ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ armlur.am-ի

2011 թ.-ից Երեւանի Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Ս. Աստվածածին Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ ընթանում էր Սուրբ Աննա եկեղեցու եւ կաթողիկոսարանի երեւանյան նստավայրի կառուցումը: Եկեղեցին եւ հայրապետական նստավայրը կառուցվում էր Միացյալ Նահանգներում բնակվող բարերարներ տեր եւ տիկին Հրայր եւ Աննա Հովնանյանների հովանավորությամբ: Երեկ՝ շինարարության մեկնարկից միայն 3 տարի հետո, տեղի ունեցավ սուրբ խաչի օծման արարողությունը: Նախատեսվում է, որ այսօր Սերժ Սարգսյանը նույնպես կայցելի նորակառույց նստավայր:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ունեմ ժամկետանց վարկ, 4 տարի վճարել եմ: Վերջին 1 տարին մուծում չեմ կատարել: Բանկից այս 1 տարվա ընթացքում ոչ մի ծանուցում չեմ ստացել: Գնացել եմ բանկ՝ տեղեկանալու՝ որքան է պարտավորություններիս չափը, ինձ տեղեկացրին, որ մնացած գումարի կրկնապատիկին գումարվել են տույժ եւ տուգանքներ: Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք բանկը իրավունք ուներ առանց ծանուցում ուղարկելու այդ չափի տուգանքներ կիրառել:

Մարտին Առաքելյան (46 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղ.օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: ՀՀ քաղ.օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ, որոնք հաշվարկվում են կետանցի օրվանից մինչեւ պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ ԿԲ-ի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Սույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Վարկային պայմանագրից բխող վճարումները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում կետանցի օրվանից մինչեւ պարտավորության դադարման օրը հաշվարկվում են ՀՀ ԿԲ-ի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով, որը տվյալ պահին կազմում է 12%:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք՝ երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում եւ ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Ողջամիտ ժամկետում չկատարված պարտավորությունը, ինչպես նաեւ՝ այն պարտավորությունը, որի կատարման ժամկետը որոշվում է պահանջի պահով, պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:

 

 

 

 

ՀԱՐՑ. Սոցիալապես անապահով ընտանիք ենք: Երկու երեխաս դպրոց են հաճախում, սակայն մենք դասագրքերի համար հատկացված գումարները դեռեւս չենք վճարել: Որքանով որ տեղյակ եմ՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար որոշակի արտոնություններ են սահմանված: Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք նպաստառու ընտանիքների երեխաների համար սահմանված են որոշակի արտոնություններ, եւ եթե այո, ապա նրանց անվճա՞ր պետք է տրամադրվեն գրքերը:

Հայկանուշ Սարգսյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Յուրաքանչյուր դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ կազմվում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ցուցակ, որը հաստատվում է մանկավարժական եւ ծնողական խորհուրդների համատեղ նիստում: Նշված ցուցակում ընդգրկված երեխաներին տրամադրում են անվճար կամ որոշակի զեղչով դասագրքեր:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է՝ սոցիալապես անապահով ընտանիքները կարող են օգտվել որոշակի արտոնություններից, սակայն, ինչպես միշտ, այս դեպքում տնօրեններն օժտված են «անսահմանափակ» լիազորություններով, որոնք ինչպես ուզում, այնպես էլ տնօրինում են սահմանված կարգը, իսկ արդյունքում իսկապես օգնության կարիք ունեցող նման ընտանիքներն են տուժում:




Լրահոս