ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովն ընդունել է Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան- Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն ապրիլի 24-ին ընդունել է Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Գունդարս Դաուդզեին եւ ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդի համար այս ծանր օրերին այստեղ գտնվելու եւ վշտակցություն հայտնելու համար: Նա ընդգծել է, որ 21-րդ դարում որեւէ մեկն իրավունք չունի մոռանալու տարբեր ազգերի նկատմամբ եւ տարբեր ժամանակներում իրականացված ոճրագործություններն ու ցեղասպանությունները, քանի որ, ինչպես նշել է ԱԺ փոխնախագահը, ցեղասպանության մասին լռելն այսօր հավասարազոր է հանցագործության:

Նա ընդգծել է, որ առաջադեմ մարդկությունը պետք է ոչ միայն դատապարտի Հայոց ցեղասպանությունը, այլեւ քրեականացնի Ցեղասպանության ժխտումը: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Լատվիայի խորհրդարանը եւս կհամալրի այն երկրների ցանկը, որոնք ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Գունդարս Դաուդզեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ իր զորակցությունը հայտնել տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ: Նա կարեւորել է երկկողմ կապերի ամրապնդումն ու փոխգործակցության խորացումը:




Լրահոս