Այսօր խորհրդարանում Լևոն Զուրաբյանը բարձրացրեց Հիմնադիր խորհրդարանի անդամներ Ժիրայր Սէֆիլյանի և նրա ընկերների հարցը, ովքեր այժմ կալանավորված են:
Լևոն Զուրաբյանը նշեց, թե պետք է պահպանվեն մարդու իրավունքները, և պետք է չունենանք այնպիսի մարդիկ, ովքեր բանտարկված են իրենց քաղաքական հայացքների համար: Նա նշեց, թե հանդիպումներ է ունեցել մի քանի պաշտոնյաների հետ, և հայտարարեց` պետք է այնպես անել, որ այդպիսի բաներ չկրկնվեն: Պատգամավորն օրինակ բերեց նաև Շանթ Հարությունյանին, ով ևս անազատության մեջ է քաղաքական հայացքների համար:
Ի պատասխան` Գալուստ Սահակյանը նշեց. «Ես կարծում եմ, որ ոչ միայն դուք, այլև մենք բոլորս մտահոգ ենք, բայց գնահատականներ չենք տալիս, քանի որ կա համապատասխան մարմին, և մենք նույնպես ցանկանում ենք մանրամասներ իմանալ»:
Իսկ Հերմինե Նաղդալյանն էլ նշեց. «Բոլորիս համար էլ անընդունելի է, որ ունենանք քաղաքական հայացքների համար բանտարկված մարդիկ»: