինել ներքին խնդիրները ընդունել, տեսնել: Ամեն ինչ պիտի սկսենք ներսի կեղտերը մաքրելու, խնդիրները լուծելու ճանապարհով և հասնենք պահանջատիրության փաթեթի ամբողջական ներկայացմանը»,- շեշտեց ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:
Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու որոշման մասին, Ա. Բախշյանը նշեց. «Այն, որ Օբաման իր նախընտրական խոստումը նորից դրժեց, այն մասին, որ իսկապես Թուրքիայի հետ հարաբերությունները կախված են այդ հայտարարությունից: Հետևաբար` Ամերիկան, որ իրեն ժողովրդավարության կենտրոնն է համարում և դա փորձում է տարածել այլ երկրներում, այս պարագայում ճիշտ հակառակն է անում: Ստացվում է` նրա բոլոր հայտարարություններն ընտրովի են, երկերեսանի»:
Վերջինս` որպես հայ մարդ ցանկացավ շնորհակալություն հայտնել այն պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Մեր պետության համար այս օրերի իրադարձությունները ինչ-որ մի նոր հնարավորություններ են: Եթե Հայաստանում խելացի գործեն, ապա Հայաստան պետությունը դառնալու է կարևոր խաղացող այս տարածաշրջանում»,- հավելեց Բախշյանը: