ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ԵՎ 24-ԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժամը 17:00-ից բաց խորանի մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, ինչպես նաեւ կցուցադրվի Երեւանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա:

-Հաշվի առնելով միջոցառումների ծավալը, մասնակցել ցանկացողների քանակը եւ բազմաթիվ պաշտոնական պատվիրակությունների ներկայությունը՝ ՀՀ ոստիկանությունը, Երեւանի եւ Էջմիածնի քաղաքապետարանները մշակել են հատուկ երթուղիներ, համաձայն որոնց՝ Երեւանի Բրազիլիայի հրապարակից Էջմիածին կմեկնեն անվճար ավտոբուսներ, որոնք ուղեւորներին կհասցնեն մինչեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք եւ այնուհետեւ միջոցառման ավարտին կվերադարձնեն Երեւան: Խորհուրդ է տրվում խուսափել սեփական փոխադրամիջոցների օգտագործումից:
– Սեփական ավտոմեքենաներով Էջմիածին մեկնողների տրանսպորտային միջոցները պետք է կայանել Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածում, որտեղից էլ ցանկացողներին ավտոբուսներով կտեղափոխեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
-Անվտանգության նկատառումներից ելնելով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք, ինչպես նաեւ՝ ստորեւ նշվող այլ հանրային միջոցառումների անցկացման վայրեր մուտք գործող անձանց արգելվում է`
– կրել կամ ունենալ քիմիական, պայթուցիկ, հրավառ եւ դյուրավառ նյութեր, ինչպես նաեւ՝ այնպիսի իրեր եւ միջոցներ, որոնց առկայությունը կամ կիրառումը կարող է վտանգ ներկայացնել շրջապատում գտնվող անձանց համար,
-ունենալ ռազմամթերք, զենքի ցանկացած տեսակ եւ դրանց փամփուշտներ (բացառությամբ այն անձանցից, ովքեր, ելնելով ծառայողական պարտականությունների կատարումից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն պահել, կրել, կիրառել եւ օգտագործել հաշվեցուցակային հրազեն),
-ունենալ մեծածավալ առարկաներ, այդ թվում՝ տնտեսական եւ այլ մեծ պայուսակներ, տոպրակներ, պարկեր, ճամպրուկներ, ուսապարկեր եւ այլն:
Միջոցառման անցկացման ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք բերվող անձնական իրերը ենթարկվելու են զննման:
– 2015 թվականի ապրիլի 23-ի երեկոյան՝ ժամը 20:00-ին, Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի կունենա ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող «SOAD» ռոք խմբի համերգը, որն անցնում է «Wake up the souls» («Արթնացրեք հոգիները») խորագրով:
Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակի կողմից` Վազգեն Սարգսյան փողոցով, անվտանգության գոտիներն անցնելուց հետո:
Մուտքն անվճար է, բայց սահմանափակ է մասնակիցների ընդհանուր թվով:
2015 թ. ապրիլի 23-ին՝ ժամը 08:00-ից մինչեւ 24:00, սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթեւեկությունը, մասնավորապես՝
– Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից,
– Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
– Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
– Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից,
– Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից,
– Գր. Լուսավորիչ փողոցը՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից,
– Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան եւ Խորենացի-Մ. Մկրտչյան փողոցների խաչմերուկներից:
2015 թ. ապրիլի 24-ին՝ ժամը 08.00-ից մինչեւ 24.00, սահմանափակվելու է երթեւեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան-Մոսկովյան եւ Բաղրամյան-Կիեւյան փողոցների խաչմերուկներից:
– ժամը 06.00-ից մինչեւ 24.00-ը սահմանափակվելու է երթեւեկությունը Աթենքի, Ծիծեռնակաբերդի, Կիեւյան փողոցներում, ինչպես նաեւ՝ Լենինգրադյան փողոցում՝ Լենինգրադյան-Շինարարների փողոցների խաչմերուկից Կիեւյան կամուրջ, Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկից Կիեւյան կամուրջ:
– ժամը 06.00-ից մինչեւ 14.00-ը սահմանափակվելու է երթեւեկությունը Ծովակալ Իսակով պողոտայում՝ Սեբաստիայի փողոցի կողմից Հաղթանակի կամուրջ, Արգիշտի փողոցում՝ Գր. Լուսավորիչ փողոցի կողմից Հաղթանակի կամուրջ եւ Մաշտոցի պողոտայում՝ Գր. Լուսավորիչ փողոցի կողմից Հաղթանակի կամուրջ:
– ժամը 16.00-ից մինչեւ 24.00-ը սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթեւեկությունը, մասնավորապես՝
Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից,
Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից,
Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից,
Գր. Լուսավորիչ փողոցը՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից,
Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան եւ Խորենացի-Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկներից:
– Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում արտերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվելու են արարողակարգային միջոցառումներ: Այցելուների համար մուտքը դեպի հուշահամալիր կբացվի ժամը 13:00-ից: Հուշահամալիր այցելությունը շարունակվելու է նաեւ ապրիլի 25-ին:
– Ապրիլի 24-ին՝ երեկոյան 20:15-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա Համաշխարհային 24/04 նվագախմբի համերգը` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների եւ մենակատարների մասնակցությամբ: Մուտքն անվճար է:
Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցների եւ Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից անվտանգության գոտիներն անցնելուց հետո:
Աբովյան եւ Նալբանդյան փողոցների հատվածներում քաղաքացիների մուտք (ելք) չի իրականացվելու:
– 2015 թվականի ապրիլի 24-ին` երեկոյան ժամը 22:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:
Երթուղին՝ Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Բաղրամյան պողոտա – Բարեկամության հրապարակ – Կիեւյան փողոց – Կիեւյան կամուրջ – Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ – Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

