Կատարվածում բոլորս մեր մեղքի բաժինն ունենք. հրամանատարը` վթարված «Ուրալ»-ի և մահացած զինվորի մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Հրայր Աթոյանը, անդրադառնալով իր հրամանատարության տակ գտնվող զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարին, ասաց, որ կատարվածում բոլորն իրենց մեղքի բաժինն ունեն:

Արդյո՞ք մեքենան զորավարժությունների գնալուց առաջ տեխզննման չէր ենթարկվել, եւ, առհասարակ, ո՞վ է պատասխանատվություն կրելու մեքենայի անսարքության համար: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը զրուցեց մահացած զինվորի` ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Հրայր Աթոյանի հետ:

-Պարո՛ն Աթոյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ Ձեր ենթակայության տակ գտնվող «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան տեխնիկական խնդիր է ունեցել: Ո՞վ է պատասխանատվություն կրում մեքենայի տեխնիկական անսարքության համար:

-Առաջինը՝ անմիջապես վարորդը, իսկ երկրորդ՝ մնացած հարցերը կպարզի քննությունը:

-Այսինքն՝ զինվորը ե՛ւ վարորդ է, ե՛ւ մեքենայի տեխնիկական գծով պատասխանատո՞ւ: Այդ բոլոր պարտականությունները նրա՞ վրա են դրված:

-Ինքը մասնագիտորեն տիրապետում է դրան, եթե մասնագիտորեն չտիրապետի, մենք չենք թողնի, չենք տա այն վկայականը, որ նա իրավունք ունի վարելու նման տիպի մեքենա:

-Զինվորական «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա վարելու համար անհրաժեշտ է ունենալ E կարգի վարորդական իրավունք, իսկ զինվորի հայրը՝ Գերասիմ Թորոսյանը, մեզ հետ զրույցում ասել էր, որ տղան ունի B, C, եւ D կարգի վարորդական իրավունք: Վստա՞հ եք, որ նա իրավունք ուներ այս տիպի մեքենա վարելու:

-Ուներ, դրա համար անցել էր լրացուցիչ վերապատրաստում: Այսպես ասեմ Ձեզ՝ տղան մեր ամենալավ վարորդներից մեկն է եղել: Շատ լավ զինվոր էր:

-Զարմանալի է՝ ինչպե՞ս կարող է մեկ զինվորը պատասխանատվություն կրել մի հսկայական մեքենայի տեխնիկական վիճակի համար:

-Ո՛չ, դա այդպես չէ, ես չեմ ասում՝ միայն վարորդն է կրում պատասխանատվությունը»:

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:




Լրահոս