Մայրաքաղաքում շարունակվում են քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով նախատեսված աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ արդեն ասֆալտապատվել է 1մլն 800 հազ. քմ ճանապարհ, զուգահեռ իրականացվել են նաև 330.000 գծամետր ճաքալցման աշխատանքներ: Տարեկան ծրագրով արդեն ավարտվել են նաև յոթ վերգետնյա անցումների կառուցման և շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է հսկողություն սահմանել փողոցների, ուղեանցերի ու կամուրջների տարածքների հիմնանորոգման և փոսալցման գործընթացի որակի և աշխատանքների իրականացման ժամկետների նկատմամբ: Ճաքալցման աշխատանքների ամենամյա ծավալները հաշվի առնելով, հանձնարարվել է 2013թ-ի նախատեսվող աշխատանքներում ներգրավել նաև այլ կազմակերպությունների:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները:
Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքն ու որակը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կառուցապատման ենթակա տարածքների կառուցապատողների կողմից դադարեցված շինարարական աշխատանքները չշարունակելու փաստով պայմանավորված, Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված ժամկետները սպառած չորս տասնյակից ավելի կազմակերպությունների մասով պատրաստվել է առաջարկություն: Զեկուցվել է նաև, որ օրենքով և պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմքով “Վիզկոն” և “Նարեկգրադ” ընկերություններին տրամադրված հողամասերի նկատմամբ արդեն դադարեցվել են իրավունքները: