ԷԿՈՆՈՄԻԿԱՆ ՍԿՍԵԼ Է ՇՐՋԱԳԱՅԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը երկար  փնտրտուքներից հետո գտավ տնտեսության աղետալի վիճակի պատճառը: Մի շտապեք կռահել. ո՛չ տնտեսության մոնոպոլիզացիան է, ո՛չ դրամավարկային սխալ քաղաքականությունը եւ ո՛չ էլ կառավարության տնտեսական պատասխանատուների թերի գործունեությունը, այլ այն, որ մինչ այժմ Էկոնոմիկայի նախարարները չէին  այցելում ձեռնարկություններ: Եւ այժմ այդ  հարցը այլեւս լուծված է: Նորանշանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը  երեկվանից այցելում է Հայաստանի տարածքում գործող արտադրական ձեռնարկություններ, եւ մոտ ապագայում սպասեք արդյունաբերության արտադրանքի  աճի եւ ՀՆԱ-ում արդյունաբերության տեսական կշռի ավելացում: Իսկ մինչ «շրջագայելը», Տիգրան Դավթյանը հրավիրել էր ասուլիս  եւ թերեւս նախորդ պաշտոնի`  Ֆինանսների նախարարի դիրքերից հիշեցրեց, որ դեմ է արտահայտվել «Նաիրիտ»  գործարանին վարկ տրամադրելու համար պետական երաշխիքներ ապահովելուն: Երբ տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ էր, իսկ շինարարության ոլորտը էլ ավելի խորը, պետությունը բանկերին պետական երաշխիքներ  տրամադրեց, միայն թե մասնավոր շինարարական կազմակերպություններին  նույն այդ բանկերը վարկեր հատկացնեին: Իսկ շուրջ 3000 աշխատող ունեցող «Նաիրիտին» չի հասնում պետական երաշխիքներ: Վերոհիշյալ  ասուլիսի ընթացքում Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է նաեւ վերջերս  ահագնացող եւս մեկ երեւույթ` Հայաստանից Վրաստան  կապիտալի արտահոսքի մասին: «Դա նորմալ երեւույթ է զարգացող եւ փոքր տնտեսություն ունեցող երկրների համար», նշել է նախարարը` ձեռքի հետ  «մի 100 գործարարի» աննշան համարելով: Իսկապես «զարգացող», «ճգնաժամից ավելի ուժեղ դուրս եկած», «դիվերսիֆիկացված տնտեսություն ունեցող» երկրի համար  100 գործարարը թիվ չէ:  Իրականում  անգամ կարեւոր չէ ճշտելու այս թիվը, քանզի միայն ծանոթանալով Գլենդել դարձած  մոտակա Քոբուլեթիում  արված հայկական ներդրումներին, կարելի է եզրակացնել, որ խոսքը շատ ավելի մեծ թվով գործարարների մասին է: Նաեւ հետաքրքրական է, որ միջին բիզնեսի կողքին կան նաեւ օլիգարխներ, որոնց մտերմությունը  իշխանությունների հետ կասկած չի հարուցում: Տիգրան Դավթյանը  նաեւ նշում է, որ երբ կապիտալը բավականին մեծանում է, եւ դրա  ծագման երկրում տարածքը նեղանում է, սովորաբար որոշակի ներդրումներ են կատարվում հարեւան երկրներում: Տնտեսագիտական առումով ճիշտ է, սակայն չմոռանանք, որ ոչ թե ավելացած միջոցներ են արտահանվում, այլ երկրի ներսում փակվում են արտադրական ծավալներ:  Խնդիրը միտման մեջ է: Հայաստանը ուներ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռ  աշխարհի բոլոր այն երկրների հետ, ում բախտ է վիճակվել մեզ հետ առեւտուր անել մինչեւ 2010 թվականը, Վրաստանը մնում էր այն հազվագյուտ երկրներից մեկը, որի  հետ արտաքին առեւտրի հաշվեկշիռը մեր օգտին էր: Այսինքն` մենք ավելի շատ էինք արտահանում տարատեսակ ապրանքներ Վրաստան, քան` ներմուծում: Բայց դե հայրենի իշխանություններն ի վերջո «տեսան» այդ բացը եւ մի այնպիսի հարկային ու մաքսային տեռոր սկսեցին իրականացնել  գործարարների նկատմամբ, որ առավել խելամիտները որոշեցին արագորեն բիզնեսը տեղափոխել Վրաստան: Արդյունքում, առեւտրի հաշվեկշիռը այլեւս  Վրաստանի օգտին է եւ ամենայն հավանականությամբ առաջիկա տարիներին է՛լ ավելի կամրապնդվի:  Իսկ մենք շարունակում ենք հաջողությամբ խստացնել հարկային վարչարարությունը:ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս