Ինչես հայտնի է, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը գտնվում էր Հայաստանում։ Նրա այս քայլը ոչ միանշանակ է ընդունվել Թուրքիայի կողմից. Անկարայում, կարծես թե, սկսել են հակառուսական հայտարարություններ հնչել: Նման հայտարարություն արել է նաև Թուրքիայի արտգործնախարարը, ով քննադատել էր Պուտինին` իր ելույթում 1915թ. դեպքերը որպես ցեղասպանություն ներկայացնելու համար:
Իր հերթին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե այս ամենը չպետք է խանգարի ռուս-թուրքական հարաբերություններին և ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի դարավոր բարեկամն է:
Պարզելու համար, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Պուտինի այցը ռուս-թուրքական հարաբերությունների վրա, Armlur.am-ը զրուցեց ռուս քաղաքագետ Դմիտրի Պոլիկանովի և ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Պախոլկովի հետ:
Օլեգ Պախոլկովը մեզ հետ զրույցում նշեց, թե չի կարծում, որ այս ամենը կարող է ազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա: «Ոչ, չեմ կարծում: Թուրքերի համար հիմա ձեռնտու է ընկերական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Թուրքերի կողմից հնչող հայտարարություններն ուղղակի արվել են պահի տակ` առանց մտածելու», – նշեց նա:
Քաղաքագետ Դմիտրի Պոլիկանովը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե չի կարծում, որ Թուրքիայի համար Պուտինի այցը Հայաստան անակնկալ է եղել: Մեր հարցին, թե ինչու ՌԴ նախագահը ընտրեց Հայաստանը, Պոլիկանովը նշեց. «Իհարկե, Թուրքիայի դերը Ռուսաստանի տնտեսությունում աճում է, սակայն Հայաստանը հանդիսանում է մեր երկրի ռազմավարական գործընկերը: Եվ Ռուսաստանը երբեք չի վատացնի հարաբերությունները գործընկերների հետ` հատկապես ավելի ու ավելի աճող թշնամական միջավայրի պայմաններում: Ռուսաստանի համար ոչ պակաս կարևոր է ԵՏՄ-ի զարգացումը, և այստեղ Հայաստանի դերը դժվար է գերագնահատել: Այդ պատճառով` ընտրությունը պարզ է »:
Պատասխանելով հարցին, թե ՌԴ նախագահի այցն ի՞նչ ազդեցություն կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա, քաղաքագետը հայտարարեց. «Չեմ կարծում, որ դա էապես կազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Իհարկե, թուրքերի կողմից հնչող հայտարարությունները հաճելի չեն, բայց անցողիկ են, քանի որ Թուրքիայի հետ հարաբերությունների հիմք են հանդիսանում տնտեսական կապերը»:
Նաիրա Հովհաննիսյան