Ինչու ապրիլի 24-ին «Հիմնադիր խորհրդարան»-ի մոբիլիզացիան տեղի չունեցավ և որոնք են նրանց հետագա քայլերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 24-ին «Հիմնադիր խորհրդարանի» պլանավորած մոբիլիզացիան տեղի չունեցավ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

«Մենք ընդունում ենք, որ մոբլիզացիան ապրիլի 24-ին տեղի չունեցավ: Բայց դա ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները»,- նշեց նա: Ենիգոմշյանի խոսքով` մոբիլիզացիայի չկայացման պատճառներից մեկն իրենց ընկերների ազատազրկված լինելն է: «Մյուս պատճառներից է նաև այն, որ ռեժիմը «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ ճնշումներ է գործադրում և նման պայմաններում մեծ մասը վախեցավ: Սակայն, մի մեծ մաս էլ մեր կողքին էր»,- ասաց ՀԽ անդամը և ավելացրեց, որ ապրիլի 24-ին Էրեբունի թանգարանի տարածքում անիմաստ էր կատարել նախապես պլանավորած անհնազանդության գործողությունները, քանի որ Ոստիկանությունը և քրեական տարրերը ագրեսիվ էին տրամադրված իրենց նկատմամբ.

«Մենք չէինք կարող վտանգել այնտեղ հավաքված մարդկանց կյանքն ու անվտանգությունը»: Վերջինս, սակայն, ասաց` դա դեռ չի նշանակում, որ «Հիմնադիր խորհրդարանը» չի շարունակելու ռեժիմի հեռացման գործընթացը:

Ա. Ենիգոմշյանն ընդգծեց, որ իրենց մինչև մայիսի 10-ը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ դիմում են ուղարկել Երևանի քաղաքապետարան, սակայն մերժում են ստացել` նույն հակաօրինական ձևով:

«Իրենք մեզ թույլ չեն տալիս քաղաքի կենտրոնում հանրահավաք անցկացնել: Մենք դիմում ենք ներկայացրել նաև մայիսի 10-ից հետո Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ, սակայն դեռ պատասխան չենք ստացել: Երբ պատասխանը ստանանք, նոր մեր հետագա անելիքների մասին կխոսենք: Ամեն դեպքում, մենք չենք հանդուրժելու ռեժիմի հակաօրինական քայլերը»,- ասաց Ենիգոմշյանը և հստակեցրեց, որ իրենք մայիսի 10-ից հետո մոտակա օրերին հանրահավաք կանցկացնեն Ազատության հրապարակում` անկախ քաղաքապետարանի թույլտվությունից, սակայն հակաօրինական քայլեր չեն կատարվի:

Հանրահավաքի ժամանակ կհնչեն հստակ պահանջ` ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված անդամներին:




Լրահոս