Նախօրեին հայաստանյան լրատվական դաշտի մի մասում մի քանի ժամ ցնծություն էր տիրում, քանի որ Ռուսաստանից լուրեր էին եկել այն մասին, որ Հայաստանին վաճառվող գազի սակագինը գործող հազար խորանարդ մետրը 189 դոլարից կիջնի 165 դոլար: Երբ լուրը նոր էր դեռ ստացվել, բոլորին թվում էր, թե համընդհանուր թանկացումների ֆոնին այս մի անգամ էլ կարող է էժանացում լինել: Սակայն այդ ուրախությունը շատ կարճ տեւեց, եւ կամաց-կամաց բոլորը սկսեցին գիտակցել, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի էժանացումը դեռ չի նշանակում սպառողին մատակարարվող գազի սակագնի իջեցում:
Իսկ երեկ արդեն այդ հարցը, կարելի է ասել, ընդհանրապես փակված համարվեց, քանի որ «Գազպրոմ-Արմենիայի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը լրագրողների հարցումներին ի պատասխան՝ հայտարարել էր, որ սպառողներին մատակարարվող գազի սակագնի իջեցում իրենք չեն ծրագրում: Իսկ այն փաստը, որ Հայաստան ներկրվող գազի գինը նվազելու է, իրենց թույլ կտա սպառողներին մատակարարվող գազի սակագնի բարձրացման համար չդիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ գազամատակարարման համակարգում լրացուցիչ ներդրումներ կատարել: Այսինքն՝ ռուսական մի ընկերությունը` «Գազպրոմը», որոշել է իր ապրանքը ավելի էժան վաճառել ռուսական մեկ այլ ընկերության` «Գազպրոմ-Արմենիային»:
Ի դեպ, Սարդարյանն ասել էր նաեւ, թե իբր անցած տարվա վերջին դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրանալու արդյունքում իրենց ընկերությունը լուրջ վնասներ է կրել: Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ վնասների մասին է խոսքը, բայց մյուս կողմից այդ պատմությունը վաղուց է հայտնի: Այսպես, երբ 2013-ի հունիսին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց սպառողներին մատակարարվող գազի գործող սակագինը` 1000 խ/մ-ը 156 հազար դրամ, դրանում դոլարի փոխարժեքը հաշվարկվել է 1 դոլարը 416 դրամ: Ստացվում է, որ սպառողին գազի 1000 խ/մ-ը այն ժամանակ վաճառվել է 375 դոլարով: Դոլարի ներկայիս 470 դրամ փոխարժեքով ստացվում է, որ սպառողին գազը մատակարարվում է 1000 խ/մ-ը 332 դոլարով: Երբ «Գազպրոմ-Արմենիայի» ներկայացուցիչները ասում են, որ վնասներ են կրել, նրանք նկատի ունեն 1000 խ/մ-ի կտրվածքով վերը բերված 43 դոլարը: Սակայն, ինչպես միշտ, մոռացության է մատնվում այն փաստը, որ Հայաստանի սահմանին գազն արժի 1000 խ/մ-ը 189 դոլար, իսկ սպառողին այն նախ՝ վաճառվել է 375 դոլարով, այժմ էլ՝ 332-ով, տարբերությունը եղել է 186 դոլար, դարձել է 143: Իսկ բոլորովին վերջերս էլ հայտնի դարձավ, որ սահմանից մինչեւ սպառող գազը հասցնելու համար գանձվող մի քանի հարյուր միլիոն դոլարը լավագույն դեպքում ծախսվում է «Գազպրոմ-Արմենիայի» աշխատակազմի, իսկ ավելի կոնկրետ՝ տնօրինությանն աստղաբաշխական թվերով աշխատավարձեր վճարելու վրա:
Այնուամենայնիվ, Հայաստանին մատակարարվող գազի սակագնի իջնելու դեպքում օրենսդրությունը հնարավորություն տալիս է սպառողին մատակարարվող գազի գինն իջեցնել` առանց «Գազպրոմ-Արմենիայի» հայտի: Բանն այն է, որ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, տվյալ դեպքում՝ «Գազպրոմ-Արմենիայի», հայտի հիման վրա, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ հնարավոր է այս մարմինն իր նախաձեռնությամբ վերանայի սպառողին մատակարարվող գազի սակագինը, թե ոչ: Ի պատասխան՝ ՀԾԿՀ-ի մամուլի քարտուղար Մարիամ Բարսեղյանն ասաց, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի իջեցման մասին տեղեկությունն իրենք ստացել են մամուլից: Ըստ օրենսդրության՝ «Գազպրոմ-Արմենիան» պարտավոր է ՀԾԿՀ-ին ներկայացնել Հայաստան մատակարարվող գազի սակագնի իջեցման մասին պայմանագիրը: Ըստ Բարսեղյանի՝ երբ այդ փաստաթուղթը կներկայացվի իրենց հանձնաժողովին, դրանից հետո միայն հանձնաժողովը կարող է սակագնի իջեցնել-չիջեցնելու խնդիրն ուսումնասիրել ու ըստ այդմ որոշել՝ ինչպես վարվել:
