ԲՀԿ-ն նման մառազմով չի տառապում. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը շարունակում  է քննարկել  Կառավարության ներկայացրած Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն` պետք է ներդրվի դատական վեճերի հաշտարարի ինստիտուտը:

Հայ Ազգային Կոնգրեսի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում դրական համարեց դատական հաշտարարի ինստիտուտի ստեղծման գաղափարը: Նա նշեց, որ այն նույնիսկ ուշացած կարելի է համարել և ընդգծեց` եթե նման ինստիտուտ ներդրվեր ավելի վաղ, ապա թաղային հեղինակությունները հաշտեցման գործառույթ կատարելու համար ոչ գումար կստանային, ոչ էլ տոկոս կպահեին:

Պատգամավորը նաև նշեց վտանգների առկայության մասին: Նրա խոսքով`   տնտեսական հարցերի դատական հայցերի դեպքում, հնարավոր է, հաշտարարների բաշխումը կատարվի կողմնակալ ձևով: Ջհանգիրյանը դրա համար առաջարկեց հաշտարարի ինստիտուտում ներառել շատ թվով հաշտարարների:

«Միշտ չէ, որ իշխանության առաջ քաշած օրինագծերին պետք է դեմ քվեարկել, որովհետև սա դրական առաջարկություն է»,- նշեց Ջհանգիրյանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ևս նշեց, որ համակարծիք է Գագիկ Ջհանգիրյանի հետ: Նա նշեց, թե ամեն ինչին չէ, որ ներկայացնում է իշխանությունը, պետք է իմպերատիվ կերպով դեմ լինել, միայն այն բանի համար, որ ընդդիմադիր քաղաքական ուժ ես: «ԲՀԿ-ն նման մառազմով չի տառապում, մենք չենք դառնա զոհը այն կեղծ մտայնության, որ եթե իշխանության այս կամ այն առաջարկը պաշտպանենք, հանկարծ մեր ընտրազանգվածը մեզ սխալ կհասկանա: Ինչը որ լավ է, մենք պատրաստ ենք պաշտպանել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:




Լրահոս