 

 

 

 

 

«ՏԱՏԻԿՆԵՐՆ ԱՆԻԾԵՑԻՆ, ՊԱՊԻԿՆԵՐԸ ՀԱՅՀՈՅԵՑԻՆ ՕԲԱՄԱՅԻՆ»

Երբ հայտնի դարձավ, որ այս տարի էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին 1915թ. դեպքերին նվիրված իր ուղերձում չի պատրաստվում արտասանել «ցեղասպանություն» բառը, հայ հանրության շրջանում հիասթափության եւ զայրույթի նոր ալիք բարձրացավ: Ցասումով լցվածների շրջանում մեծ թիվ էին կազմում սփյուռքահայերը, մասնավորապես` ամերիկահայերը: Նրանք ԱՄՆ նախագահի ելույթի հետ կապված հույսեր էին փայփայում` բաղձալի բառը լսելու համար:

Բանաստեղծ Դավիթ Ասատրյանը, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Ամերիկայում շատ հայեր լուրջ են վերաբերվում Օբամայի ելույթին եւ վրդովվել են արդեն հայտնի փաստից. «Իմ շրջապատում ամերիկահայ տատիկները անիծեցին, պապիկներն էլ հայհոյեցին Օբամային, իսկ անձամբ ինձ նրա ելույթը չի հետաքրքրում: Չեմ կարծում, թե ԱՄՆ նախագահի համար հայերիս կարծիքը նշանակություն ունի: Բան չմնաց, շուտով Օբաման կգնա հանգստի, եւ վստահ եղեք, որ գիշերը քնելու է` առաց մեղքի զգացումի»:
Բանաստեղծի համոզմամբ` հայերս լրջորեն մտահոգվելու շատ այլ, ավելի կարեւոր առիթներ ունենք. «Մենք պետք է հզոր պետություն կերտենք, ազատվենք ներսի տականքից: Արյունը արյունով են լվանում. սա վերաբերում է թե՛ դրսի, թե՛ «տեղական» թուրքերին»,- մեկնաբանեց նա:
Երգչուհի Անի Քրիստին էլ, ով տեւական ժամանակ է` բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, մեզ հետ զրույցում փաստեց, որ ամերիկահայերը բացասական արձագանք են տվել լուրին. «Ես իմ անունից կարող եմ ասել, որ Օբամայի ելույթի հետ կապված հույսեր ունեի, բայց անկանխատեսելի դարում ենք ապրում: Հուսանք, որ դեռ մի բան կփոխվի»:
Երգչուհու խոսքով` ամեն դեպքում, շատ օտարներ, որոնք ԱՄՆ-ում հայերի կողքին են, ընդունում են Ցեղասպանությունը եւ առանց դժվարության արտահայտում այդ բառը. «Նրանց շարքում հոլիվուդյան մի շարք աստղեր են, քաղաքական գործիչներ եւ պարզապես սովորական մարդիկ»,- ասաց նա` հավելելով, որ ինքը, ի թիվս շատ հայերի, մասնակցելու է ԱՄՆ-ում ապրիլի 24-ին կայանալիք «Արդարության քայլարշավ»-ին:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 