Սակայն, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, կարող ենք ասել, որ ՀԾԿՀ-ը երբեք չի համարձակվի սպառողներին մատակարարվող գազի սակագինն իջեցնել, ավելին՝ եթե հանկարծ նման պայմաններում «Գազպրոմ-Արմենիան» որոշի գազի սակագինը բարձրացնել ու դիմի այդ մարմնին, ապա նրանք ականջները կախ կիրագործեն ռուսական ընկերության կամքը:
Ի դեպ, «Էներգետիկայի մասին» օրենքի 4-րդ հոդվածում հանձնաժողովը, որն իրավասու է վերանայել էլէներգիայի եւ գազի սակագները, նշված է՝ «Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով»: Սա ՀԾԿՀ-ի նախկին անվանումն է: Այսինքն՝ եթե օրենքի տառով առաջնորդվելու լինենք, ապա ներկայիս ՀԾԿՀ-ն իրավունք չունի էլէներգիայի եւ գազի սակագները սահմանել, քանի որ «Էներգետիկայի մասին» օրենքում միայն մեկ տեղում է հանձնաժողովի անունը գրված, այն էլ՝ նախկին անունը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՊԱՇՏՈՆԱՊԵՍ՝ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ
Այլեւս կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: «Ժողովուրդ»-ը դեռեւս մեկ շաբաթ առաջ գրել էր, որ նշված ընտրությունները հենց այդ օրն են տեղի ունենալու: ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Աբովյանի քաղաքապետի լիազորությունները դադարեցնելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Կառավարության որոշումը, որն ընդունվել է դեռեւս ապրիլի 22-ին, այսօրվանից ուժի մեջ կմտնի, քանի որ այն երեկ հրապարակվել է «Պաշտոնական տեղեկագրի» հերթական համարում: Տիգրան Մուկուչյանը նաեւ հավելեց, որ այսօր, երբ արդեն որոշումն ուժի մեջ մտած կլինի, ընտրությունների ժամանակացույցը կհրապարակվի ԿԸՀ պաշտոնական կայքէջում:
Սա նշանակում է, որ արդեն իսկ կարող ենք արձանագրել՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածուների առաջադրման գործընթացը կմեկնարկի մայիսի 3-ին եւ կավարտվի մայիսի 8-ին:
27-Ը ԼՐԱՑԱԾ
Երեկ խորհրդարանում քվեարկվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամների կողմից ներկայացրած «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը եւ 92 կողմ, 4 դեմ ու 12 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց: Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը պատգամավորների շրջանում միանշանակ չի ընդունվում: Սա այն օրենքն է, որը զորակոչից խուսափած ՀՀ քաղաքացիներին, եթե լրացել է նրանց 27 տարին, հնարավորություն է տալիս գումար վճարելով՝ խուսափել քրեական պատասխանատվությունից: Մասնավորապես, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով, այս օրենքը հակասահմանադրական է եւ նպաստում է, որ ՀՀ քաղաքացիները չվերադառնան ու չծառայեն Հայկական բանակում, իսկ 27 տարեկան դառնալուց հետո գան եւ գումար վճարելով՝ ազատվեն քրեական պատասխանատվությունից:
