ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ՇՈՒՆԸ
Տարեց իտալուհին իր ամբողջ ունեցվածքը՝ 2 մլն եվրո արժողությամբ, կտակել է սիրելի շանը: 84-ամյա կնոջ այս որոշման մասին հայտնել է նրա փաստաբանը: Կտակի համաձայն` Կիկո անունով շան տիրուհին թողել է երկու բնակարան, մի քանի հողակտոր, ինչպես նաեւ իր բանկային հաշիվները: Փաստաբանի խոսքով` կինն այս որոշումը կայացրել է ամուսնու մահվանից հետո: Իտալական օրենսդրության համաձայն` տնային կենդանիներին թողած ժառանգությունն իրավական ուժ չունի: Կտակողը պետք է նշանակի նաեւ իր կամակատարին: Վերջինս պետք է ապահովի կենդանու արժանի գոյությունը մինչ կյանքի վերջ: Իտալուհին որպես կամակատար նշել էր իր փաստաբանին:
ՀԱՎԵՐԸ՝ ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ
Արգենտինայի առաջնության շրջանակներում կայացած «Կիլմես»-«Ռիվեր Փլեյթ» հանդիպման երկրորդ խաղակեսին խաղադաշտում հայտնվել են «Ռիվեր Փլեյթ»-ի գույներով հավեր եւ աքաղաղներ: Նշենք, որ «Ռիվեր Փլեյթ»-ի ֆուտբոլիստներին հավ են անվանում դեռ 1966-ի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչի պատասխան հանդիպումից, երբ ակումբի ֆուտբոլիստները «Պենյարոլ»-ի հետ պայքարում հեշտությամբ բաց թողեցին երկու գնդակի առավելությունը:
ՓՆՏՐՈՒՄ Է
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը համացանցի միջոցով տան աշխատող է փնտրում: Նոր աշխատողը պետք է կարողանա խնամել անտիկ ու թանկարժեք իրեր: Թափուր աշխատատեղի մասին հայտարարությունը տեղ է գտել Անգլիայի թագավորական տան պաշտոնական կայքում: Այս աշխատատեղը զբաղեցնողը շաբաթվա ընթացքում միջինը պետք է աշխատի 40 ժամ: Սկզբնական աշխատավարձը տարեկան 14,2 ֆունտ սթերլինգ է (22 700 դոլար): Ընդ որում, գործատուն իր կողմից ապահովում է սնունդը եւ կեցությունը: