Երեկ երեկոյան Էջմիածնի Մայր տաճարում, նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման՝ Հսկման կարգը։ Արարողության ժամանակ Կաթողիկոսը մասնավորապես ասել է.
«Այսօր համախմբվել ենք Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում` պաշտամունք մատուցելու մեր Տիրոջը, Հսկման արարողության միջոցով հիշելու Հայոց Ցեղասպանության ընթացքին նահատակված հայորդիներին: Մխիթարված ենք, որ այս պահին մեզ աղոթակից են այստեղ ներկա մեր Քույր Եկեղեցիների պետերն ու ներկայացուցիչները, էկումենիկ կազմակերպությունների ղեկավարներն ու պատվիրակները:
Տիրոջ կամքով այսօր` ապրիլի 23-ին, այս սուրբ տաճարի հովանու ներքո հայոց առաջին քրիստոնյա արքայի` Ս. Տրդատի անունը կրող խորանի առջև, պիտի կատարենք սրբադասման արարողությունը Ցեղասպանության նահատակների` հայցելով սուրբ վկաների բարեխոսությունը ազգային և հոգևոր մեր կյանքի զորացման ու առաջընթացի համար:
Նահատակության ոգին քրիստոնեական մեր կյանքի սնուցող աղբյուրն է, որ առատորեն ոռոգել է Քրիստոսասեր ժողովուրդների հավատքի անդաստանները: Պատմության ընթացքին Եկեղեցուն կենսունակություն է պարգևել մարտիրոսների հեղած արյունը: Քրիստոնյա մեծագույն նահատակներից Ս. Իգնատիրոս Անտիոքացի Հայրապետի խոսքով` «Ոչ կիզիչ հուրը, ոչ ջուրը չեն կարողացել մարել քրիստոնյաների սերն առ Աստված»: Խիզախ ու արիասիրտ քրիստոնյաների համար մեծ բարիք է այս աշխարհում Աստծո հետ մայր մտնելը և Նրա հետ հառնելը:
Հայաստան աշխարհում ևս նորածիլ քրիստոնեական կյանքը սնուցվեց Քրիստոսի Ս. Ավետարանի լույսը տարածող մեր առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների ու նորադարձ մարտիրոսների ու հավատի հերոսների արյամբ: Մեր ժողովուրդը պատմության ողջ ընթացքում հաճախ պատարագվեց նահատակության խորանի վրա` դառնալով աստվածապաշտության սքանչելի օրինակ: Ցեղասպանության տարիներին ևս մեր զավակների կրած նահատակության ու չարչարանքի պատմությունները որքան ցավ ու տրտմություն են պատճառում, նույնքան և ավելի հավատքի մեջ ամրանալու և խիզախելու նոր խթան դառնում ամենքիս համար, ինչպես պարագան էր առաջին դարերի քրիստոնյաների, որոնց համար, ըստ Պողոս առաքյալի խոսքի. «Կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը`շահ» (Փիլ. Ա 21):
Նույն հոգին մենք այսօր տեսնում ենք աշխարհի տարբեր կողմերում, մասնավորաբար Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյա հավատացյալներն իրենց կյանքով շարունակում են վկայել Քրիստոսանվեր իրենց հավատքը: Մենք հիանում ենք այն քաջությամբ և տոկունությամբ, որ դրսևորում են մեր քրիստոնյա եղբայրները զրկանքների ու չարչարանքների մեջ: Նահատակության այս պատկերները միաժամանակ ընդգծում են անհրաժեշտությունը Քրիստոսի Սուրբ Եկեղեցու ջանքերի բազմապատկման` հանուն առավել ապահով ու անվտանգ աշխարհ կերտելու, քանզի մեր Տերը «խռովության Աստված չէ, այլ խաղաղության» (Ա Կորնթ. ԺԴ 33): Մեր ժողովուրդը և մեր Եկեղեցին, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր մշտապես արտահայտել է իր նվիրվածությունը Քրիստոսի Սուրբ ընտանիքի`Եկեղեցու այս սրբազան առաքելությանը:
Մեր մաղթանքն ու աղոթքն է, որ Հաղթանակած Եկեղեցուն միացած բոլոր նահատակները և նրանց հետ նաև Հայոց Ցեղասպանության մարտիրոսները բարեխոս լինեն Տիրոջ առաջ աշխարհում խաղաղության և համերաշխության հաստատման համար: Մենք հավատում ենք, որ Ցեղասպանության նահատակներն այսօր ևս շարունակում են ապրել: Նրանց սխրանքը և ոգեշնչող ներկայությունը մշտապես ուղեկից են եղել մեր ժողովրդին Ցեղասպանությանը հաջորդած բոլոր տարիներին:
Թող Աստված օրհնի արդարության և ազգերի միջև եղբայրության ճանապահները, որպեսզի ոչ մի ժողովուրդ այլևս չապրի ցեղասպանության ողբերգությունը: Աղոթք և օրհնություն Ցեղասպանության անմեղ բոլոր զոհերի հիշատակին:
Տիրոջ սերը և խաղաղությունը թող լինեն ամենքիս հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»: