Օմբուդսմենը դիմել է Բնապահպանության նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի մի խումբ բնակիչներ հոկտեմբերի 3-ին դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին Գետահովիտ համայնքի Աղստև գետի Պաղջուր վտակի վրա կառուցվող ՀԷԿ-ի կապակցությամբ, նշելով, ոչ այն իրականացվում է առանց համապատասխան հասարակական լսումների և ՀՀ օրենսդրության մի շարք խախտումներով: 
ՄԻՊ գրասենյակից  տեղեկացրին, որ պաշտպանը բարձրացված խնդրի կապակցությամբ դիմել է Բնապահպանության նախարարին` խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխան կառույցներին հանձնարարել ուսումնասիրել խնդիրը, ներկայացնել տեղեկություններ իրավական հիմքերի չպահպանման վերաբերյալ:
Ըստ համայնքի բնակիչների` ՀԷԿ-ի կառուցման օրինականության հետ կապված մասնավորապես խախտվել են Օրհուսի կոնվենցիայի դրույթները, “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին”, “Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին”, “Բուսական աշխարհի մասին”, “Կենդանական աշխարհի մասին” օրենքներում ամրագրված դրույթները: 
Բնակիչները դժգոհում էին, որ հասարակական լսումները կատարվել են Տավուշի մարզի Ենոքավան համայնքում, այն դեպքում երբ կառուցվող “Խաչաղբյուր”-2 ՓՀԷԿ-ի ազդեցությունն ամբողջությամբ տարածվում է Գետահովիտ համայնքի վրա:




Լրահոս