ԹԱՆԳԱՐԱՆ Է ԲԱՑՎԵԼ
Մոսկվայում՝ Հայ Առաքելական եկեղեցու համալիրի տարածքում, ապրիլի 22-ին բացվել է Հայաստանի ազգային մշակույթի թանգարանը, որն ամենախոշոր թանգարանային համալիրն է Հայաստանի սահմաններից դուրս: «Արմենպրեսի» հաղորդմամբ` թանգարանի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 2 հազար քառակուսի մետր: Ինը ցուցասրահներ միմյանց միացած են՝ ըստ թանգարանի ընդհանուր հայեցակարգի, որը հիմնված է ինքնաոչնչացման դեմ պայքարի գաղափարի վրա: Տարբեր ցուցադրանքներ ներկայացնում են հայ ժողովրդի պատմությունը, վերականգնում տարբեր դարաշրջանների հայերի կենցաղը: Թանգարանի բացումը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

ՀԱՅ ՊԱՐՈՒՀՈՒՆ ԱԶԱՏԱԶՐԿԵԼ ԵՆ
Կահիրեի դատարանը 6 ամսվա ազատազրկման է դատապարտել Եգիպտոսում հայտնի հայազգի պորտապարուհի Սոֆինար Գուրյանին` երկրի պետական դրոշը վիրավորելու համար:
Associated Press-ի փոխանցմամբ` անցյալ ամռանը Եգիպտոսի հանգստավայրերից մեկում կազմակերպված երեկույթի ընթացքում պարուհին, ով հայտնի է բեմական Սոֆինազ անունով, պորտապարի ժամանակ ներկայացել է մի զգեստով, որի գույները հիշեցրել են եգիպտական դրոշը: Միջոցառումից որոշ նկարահանումներ հայտնվել են համացանցում եւ բացասական արձագանք ստացել եգիպտական հասարակության շրջանում: Դատախազությունը պորտապարում պետական խորհրդանիշի օգտագործման համար պարուհուն մեղադրել է ազգային դրոշը վիրավորելու մեջ: Իսկ 2014-ից սկսած` եգիպտական դրոշը վիրավորելու համար սահմանված է մինչեւ մեկ տարվա ազատազրկում: Սոֆինար Գուրյանն ասել է, որ դրոշը վիրավորելու միտում չի ունեցել եւ լինելով արտասահմանցի` եգիպտական օրենքներին այնքան էլ ծանոթ չէ:

 

ԲԱՍԿՈՎԸ՝ ՆԱԽԱՐԱՐ
Ռուսական շոու-բիզնեսի հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովը երգչուհի Մարիա Մակսակովայի հարսանիքի ժամանակ պատմել է իր ապագա ծրագրերի մասին: Նա հայտարարել է, որ որոշել է դառնալ մշակույթի նախարար: «ԽՏՎրՏՎՏսՖրՍՈÿ կՐՈՉՊՈ»-ի փոխանցմամբ` երգիչը նշել է, որ դա տեղի կունենա շուրջ 15 տարի անց: «Երազելը վատ բան չէ: Կարծում եմ` 12-15 տարի անց մշակույթի նախարար կդառնամ, ես կլինեմ ամենաուրախ նախարարը»,- ասել է Բասկովը:




Լրահոս