ՎԱՂՈՒՑ ԾՆՎԱԾ ԳԱՂԱՓԱՐ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ եկել էր խորհրդարան, բայց ամեն ինչ անում էր, որպեսզի խուսափի լրագրողների հետ հանդիպելուց: Նա ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ զրուցելով՝ փորձում էր հեռանալ խորհրդարանից, սակայն ապարդյուն, քանի որ լրագրողները չէին դադարում նրան «հետապնդելուց»: «Ժողովուրդ»-ը փորձեց նախարարից պարզել, թե ինչպես է վերաբերվում այն քննադատություններին, որոնք հնչում են այս օրերին՝ կապված իր հայտարարության հետ, թե սփյուռքահայերը դժգոհելու փոխարեն պետք է հազարական դոլար ներդնեն Հայաստանի բանկերում: Ըստ նախարարի՝ որեւէ մեկն իրեն չի քննադատում, դա միայն լրատվամիջոցներն են անում:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
«ՔԱՐՖՈՒՐՆ» ՈՒ «ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ»-Ն ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Աժ-ում հնչեցված «Քարֆուր» եւ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցերի միջեւ առկա հնարավոր հակամրցակցային գործողությունների, մասնավորապես շաքարավազի ներկրմանն ու վաճառքի գներին վերաբերող հարցադրման հետքերով դիմել է «Քարֆուր» սուպերմարկետի հայաստանյան ներկայացուցչությանը՝ վերջինիս կողմից պատրաստի շաքարավազ չներմուծելու եւ Վրաստանի համանուն ցանցում ավելի ցածր գնով շաքարավազի վաճառքի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: «Քարֆուրի» ներկայացուցիչները նշել են, որ «Երեւան Սիթի» խանութների ցանցի հետ որեւէ խնդիր երբեւիցե չեն ունեցել եւ այժմ էլ չունեն. «Մեր կողմից պատրաստի շաքարավազի ներմուծման ուղղությամբ կատարված հաշվարկները ցույց են տվել, որ ներմուծման դեպքում շաքարավազի ինքնարժեքը կլինի ավելի բարձր, քան այն դեպքում, եթե այդ ապրանքատեսակը ձեռք բերվի տեղում: Այդ իսկ պատճառով ընկերության համար առավել շահավետ է շաքարավազը մեծածախ կերպով ձեռք բերել Հայաստանում եւ այն վերավաճառել»:
ԹԱՔՑՐԵԼ Է
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի վերջին հայտարարությունների առնչությամբ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել, որում նշված է. « …տարածքում գտնվող 538 տաղավարներում, ըստ նախապես կնքված վարձակալության պայմանագրերի, առեւտրային գործունեություն է իրականացնում 481 ֆիզիկական անձ՝ 167-188 հազար ՀՀ դրամ ամսավճարներով: Այդ անձինք անվտանգության ծառայության համար ամսական վճարում են 10-12 հազար ՀՀ դրամ, նրանցից 19-ը՝ սեփական ավտոմեքենայով տարածք մուտք գործելու համար՝ 40-60 հազար դրամ, իսկ 10 անձ՝ 4-20 հազար դրամ՝ պահեստային մասից օգտվելու համար, սակայն նշված գումարները չեն արտացոլվել հարկային տեսչություն ներկայացված հարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում: Արդյունքում, ընկերությունը հարկվող շրջանառությունը թաքցնելու միջոցով խախտել է «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջները… ընկերությանն առաջադրվել է պետբյուջե լրացուցիչ գանձման ենթակա 52.949.380 դրամի հարկային պարտավորություն, որից հարկի գումար` 25.691.053 դրամ, տույժեր` 11.793.689 դրամ, տուգանք` 15.464.638 դրամ»:
ՄԻՆՉԵՎ ՉԸՆԴՈՒՆԵՆ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, պատասխանելով հարցին, թե ինչու որեւէ առաջարկ չեն ներկայացրել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին, Armlur.am-ին ասել է. «Քանի դեռ մեր առաջարկներն ընդունված չեն, մենք բովանդակային քննարկման մեջ չենք մտնի: Մենք առաջարկություններ ենք արել դեռեւս անցած տարվանից եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Արդեն խիստ կասկածում ենք, որ սա իշխանության վերարտադրության համար նոր մեխանիզմ է»: