Ապրիլի 19-ին Հունգարիայի 2-րդ մեծ քաղաք Դեբրեսենի Սուրբ Իշտվան եկեղեցում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին:
Այնուհետև Սուրբ Իշտվան եկեղեցու տարածքում տեղի ունեցավ խաչքարի տեղադրման և օրհնության արարողություն:
Բացման խոսքով հանդես եկավ Դեբրեսեն քաղաքի փոխքաղաքապետ Սաբոլկս Կոմոլեյը, ով իր խոսքում նշեց. «100 տարի առաջ հայ ժողովրդի նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն, յոթ տարիների ընթացքում ոչնչացվել են Անատոլիայի և Կիլիկիայի բնակչության 2,5 միլիոն հայեր, այսինքն բնակչության ավելի քան կեսը, պարզապես այն պատճառով, որ հայ էին և քրիստանյա: Մարդիկ այս մասին տեղյակ չեն, սրա մասին միայն գիտեն Մուսա լեռան 40 օրը գրքի շրջանակներում»:
Հայ ինքնավարության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց Դեբրեսեն քաղաքի քաղաքապետարանին և բնակչությանը՝ խաչքարի տեղադրման հարցում իրենց աջակցելու համար:
Այնուհետև ներկաները ունկնդրեցին Կոմիտասի անվան երաժշտական խմբի կատարումները:
Ապրիլի 20-ից Հունգարիայում տեղադրվեցին 42 մեծ պաստառներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: