ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԸ ԼՍՎՈՒՄ Է, ԲԱՅՑ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիան շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ջանքեր գործադրել. այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: Վերջինս հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ. «Դրանից մեկ օր առաջ նա հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարները մոտ ժամանակում առանձին-առանձին կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- հայտնել է դեսպանը:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ՝ պարզելու համար, թե այս փուլում ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը բանակցային գործընթացից:
-Պարո՛ն Զաքարյան, ի՞նչ կարող ենք ակնկալել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ի. Ալիեւի ձեռք բերված պայմանավորվածություններից, որքանո՞վ է այդ այցը նպաստելու ԼՂՀ հարցի կարգավորմանը:
-Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, միշտ էլ աչքի է ընկել իր անաչառությամբ եւ խաղաղ կարգավորմանն ուղղված իր ջանքերով: Այնպես որ, կարծում եմ, որ դա դրական անդրադարձ կունենա հետագա կարգավորման գործընթացի վրա՝ բանակցությունները շարունակելով:
-Իսկ ավելի կոնկրետ ակնկալիքներ չկա՞ն այս փուլում:
-Կոնկրետ այն է, որ պետք է Ադրբեջանը կառուցողական մոտեցում ցուցաբերի, ու կարեւոր են դրանում նաեւ Ֆրանսիայի ջանքերը:
-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, կարծես թե, այս ընթացքում չի հաջողվում հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպմանն ու բանակցային գործընթացում տեսանելի շարժի: Ձեր գնահատմամբ` արդյո՞ք Ֆրանսիայի նախագահն այս հարցում կարող է հաջողել: Ի վերջո, նրա տարածաշրջան կատարած նախորդ այցից հետո Փարիզում կայացավ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը:
-Մինսկի խմբի համանախագահող յուրաքանչյուր երկիր, բնականաբար, ջանում է, որպեսզի խնդիրը կարգավորվի խաղաղ գործընթացում, քաղաքական եղանակով, ու ինչպես միասնական, այնպես էլ անհատական, առանձին-առանձին իր ճիգերն է գործադրում: Այնպես որ, այս դեպքում ինչ-որ կոնկրետ բան ասելը ճիշտ չէ: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ կրկին անգամ փորձ է արվում ԼՂՀ հարցը կարգավորել միայն խաղաղ ճանապարհով:
-Առաջիկայում Հայաստան է ժամանելու «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը պատրաստող խմբի ղեկավար, ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը: Նա արդեն իսկ հանդիպել է Ադրբեջանի իշխանություններին եւ ակնկալում է նաեւ ՀՀ իշխանությունների ընդունելությունը: Ի՞նչ փաստարկներ է պատրաստում ներկայացնել հայկական կողմը, որո՞նք են այն քայլերը, որոնց շնորհիվ մտադիր եք չեզոքացնել այս ոչ հայամետ զեկույցի վտանգները:
-Դա վտանգավոր ու անօգուտ զեկույց է, անօգուտ նրանով, որ քաղաքական որեւէ կառուցողական միջավայր չի ձեւավորի, իսկ վտանգավոր այն առումով, որ կավելացնի կոնֆլիկտը եւ կողմերի միջեւ լարվածությունը:
-Իսկ ինչո՞ւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Ձեր ղեկավարած հանձնաժողովը քայլեր չեն ձեռնարկում այդ զեկույցի կանխարգելման համար, կարծես թե այդ ուղղությամբ ոչինչ չի արվում ՀՀ-ի կողմից. Դուք առավելապես բավարարվում եք զեկույցի վերաբերյալ բացասական հայտարարություններով:
-Մենք արդեն պաշտոնապես հայտարարել ենք, նշել ենք մեր մոտեցումը, ու կարծում եմ, որ պետք է նաեւ ամեն ինչ անել, որպեսզի զեկույցը զերծ մնա կողմնակալ, սխալ եւ վնասակար ձեւակերպումներից:
-Դուք այս զեկույցը համարո՞ւմ եք ՀՀ-ի թերացումը, արդյո՞ք մեր արտաքին քաղաքականության պատասխանատուների թերի աշխատանքի պատճառով է, որ նման զեկույց է ներկայացվելու:
-Դա ավելի շուտ ԵԽԽՎ-ի որոշ շրջանակների ոչ ռացիոնալ մոտեցման արդյունք է: Ես կարծում եմ, որ զեկուցողը առաջին հերթին պետք է մտածի իր զեկույցի հավասարակշռված եւ իրական լինելու մասին, այլապես չեմ կարծում, որ զեկուցողին պատիվ է բերելու ադրբեջանամետ համբավը: Մեր կողմից գործողություններ իրականացվում են, հրապարակային հայտարարություններ արվում են այդ մասին: Աշխատանքը դեռեւս առջեւում է, ու կտեսնենք, թե առաջիկայում ինչպիսին կլինեն զարգացումները:
-Համենայն դեպս, այս փուլում հայկական կողմի ձայնը լսելի չէ…
-Մեր ձայնը միշտ էլ լսվում է, եւ աշխատանքներն ընթացքի մեջ են, տեսնենք, թե շարունակությունն ինչպիսին կլինի:

 

 

 

 
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԻԱՅՆ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԶԲԱՂՎԻ

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկություններ էր ստացել, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունենալու աբովյանցիների հետ՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածուին ներկայացնելու համար: Մեր տեղեկություններով՝ «ժողովին» հրավիրվել էին այն մարդիկ, որոնք իրենց «թաղերում» կարող են ձայն «հավաքել»՝ «լույսի մարդուց» մինչեւ «ժեկի» աշխատող: Սակայն մեկ ժամ հետո Գ. Ծառուկյանի «թեկնածու» Վահագն Գեւորգյանը հավաքվածներին տեղեկացրել էր, թե Ծառուկյանը շտապ գործ ունի եւ չի կարող ներկայանալ հանդիպմանը:

Եւ այսպես, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հանդիպումը տեղի էր ունենալու Աբովյանում՝ ԲՀԿ-ի նախկին կենտրոնական գրասենյակում: Մինչ այդ, սակայն, Գ. Ծառուկյանը հանձնարարել է, որ գրասենյակի «պատից» հանեն ԲՀԿ-ի ցուցանակը եւ «մաքրեն» բոլոր այն պաստառները, որոնք հիշեցնում են ԲՀԿ-ի մասին: Երեկ «Ժողովուրդ»-ն արձանագրեց, որ Ծառուկյանի հրահանգը կատարվել է. բոլոր ցուցանակները հանված էին:
Արդեն ժամը 14:30-ին գրասենյակ էին գալիս տարբեր տարիքի ու սեռի մարդիկ, տարբեր մեքենաներով: Որոշ ժամանակ հետո գրասենյակ եկավ նաեւ Գ. Ծառուկյանի «հովանավորյալը»` Վահագն Գեւորգյանը: Նա անմիջապես նկատեց լրագրողներին, որոնք հավաքված սպասում էին Գ. Ծառուկյանի գալուն: Ուղիղ մեկ ժամ անց «Ժողովուրդ»-ը նկատեց, որ հավաքվածները գրասենյակից հեռանում են: Նրանցից մի քանիսը «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ իրենց ասել են` առայժմ գնացեք. «Ասեցին՝ Ծառուկյանը շտապ գործ ա ունեցել ու գնացել ա ըտեղ, ասեցին՝ գնացեք, հետո կզանգենք ձեզ, օր, ժամ կասենք, կգաք»,-մեզ հետ զրույցում ասաց մի պապիկ, որը շտապ գրասենյակից հեռացավ:
«Ժողովուրդ»-ը գրասենյակում հավաքվածներից փորձեց պարզել, թե ինչ հանդիպում էր նախատեսված, որը չկայացավ, սակայն ներկաները հայտարարեցին, թե որեւէ հանդիպում նախատեսված չէր, ու անգամ Վահագն Գեւորգյանը գրասենյակում չէ: Որոշ ժամանակ հետո մեզ մոտեցավ Վահագն Գեւորգյանի եղբայրն ու հայտարարեց, որ մի քանի րոպե հետո կարող ենք զրուցել նրա հետ: Վ. Գեւորգյանը, որն աշխատում է խորհրդարանում, ու ըստ տեղեկությունների՝ եղել է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օգնականը, լրագրողներին հայտնեց, որ այդ գրասենյակը իր նախընտրական շտաբն է լինելու: Եվ մինչ նա զրուցում էր մեզ հետ, նրա թիմակիցները փորձում էին հավաքվածներին «պահել» Վ. Գեւորգյանի աշխատասենյակում, որպեսզի լրագրողներս չզրուցեինք նրանց հետ:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե եթե Գ. Ծառուկյանը քաղաքականությամբ այլեւս չի զբաղվելու, ինչու է հանդիպումներ ունենում աբովյանցիների հետ, Վ. Գեւորգյանը պատասխանեց, որ Գ. Ծառուկյանը որեւէ հանդիպում չի նշանակել ու իրականում նման հանդիպում նախատեսված չի եղել: Գեւորգյանը վստահեցրեց, որ Ծառուկյանը որեւէ կերպ չի «խառնվում» այն պրոցեսներին, որոնք կապված են Աբովյանի քաղաքապետի ընտրությունների հետ: Ըստ Վ. Գեւորգյանի՝ ինքն ուղղակի Ծառուկյանին տեղեկացրել է, որ առաջադրվելու է, իսկ Ծառուկյանն էլ հավանություն է տվել իր առաջադրմանը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ԱՌԱՔԻՉՆԵՐԻ ԿՌԻՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի «Վան» խանութի ավտոկայանատեղիում կայանատեղի համար «Աշտարակ կաթ» ՍՊԸ-ի վարորդն ու առաքիչը վիճել են «Թամարա» ՍՊԸ-ի վարորդի եւ առաքիչի հետ: Արդյունքում, վեճը վերածվել է ծեծկռտուքի, եւ վարորդներն ու առաքիչները երկուսը երկուսի դեմ մենամարտի են բռնվել: Նշված խանութի աշխատակիցները եւ հավաքված մարդիկ ոչ մի կերպ չեն կարողացել հանգստացնել եւ բաժանել «մարտնչող» կողմերին, մինչեւ որ դեպքի վայր չեն ժամանել իրավապահները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը` հավելելով, որ հետաքննություն է ընթանում:

 

ՆԱԽԿԻՆԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունը տուգանել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի» ընկերությանը: Պարզվում է՝ նշված ընկերությունը 2014 թ.-ի նոյեմբերի 29-ին Հայաստան է ներմուծել 481 կիլոգրամ կափարիչ, որի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված ժամկետում մաքսային հայտարարագիրը չի ներկայացվել: Այս արարքի համար ընկերության տնօրեն Լյովա Արզաքանցյանը տուգանվել է 50 հազ.դրամի չափով: Այնուհետեւ 2014 թ.-ի դեկտեմբերի 24-ին «Գրեյթ Վելլի Քամփընի» ՍՊԸ-ի անունով Հայաստան են ներմուծվել շշեր, որոնց վերաբերյալ եւս սահմանված ժամկետում մաքսային հայտարարագիր չի ներկայացվել եւ ընկերության տնօրեն Լյովա Արզաքանցյանը մեկ անգամ եւս 50 դրամի չափով տուգանվել է:

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 100 մլն դրամ եւ 58 հազար դոլար: Տեղեկացնենք, որ Հրայր Թովմասյանը երեք աղբյուրից աշխատավարձ է ստացել` ընդհանուր 5 մլն 358 հազար դրամ: Իսկ նախորդ տարվա ընթացքում տրված փոխառությունների դիմաց Թովմասյանի եկամուտը կազմել 480 հազար դրամ: Վերը բերվածից բացի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարը 2014 թ.-ին օտարել է բազմաբնակարան շենքում բնակարան` 60 մլն 175 հազար դրամ արժեքով: Ինչպես նաեւ անցած տարի Թովմասյանին վերադարձրել են 50 հազար դոլարի փոխառություն (պարտքով տրված գումար): Իսկ, ահա, Հրայր Թովմասյանի կինը` Լամարա Խուդավերդյանը, նույնպես 2014 թվականին պարտքով տված խոշոր գումար է ստացել՝ 30 հազար դոլարի չափով: Թովմասյանի տիկինը տարեկան 700 դոլար եկամուտ ունի, որը ստացել է որպես փոխառության տոկոսավճար:




Լրահոս